Թшլիշներն ահազանգում են. Ադրբեջшնը թալիշակшն Լենքորшնը հռչակել է «թյուրքшկшն աշխարհի երիտասարդական մայրաքաղաք» | Region

Թшլիշներն ահազանգում են. Ադրբեջшնը թալիշակшն Լենքորшնը հռչակել է «թյուրքшկшն աշխարհի երիտասարդական մայրաքաղաք»

Հունիս 16,2024 15:56

Ադրբեջանը կեղծում է պատմությունը, ոչնչացնում բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգությունը

Թալիշներն Ադրբեջանում պարբերաբար ենթարկվում են խտրականության և բռնաճնշումների

-Ոչ միայն թալիշերենին կարգավիճակ տալու մասին խոսք չի գնում, այլև նույնիսկ «թալիշ» եզրույթն է ակնհայտորեն արգելված

Ադրբեջանում մեկնարկել է  «Լենքորանը՝ թյուրքական աշխարհի 2024 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագիրը: Բացման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 10-ին Հեյդար Ալիևի հուշահամալիրում, որը գտնվում է Լենքորանի կենտրոնում: Կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, որոնց մասնակցել են թյուրքական պետությունների, դիտորդ երկրների ավելի քան 50 պաշտոնական ներկայացուցիչներ և երիտասարդներ:

Ադրբեջանական իշխանությունները, հաշվի չառնելով տեղի թալիշ բնակչության կարծիքը, թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարության առջև հանդես են եկել պատմական Թալիշական տարածաշրջանի վերաբերյալ առաջարկով:

Հիշեցնենք, որ «Թալիշ երիտասարդական միության» ղեկավարությունը որոշել է հանրագրի տեսքով իր բողոքն արտահայտել և կոչ է անում թալիշ ժողովրդի ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Էթնիկ ազգայնականության, այլատյացության և ռասիզմի դրսևորումների նկատմամբ, աջակցել այն նախաձեռնությանը, որն ուղղված է թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարությանը՝ խնդրելով մերժել Լենքորան քաղաքը «թյուրքական աշխարհի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» կոչելու նախաձեռնությունը: Ամբողջ աշխարհի թալիշները խնդրագիր են ստորագրում այդ իրադարձության դեմ, քանի որ տվյալ միջոցառումը համարում են էթնոցիդ և թալիշ ժողովրդի մշակութային ժառանգության խեղաթյուրում։  Թալիշ երիտասարդները, ի նշան բողոքի, սոցիալական ցանցերում թափ հավաքող ֆլեշմոբ են սկսել *#Lankaran_is_talysh* հեշթեգով

Դեռևս 2023 թվականի նոյեմբերին Թալիշական վերածննդի խորհրդի նախագահ, Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի հանձնաժողովի անդամ Իսմայիլ Շաբանովը դիմել էր Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին, երբ նա սոցիալական ցանցերում հայտնել էր, որ թյուրքական պետական կազմակերպություններն ընդունել են Ադրբեջանի առաջարկը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Կարծում եմ, որ թալիշների պատմական մայրաքաղաք և երբեմնի խանության մայրաքաղաք Լենքորանի հռչակումը «թյուրքական աշխարհի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք», մշակութային ագրեսիայի ակտ է և Ադրբեջանի ղեկավարության ուծացման քաղաքականության մի մասն է իրանալեզու թալիշ ժողովրդի նկատմամբ։ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությանը դիմելն անօգուտ է։ Ուստի դիմում եմ ձեզ և ի դեմս Ձեզ՝ միջինասիական պետությունների թյուրք եղբայրներին ու ժողովուրդներին։ Մենք խոր հարգանքով ենք վերաբերվում թյուրքերի մշակութային ժառանգությանը։ Եվ կուզենայինք նույնպիսի հարգանք տեսնել ոչ թյուրք ժողովուրդների, այդ թվում՝ թալիշների մշակութային ժառանգության նկատմամբ։ Թալիշները հին հնդեվրոպական մշակույթի և քաղաքակրթության կրողներն ու ժառանգներն են։ Մենք չենք ցանկանում, որ որևէ մեկը ոտնձգություն կատարի մեր պատմության և մշակույթի նկատմամբ։ Ադրբեջանում թալիշների իրավունքները խախտվում են տարբեր մակարդակներով, թալիշներին զրկում են անգամ հեռուստատեսությունից։ Մի դարձեք Ադրբեջանի իշխանությունների ազգայնական քաղաքականության հանցակիցը, որոնք իրենց քաղաքականությամբ դանդաղ գործողության ռումբեր են դնում ողջ տարածաշրջանի տակ։ Լենքորանը չի կարող լինել թյուրքական աշխարհի երիտասարդական մայրաքաղաքը, քանի որ հնուց ի վեր այս տարածքը բնակեցված է իրանալեզու թալիշներով: Այդ ակտն ընդամենը Ադրբեջանի ղեկավարության կողմից կազմակերպված ֆարս է։ Այդ կապակցությամբ մենք պահանջում ենք վերանայել այս հարցը և որպես թյուրքական աշխարհի երիտասարդական մայրաքաղաք ընտրել թալիշ ժողովրդի հետ կապ չունեցող մեկ այլ քաղաք», – նշել է ի.Շաբանովը։

