Մեր մասին | Region

Մեր մասին

Regionstv.am կայքէջը գործարկվել է 2024թ.-ին: Լրատվամիջոցը հիմնադրվել է անկախ, արհեստավարժ ու բազմափորձ մասնագետների կողմից, որի հիմնական կորիզը ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակազմից է:

Regionstv.am կայքէջը օգտատերերին կներկայանա նոր ձևաչափով՝ պահպանելով անկախության և օբյեկտիվության կարևոր սկզբունքը, մատուցելով միայն բարձրակարգ տեսանյութեր ու հաղորդումներ, նաև անկողմնակալ, հավաստի տեղեկատվություն:

Նախորդ տարիների աշխատանքային գործունեության ընթացքում մեր կառույցը, համագործակցելով մարզային մի քանի հեռուստաընկերությունների հետ, նախագծեր է իրականացրել ՀՀ որոշ մարզերում, լուսաբանել բոլոր այն խնդիրները, որոնք տասնամյակներ ի վեր անտեսված են եղել: Այդ նախագծերը հաջողությամբ իրականացնելուց հետո միտք հղացավ հիմնադրել Regionstv.am կայքէջը, ձեռնամուխ լինել նոր նախագծերի իրականացման գործին, ինչը հնարավորություն կտար ընդգրկել բոլոր մարզերը, առավել մեծ ծավալով և ինտենսիվությամբ լուսաբանել մարզերի բնակիչներին հուզող խնդիրները, լրացնել տեղեկատվական բացը՝ ընդլայնելով գործունեության ոլորտներն ու աշխարհագրությունը:
Մեր աշխատակազմը ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաքում նախագծեր իրականացնելու, հատուկ տեսանյութեր ու ֆիլմեր նկարահանելու մեծ փորձ ունի, և այդ գործընթացը շարունակվելու է ավելի կատարելագործված մեթոդներով՝ նոր ձևաչափերով նախագծեր կյանքի կոչելով: Կարևորվելու են հատկապես լրջագույն խնդիրները վեր հանող հատուկ տեսանյութերն ու տեսաֆիլմերը, վերլուծական նյութերը, տվյալ ժամանակահատվածի կարևորագույն իրադարձությունների լուսաբանումները, խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծմանը հասնելու հետևողականությունը:

Regionstv.am-ի աշխատակազմը բազմիցս անդրադարձ է կատարել նաև Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրներին՝ տեղահանման առաջին օրվանից մինչ օրս, հատուկ տեսանյութեր է պատրաստել արցախցիներին առաջինը հյուրընկալած Կոռնիձորից, Գորիսից և այլ բնակավայրերից: Հետագայում մեր աշխատանքային խմբերը նկարահանումներ են իրականացրել ՀՀ տարբեր մարզերում, հանդիպել տարբեր համայնքներում հանգրվանած արցախցիներին, բարձրաձայնել նրանց խնդիրները՝ դրանք հասու դարձնելով պետական կառույցներին ու գերատեսչություններին, նաև բարեգործական կազմակերպություններին ու անհատ բարերարներին:
Անկախ գործելաոճը, սկզբունքայնությունն ու խոսքի ազատության պաշտպանությունը լինելու է մեր գործունեության առանցքում: Մեր լրագրողներն ազատ են իրենց գործունեության մեջ, նրանք են ընտրում և լուսաբանում իրենց առաջարկած թեմաները՝ առանց խմբագրական կամ այլ միջամտության: Մենք կարևորում ենք ցանկացած դատողություն, և մշտապես ապահովելու ենք կարծիքների բազմազանությունը:

Regionstv.am-ը համագործակցում է տարբեր գործընկերների՝ տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ:

Նորություններ