Լողանալու տարրական պայմաններից զուրկ են. Գեղամասարում հաստատված արցախցի ընտանիքի խնդիրները | Region

Լողանալու տարրական պայմաններից զուրկ են. Գեղամասարում հաստատված արցախցի ընտանիքի խնդիրները

Հունիս 24,2024 15:26

Մահմուդ և Գայանե Իսրայելյանների ընտանիքը տեղահանվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից։

Ամուսինն աշխատել է Դրմբոնի ոսկու հանքավայրում։ 2023 թվականին բռնի տեղահանվել են, մեկնել են Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Հայաստան, ժամանակավոր ապաստան են գտել Գեղամասար գյուղում։ Երեխաներին մեքենայով գյուղապետն է բերել, 20 օր հետո ինքն է կարողացել գալ։

«Չենք հասցրել երեխաների ծննդականները վերցնենք, այսօր այդ գործով էինք գնացել, որպեսզի կարողանան գրանցվել Հայաստանում».- պատմում է կինը՝ Գայանե Իսրայելյանը։

Երկու անչափահաս դուստրերի՝ 15-ամյա Էլզայի, 14-ամյա Աննայի  հետ, ամուսինները բնակվում են մեկ սենյականոց տանը, որտեղ խմելու ջրի խնդիր ունեն։

«Ջուրը դույլով հարևանի տնից ենք բերում, բաղնիքի խնդիր ունենք»,- պատմում է Մահմուդը։ Լոգանք ընդունելու տարրական պայմաններից զուրկ են:

Ապրում են պետության տված դրամական աջակցությունով, բայց դա չի բավականացնում, թեև Երևանում բնակվող տանտերը վարձավճար չի վերցնում։

Վառելափայտ ու անասնակեր նախկինում հատկացրել են, բայց այս տարի արդեն իրենք պետք է գնեն։ Գումար դեռ չկա, որ վառելափայտ գնեն։ Ստացած գումարը բավարարում է միայն սննդի, երեխաների կարիքները հոգալու համար։

«2 կոպեկ են տալի, անջաղ ալյուր եմ առնում, ուտելու եմ առնում, յոլա գնանք։ Ցախը համեմատաբար էժան է, բայց չեմ կարող գնել»,-շարունակում է ընտանիքի հայրը։

Ոչխարներ ունեն, դա էլ են հատկացրել։ Պահում են տան մոտ գտնվող այգում, որտեղ խոտն առատ չէ, անասնակերի խնդիր նույնպես ունեն։

«Վորլդ Վիժն» կազմակերպությունից ստացել են օգնություն՝ հեռուստացույց, ջեռոց ու լվացքի մեքենա։

Երեխաները 10-րդ և 9-րդ դասարան են հաճախելու նոր ուսումնական տարում։

Հիմա, եթե առաջարկ ստանա, կտեղափոխվի Վարդենիս։ Այն ժամանակ առաջարկում էին այնտեղ ապրել, բայց քանի որ աշխատանք չուներ, մտածել է, որ գյուղում անասնապահությամբ կզբաղվի։

 

Հարություն Հարությունյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