«Նրա խոսքն արժեքների մասին է». Ն. Գրիգորյան | Region

«Նրա խոսքն արժեքների մասին է». Ն. Գրիգորյան

Մայիս 06,2024 12:05

Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԵՐԱՀՈՏԸ

Նրա կոչը ՀԱՆՈՒՆԱԿԱՆ է, Նրա խոսքն արժեքների մասին է, փրկության, արդարության ու արժանապատվության մասին է, միասնության, համերաշխության, պետության ու պետականության մասին է:

Երկու օր առաջ գրառում էի արել Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի մասին, գրելով՝
Արժանապատիվը՝ Բագրատ Տավուշեցին;
Տավուշ աշխարհի Տահույսը, Տաուժը, Տալույսն ու Բացառիկը:
Բոլորիս համար ժամանակ, խոսք, գորով, հույս, օրհնանք ու սեր գտնողը:
Անընդհատ վերնագիր եմ փնտրում, որ մի քանի բառով ներկայացնեմ շատ շատերի համար սիրասուն ու հերահոտ Արքեպիսկոպոսին…

Եթե չեք կարդացեել, կարող եք հետևել իմ էջին, իսկ կարդացածներից ոմանք, ցավոք, ոնց որ շատ էին, հարցնում էին՝ ինչ է նշանակում հերահոտ:

Մենք Սրբազանի հետ օրերով-ամիսներով շատ ենք զրուցել ամենատարբեր թեմաներով՝ պատմությունից, կրթությունից, գրականությունից, Աստվածաշնչից ու շատ հաճախ՝ մեր էպոսից: Հիշում եք՝ որբ մնացած Դավիթը հաճախ էր Ձենով Հովանին՝ իր հորողբորն, ասում՝ հերահոտ հորողբեր, այն է հոր տեղ, հոր համ ու հոտ տվող, հերություն անող: Կարծես թե բացատրեցի՝ ինչու եմ գրել շատերի համար սիրասուն ու հերահոտ Արքեպիսկոպոս:

Հիմա վերադառնամ Ձենով Հովանին, որը մեր Էպոսի առանցքային հերոսներից է, ազգի ինքնության, արդարության, իմաստության, փորձի, հզորության ձայնն է, օժտված Կաթնաղբյուրի անդիմադրելի զորությամբ: Ձենով Հովանը նախնիների կանչի խորհրդանիշն է: Ես նրան, իմ մասնագիտությունից ելնելով, կոչում եմ ազգային ազդարարման համակարգ., որը դժվարին, օրհասական պահերին, կողք կողքի կռվելուց զատ, ազդարարում-իրազեկում-հուշում-հիշեցնում- դարձի բերում ու փրկում է մեր հերոսներին, նրանց շնորհիվ՝ մեր երկիրը: Ձենով Հովանը յոթ գոմշի կաշի է փաթաթում մարմնին, որ իր հզոր ձայնից կտոր կտոր չլինի. Ձայնս գնում է աշխարհե աշխարհ, անցնում քառասուն օրվա ճանապարհ:
-Հիշիր, Դավիթ, հիշիր՝ ով ես դու, հիշիր արմատներդ, ինքնությունդ, հիշիր, որ դու առյուձաձև Մհերի որդին ես, հզորազոր Սանասարի թոռը, հիշիր Մարութա Սուրբ Աստվածածին վանքը, Տեր Կենդանին ու Խաչ Պատերազմին, որ կա քո աջ բազկին, հիշիր ծովի խորքերից ելած Քուռկիկ Ջալալիին, քո թուր Կեծակին:
Հիշիր՝ երբ հիշում ես քո ինքնությունը, քո հավատն ու առաքելությունը, լսում ես քո նախնիների կանչը, դու հզոր ես ու անպարտելի:

Հիմա Սրբազանը մեր Ձենով Հովանն է, մեր նախնիների կանչը, մեր ինքնության ու փրկության հուշարարը, մեր հավատի ու առաքելության սպասավորը, արդարության աննահանջ մարտիկը՝ Կաթնաղբյուրի անդիմադրելի զորությամբ:

Նրա ձայնն ուղղված է քառսուն գազ խորությամբ հորում, մետաղե ցանցի ու ջաղացի քարերի տակ, գտնվող, հույսները կտրած, հավատները կորցրած, իրենց ինքնությունն ու կարողությունները մոռացած ԴԱՎԻԹՆԵՐԻՆ, հուսահատված ու աշխարհից խռոված, քարանձավներում փակված ՄՀԵՐՆԵՐԻՆ, տո հենց ցռան Վերգոներին: Նրա կոչը ՀԱՆՈՒՆԱԿԱՆ է, Նրա խոսքն արժեքների մասին է, փրկության, արդարության ու արժանապատվության մասին է, միասնության, համերաշխության, պետության ու պետականության մասին է»:

Նորություններ