Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին. օրենսդրական նոր նախաձեռնության ռիսկերը | Region

Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին. օրենսդրական նոր նախաձեռնության ռիսկերը

Հունիս 25,2024 16:57

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է 50 քառ. մետրից մեծ սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի, բենզալցակայանների մուտքերին ու շինությունների մյուս հատվածներին տեղադրել տեսախցիկներ և դրանք պարտադիր դարձնել օրենքով։

Անձնական տվյալների պաշտպանության և մեդիա փորձագետներն անհանգստացած են. ասում են, որ այս օրենքը մի շարք ռիսկեր է պարունակում և դրա ընդունմամբ Հայաստանի քաղաքացիների իրավունքները կոտնահարվեն:

Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, Երևանում, օրինակ, գրեթե ամբողջ քաղաքն ընկնում է տեսախցիկների հսկողության տակ։ Ընդ որում, պետությունը պարտադրում է, որ այդ տեսախցիկները տեղադրեն մասնավորները ու դրանց տրվի 24/7 օնլայն ռեժիմով մուտք Ներքին գործերի նախարարության ՊՈԱԿ-ին։ Այսինքն, փաստացի ստացվում է, որ ամենը կենտրոնացված մեկ կետից, ամբողջությամբ անընդհատ վերահսկվելու է, ինչը անվտանգային խնդիրներ է պարունակում:

«Մի՛ սպասեք, որ տեսախցիկները տեղադրվեցին, միանգամից հանցագործությունների քանակը նվազելու է։ Էստեղ հարցը ուրիշ տեղ է, պետությունը պարտադրում է տնտեսվարողներին ներդնել ահռելի քանակի տեսախցիկներ, բայց մենք բացարձակ ոչ մի երաշխիք չունենք, որ դրանք տեխնիկապես ճիշտ կվերահսկվեն: Իսկ մենք դրա փորձն ունեցել ենք, թե ինչպես էին ադրբեջանցիները տեսախցիկներով մարդկանց տները ներխուժում: Հիմա այդ վտանգը տասնապատկվելու է»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը և ավելացնում. «Փաստացի, անվտանգությունից ելնելով, ինչ որ բան է արվում, չապահովելով դրա անվտանգությունը։ Քաղաքացիները անընդհատ տեսագրվելու են, այսինքն բոլոր անմեղ քաղաքացիներին անընդհատ հետևելու են ինչ որ մարդիկ, ՆԳՆ-ն»։

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, առաջ է գալիս այն հարցը, թե ո՞վ է վերահսկելու վերահսկողներին, այսինքն չկան այն հստակ երաշխիքները, որ, օրինակ, պետությունը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, չի օգտագործելու այդ տեղեկատվությունը: Օրինակ, չի հետևելու լրագրողներին, որ բացահայտի նրանց աղբյուրները։

«Ո՞րն է երաշխիքը, որ կոռուպցիոն ռիսկեր չեն լինի, այսինքն որևէ չինովնիկ չի օգտագործի տեսախցիկների ինֆորմացիան իր կնոջ սիրեկանին գտնելու համար, առավել ևս, որ Հայաստանի պատմության մեջ ես հիշում եմ նման դեպքեր, որ տեսախցիկների մասնավոր նկարահանումներն ինչ որ մարդիկ մասնավոր կերպով ստանում էին և հանրայնացնում»,-շեշտում է մեդիա փորձագետն ու ավելացնում. «Ու դա ոչ մի իրավական հետևանք չի էլ ունեցել երբեք, այսինքն մենք այդ ակնհայտ չաշխատող մեխանիզմներն ունենք, և կուզենայինք տեսնել այդ երաշխիքները»։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Արթուր Պապյանը որքան տեղյակ է, օրենսդրական այս փաթեթը չի քննարկվել անվտանգային խնդիրներով զբաղվող մասնագետների շրջանում:

«Ես շատ մանրամասն նայել եմ այս օրինագծի պատճառաբանություններն ու հիմնավորումները, և էնտեղ բավականին վտանգավոր հարցեր կան, այսինքն հղում կա «սմարթ-սիթի» հասկացությանը: Հայաստանում 2017 թվականից փորձեր են անում ներդնել էդ «սմարթ-սիթին», դրա հետ կապված որոշակի պայմանավորվածություններ կան չինական արտադրողների հետ, այսինքն խոսք է գնում Հայաստանում որոշակի սմարթ, արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման մասին»,-ասում է Արթուր Պապյանն ու ավելացնում. «Ամենամեծ խնդիրը, որ ես տեսնւմ եմ, այն է, որ Հայաստանը չի արտադրում տեսախցիկներ, չի արտադրում ցանցային սարքավորումներ, որոնցով այդ տեղեկատվությունը փոխանցվելու է։ Այսինքն, ամբողջ ցանցը կառուցելու համար մենք հույս ենք դնելու օտարերկրյա արտադրության սարքավորումների, տեխնիկայի վրա, և քանի որ մենք փոքր շուկա ենք, չեմ կարծում, որ լինելու է հնարավորություն վերահսկելու այդ ամբողջ, այսպես կոչված, մատակարարման ցանցը, այսինքն, թե ճանապարհին մինչև Հայաստան հասնելը այդ տարբեր սարքերի մեջ ինչ կտեղադրվի»։

