«Ձմռանը վազում եմ միայն շապիկով». Օլիմպիական ոսկու հավակնություն չունեցող գյումրեցի պապիկները | Region

«Ձմռանը վազում եմ միայն շապիկով». Օլիմպիական ոսկու հավակնություն չունեցող գյումրեցի պապիկները

Հունիս 30,2024 12:00

Գյումրու կենտրոնական զբոսայգում, որը հայտնի է «Գորկու սադ» անվանումով, ամեն առավոտ կարելի է տեսնել գյումրեցի պապիկներին, որոնք քայլում են, մարզվում, հիշում ու պատմում հին ու նոր պատմությունները։

Վրեժ Պետրոսյան

Վրեժ պապը գալիս է մարզվելու, առողջական վիճակը բարելավելու և ընկերներին տեսնելու համար, շեշտում է՝ օլիմպիական չեմպիոն չի ուզում դառնալ:

Իսկ ընկերների կողմից սիրված, յոգայի սիրահար վարպետ Աշոտն ուզում է, որ թոշակառուների համար պետությունը  պարի, առողջական, ճամփորդական խմբակներ ստեղծի, որ տարեցներն ավելի ակտիվ լինեն, տնից դուրս գան, զբաղմունք ունենան:

Վրեժ Պետրոսյանը ծնվել է 1944 թվականին, մասնագիտությամբ ճարտարապետ է: «Առողջական խնդիրներ ունենալուն զուգահեռ, որոշել եմ գալ այգի՝ մարզվելու և մաքուր օդ շնչելու, լավ ընկերներ ունեմ, ամեն ինչը վայելում ենք։ Այգում 2-ից 3 ժամ եմ լինում, օլիմպիական խաղերին չեմ նախապատրաստվում, ընդհանուր իմ առողջությունը կարգավորելու համար եմ մարզվում»,-նշում է Վրեժ պապը։

Աշոտ Մուսիկյան

Աշոտ Մուսիկյանը շարունակում է. «Ծնվել եմ անցած դարում, Սովետական Միությունում, սովորել եմ համարյա գերազանցիկ, արդեն 20 տարի գալիս եմ այգի, սկսել եմ վազքից, մեծ շրջաններով վազել եմ, մոտավոր 2 ժամ վազում էի ամեն օր։ Ամբողջ ձմեռ վազում էի միայն շապիկով։ Ինձ այգում շատ երեխաներ գիտեն, խորհուրդներ եմ տալիս՝ ինչպես ճիշտ մարզվեն»։

Ինչպես նշում է Աշոտ պապը՝ լավ կլիներ, որ այգում վազքուղիներ լինեին, վազելու տեղեր չկան, փոսերը շատ են, անձրևոտ օրերին ավելի դժվար է այգում քայլելը։ «Այգում բոլորս համարյա իրար գիտենք, ընտանիքի նման ենք դարձել, ուզում եմ, որ բոլորը գան այգի, մարզվեն, որ առողջ լինեն, մենք ծերացող պետություն ենք, մեզ պետք է միշտ մարզվել»։

Վրեժ Պետրոսյան

Աշոտ Մուսիկյան

Աշոտ Մուսիկյան

Աշոտ Մուսիկյան

Էդվարդ Կարոյան

Միքայել Սարգսյան

 

Նորություններ