Ալիևը երես առած երեխայի պես է պահում իրեն. ԱԺ պատգամավոր | Region

Ալիևը երես առած երեխայի պես է պահում իրեն. ԱԺ պատգամավոր

Մարտ 20,2024 13:00

«Խորհրդային սահմանը որպես պետական սահման վերարտադրելու դեպքում լուրջ խնդիրներ են ունենալու և՛ Հայաստանը, և՛  Ադրբեջանը: Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգտում մի քայլի, որը վնաս է բերելու նաև իրեն, իսկ գուցե Ադրբեջանը մտածում է, որ լինելու է միայն միակողմանի զիջում»: REGIONSTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նրա խոսքով՝ եթե պատերազմի վտանգ կա, միջազգային բոլոր հարթակներում պետք է թմբկահարել, որ Բաքուն փորձում է հարց լուծել ուժի սպառնալիքով:

«Խիստ անընդունելի է այն հիմնավորումը, որ եկեք մենք հետ քաշվենք, իրենք տեսնեն, որ մենք հետքաշվող ենք, հետո իրենք կվերադարձնեն մեր տարածքը: Եթե Ադրբեջանի ցանկությունն իրոք սահմանի վերականգնումն է, և հայկական կողմն էլ ասում է, որ իրենք հետ են քաշվում, կարող են շատ հանգիստ նստել բանակցային սեղանի շուրջ, որոշել, թե որ օրն են երկուստեք հետ քաշվում դիտորդների ներկայությամբ»,-նշեց Նազարյանը:

Հակառակ դեպքում, պատգամավորի խոսքով, ամեն զիջումից հետո Ադրբեջանը գալու է նոր պահանջներով. «Արդեն անկլավներ են ուզելու, հետո հիշելու են մի ուրիշ պատմություն, այսպես պետություն չեն ղեկավարում, սա այն թեման չէ, որ Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունի. ուղղակի Ալիևը երես առած երեխայի կերպարով է հանդես գալիս, եթե մենք բավարարում ենք Ալիևի քմահաճույքները, էլ միջազգային դիվանագիտական հարաբերություններն ինչի՞ համար են»:

«Ես ուղղակի համոզված եմ, որ Ալիևի համար սա հերթական առիթն է՝ ճնշում գործադրելու և հայ ժողովրդին բարոյապես ընկճելու համար: Եթե Ադրբեջանը սպառնում է կամ պատերազմի ակնարկ է անում, դա պետք է դառնա միջազգային սկանդալ»,-հայտարարեց Նազարյանը:

Նորություններ