Արթուր Պապյանը վստահ է, որ Հայաստանը չունի տեխնիկական կարողություն՝ վերահսկելու մատակարարվող ամբողջ տեխնիկասարքավորումները: «Մենք այն գնել ենք, և չգիտենք մեջը ինչ կա և հասկանալի էլ չէ, թե Հայաստանի, օրինակ, Ներքին գործերի նախարարությունից բացի, էլ ո՞վ դրան հասանելիություն կստանա»:

Բացի այդ, Արթուր Պապյանը համոզված է, որ նախատեսվում է օգտագործել արդեն մասամբ գոյություն ունեցող ցանցը և դա է համակցվելու նորի հետ:

«Մենք արդեն գիտենք, որ «սմարթ-սիթիի» պարկինգի տեսախցիկներն ուրիշ են, խաչմերուկները վերահսկողները՝ ուրիշ: Արդեն իսկ մենք անհամասեռ ցանց ունենք, տարբեր օպերատորների ցանցերով են դրանք տեղադրվել, այսինքն, մեծ հաշվով այս ամբողջ տեղեկատվության ահռելի ծավալը սպասարկվելու է տարբեր տեխնիկամիջոցներով և դա պաշտպանելը նշանակում է հսկայական ծավալի, տարբեր գործոնների հետ գործ ունենալ»,- վստահեցնում է Պապյանը և շեշտում. «Ես չեմ հավատում, որ կա այդպիսի տեխնիկական կարողություն՝ կենտրոնացված նման համակարգը պաշտպանելու համար, մանավանդ, եթե դա կա ու այդ մասին հայտարարվում է, ապա հասկանում ենք, որ ցանկացած օտարերկրյա լրտեսական կազմակերպության համար թիվ 1 խնդիր պետք է լինի դա կոտրելը, որովհետև, ասենք կոտրում ես մի պուճուրիկ խանութի արդեն հնացած կամերան, դրա միջոցով փորձելու ես հայտնվել ցանցում, շոշափել ցանցը։ Դու չես գնալու մի պաշտպանված տեղից կոտրելու ցանցը, բնականաբար, ոչ մի հակեր դա չի անում։ Սա նշանակում է, խնդիրներ ստեղծել»:

Ըստ փորձագետների, տնտեսվարողներին նման մեծ քանակի տեսախցիկների գնումներ պարտադրելը նրանց բիզնես-նպատակներից չի բխում, բիզնեսի ուսերին նոր բեռ է ավելանում, ու ըստ երևույթին, առանց լուրջ պատճառաբանության:

«Օրինակ սննդի կետը առանց ինտերնետի է գործում, բիզնես նպատակների համար ինքը դրա կարիքը չունի, բայց գրված է օրենքում, որ պարտավոր է ապահովել: Ես զարմանում եմ, որ տարբեր բիզնես, մասնագիտական խմբավորումներ չեն ահազանգում։ Դա նրանց համար հավելյալ ինչ որ հարկ է գոյացնելու»,-ասում է Արթուր Պապյանը:

Անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանի դիտարկմամբ, նախագիծն այս տեսքով պարզապես անընդունելի ու անթույլատրելի է, քանի որ դրանով քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության  իրավունքն է խախտվում։

«Ճիշտ պիտի վարվես, օրինականության սկզբունքը կանոններին հետևելն է: Կան անձնական տվյալներ, որ գաղտնիք են, կան, որ գաղտնիք չեն։ Օրինակ, ոստիկանությունը, ըստ նախագծի, հասանելիություն է ստանալու կամ իրավունք է ունենալու պահանջել ու ստանալ  շտապ օգնության մեքենայում եղած տեսահսկման համակարգերի ինֆորմացիան։ Իսկ բնակիչների բժշկական օգնության և սպասարկմանն առնչվող օրենքի համաձայն, միայն բուժսպասարկման դիմելու փաստը արդեն իսկ համարվում է բժշկական գաղտնիք»,-ասում է Գևորգ Հայրապետյանը և ավելացնում. «Հիմա ստացվում է, որ էս օրենքով, ընդհանրապես անտեսվում է այս տվյալի գաղտնիքի կարգավիճակը ու սա միջամտություն է, այո՛ մարդու զգայուն տվյալներին։ Մարդը կարող է շատ տեղեր մտնել, դեղատներից սկսած, այլ վայրերից վերջացրած, ու եթե խանութի վրա է տեղադրվելու տեսախցիկը, ապա 30 մ հեռավորությամբ դա արձանագրելու է այն, որ մարդը ենթադրենք գիշերով ուզում է ուրիշ տեղ մտնել: Այդ արձանագրածը 15 օր պահվելու է, դրան հասանեիություն են ունենալու իրավապահը և տնտեսվարողը: Այո՛, այստեղ կա ուղիղ ռիսկ մարդու զգայունության առումով։ Հասանելիություն այնպիսի տվյալների, որոնք զգայուն են մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից»:

Ընդհանուր հաշվով, ըստ փորձագետների, պետությունը ուզում է վերահսկելի դարձնել անհատների ու իրավաբանական անձանց բոլոր քայլերը ճիշտ այնպես, ինչպես օրինակ, քաղաքացիների բանկային հաշիվների հասանելիությունն ապահովվեց հարկայինի կողմից, որը ստացվեց, ու էլի հանրային ոչ մի լուրջ արձագանք տեղի չունեցավ:

Կարինե Կազարովա

Նորություններ