Ինչպես հայտնի է, Լենքորան քաղաքը վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում եղել է Թալիշ պատմական շրջանի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնը: Լենքորան քաղաքը Ադրբեջանի 2 միլիոնանոց թալիշ ժողովրդի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է։ Որպես Ադրբեջանի ոչ թյուրքական բնիկ ժողովուրդներից մեկը և հին պատմություն և հարուստ մշակույթ ունեցող իրանախոս ժողովուրդ՝ թալիշները պարբերաբար ենթարկվում են խտրականության և բռնաճնշումների՝ Էթնիկ ազգայնականության, այլատյացության և ռասիզմի հողի վրա, ներառյալ թալիշ ակտիվիստների ձերբակալությունները, իսկ երբեմն էլ սպանությունները: Չնայած վերջին տասնամյակների ընթացքում պետական իշխանության մարմիններին ուղղված բազմաթիվ դիմումներին, թալիշներին պետական մակարդակով չեն ապահովում մայրենի լեզվով ռադիոյի, հեռուստատեսության, այլ լրատվամիջոցների հասանելիություն, իսկ սեփական ֆինանսական միջոցների հաշվին անկախ նախաձեռնություններ առաջ քաշող ակտիվիստները քննադատության են ենթարկվում: 2017 թվականից տարրական դպրոցներում թալիշերենի դասավանդումը կրճատվել է շաբաթական երկու ժամից մինչև մեկ ժամ՝ թալիշերենի ուսուցիչների պատրաստման կենտրոնների բացակայության պատճառով, որը պաշտոնական լեզու է: Թալիշերենի դասագրքերը չեն տպագրվել արդեն մի քանի տարի, ինչը վկայում է առնվազն վերջին տասնամյակում դասագրքերի պակասի մասին: Ոչ միայն թալիշերենին կարգավիճակ տալու մասին խոսք չի գնում, այլև նույնիսկ «թալիշ» եզրույթն է ակնհայտորեն արգելված։

Ադրբեջանում թալիշ ժողովրդի մշակութային արժեքների յուրացման գործընթաց է ընթանում։ Մասնավորապես, մի քանի տարի առաջ Մասալլի քաղաքում անցկացվել է  «թյուրքական ժողովուրդների բանահյուսության փառատոն», իսկ անցյալ տարի Լենքորանում՝ «ադրբեջանական խոհանոցը որպես թյուրքական խոհարարական մշակույթի մարմնացում» փառատոնը, որտեղ թալիշական բանավոր ժողովրդական արվեստի և թալիշական խոհարարության նվաճումները ներկայացվել են ադրբեջանա-թյուրքական մշակույթի մաս:

Բացի այդ, Ադրբեջանում, որտեղ մահմեդականների գրեթե 70 տոկոսը շիաներ են, միշտ խախտվել են մուսուլմանների և կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Երկրի բանտերում այսօր գտնվում է 23 հազար մարդ։  Այդ երկրում կալանքի տակ է գտնվում շուրջ 7 հազար հավատացյալ, որոնց մեծ մասը շիաներ են: Ադրբեջանում շիաների դեմ ամենազանգվածային բռնաճնշումները իշխանությունները ծավալել էին անցյալ տարվա հունվարին։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 650 շիա, այդ թվում՝ 14 աստվածաբան։   Կալանքի տակ են գտնվում «Մահմեդական միասնություն» շարժման 73 ակտիվիստներ՝ նրա առաջնորդ Հաջի Թալե Բագիրզադեի գլխավորությամբ, որը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: TolishMedia-ն հայտնում է, որ 2023 թվականի փետրվարի 1-ին թմրանյութ պահելու մեղադրանքով ձերբակալված շիա կրոնական գործիչ Հաջի Սեյրան Ռզաևը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: 

Ադրբեջանում մզկիթները հաճախ փակ են կամ ամբողջովին լքված։ Դպրոցներում արգելվում է բարձրախոսով աղոթքի կոչ հնչեցնել, կրոնական բովանդակությամբ պաստառներ փակցնել, հիջաբ կրել: Լենքորանի՝ թյուրքական աշխարհի «երիտասարդական մայրաքաղաք» հռչակումը պատմությունը խեղաթյուրելու և թալիշների մշակութային ժառանգությունը ոչնչացնելու փորձ է: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ նրանք արդեն գրանցված են որպես թյուրքեր և զուրկ են պատմությունից, թալիշներն այլ երկրներում ազատ են պահպանելու իրենց ազգային ինքնությունը, մշակույթն ու ավանդույթները:

Ադրբեջանը, որը չունի իր մշակույթը, ոչնչացնում է թալիշ ժողովրդի մշակութային ժառանգությունը և կեղծում պատմությունը։ Բացի այդ, խեղաթյուրում է տարածաշրջանում ապրող ժողովուրդների, այդ թվում ՝ հայ ժողովրդի պատմությունը։ Բաքուն ջնջում է հայկական ինքնությունը օկուպացված տարածքներում, ոչնչացնում կամ յուրացնում է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը։ Անպատժելիությունն է, որ թույլ է տալիս Ադրբեջանին մշակութային ցեղասպանության քաղաքականություն վարել հայկական քաղաքակրթության և տարածաշրջանի մյուս ժողովուրդների դեմ:

.

Զաբելա Ավագյան

 

Նորություններ