ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում լարվածության աճը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի մերձեցման ֆոնին | Region

ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում լարվածության աճը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի մերձեցման ֆոնին

Մայիս 06,2024 20:51

– Որն է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության պատճառը:

– ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ։

Վերջին շրջանում հավաքական Արևմուտքի և Ադրբեջանի հարաբերությունները լարված են, հատկապես Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ: Փաստորեն, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի ավելի քան 120 հազար բնակիչների էթնիկ զտումը շոկի է ենթարկել եվրոպացիներին. նրանք այլևս չէին կարող աչք փակել այն իրողության վրա, թե ինչպես Ադրբեջանը լայնածավալ ագրեսիայի դիմեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։

Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում լսումներ անցկացվեցին Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հիմնական զեկուցող, պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենն իր ելույթում փաստացի մեղադրել էր Բաքվին Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները խափանելու մեջ: Օ’Բրայենը նշել է. «հայերը պետք է իմանան, որ կարող են ապրել Լեռնային Ղարաբաղում, և եթե նման որոշում կայացնեն, նրանք պետք է ստույգ տեղեկատվություն ստանան վերադարձի բոլոր հնարավորությունների մասին»: Նա նաև կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տրամադրելուն։ Նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ նախագահին արգելվում է առաջիկա երկու տարվա ընթացքում հրաժարվել «Ազատության պաշտպանության ակտի» 907 ուղղումից, որով արգելվում է ԱՄՆ կառավարությանը ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը:

ԱՄՆ պետքարտուղարությունը կտրուկ դեմ է արտահայտվել Ադրբեջանի գործողություններին և դիրքորոշումներին։  Մասնավորապես, պահանջել է հայերին վերադարձնել ԼՂ և դուրս բերել ռուս խաղաղապահներին: Վաշինգտոնի գործողությունները Բաքվում որակել են տրանսպորտային անվտանգության ապահովմանն ուղղված տարածաշրջանի երկրների ջանքերի խափանում՝ նշելով, որ ԱՄՆ-ն տարածաշրջանային տերություն չէ: Ընդգծել են, որ հենց Ադրբեջանն է երկար ժամանակ աջակցել ԱՄՆ-ին «Թալիբան» շարժման դեմ պայքարում, ուստի Օ’Բրայենի հայտարարությունը անբարյացակամ քայլ է: Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի հետ բանակցություններից: Իսկ ավելի վաղ Ադրբեջանն արդեն դադարել էր համագործակցել Երևանի հետ եվրոպական հարթակներում։ Այսպես, հոկտեմբերի վերջին տեղի չունեցավ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում, իսկ հոկտեմբերի սկզբին իսպանական Գրանադայում։ Ադրբեջանի նախագահն իր մերժումը բացատրում էր Ֆրանսիայի դիրքորոշմամբ, թե իբր Փարիզը զինում է Հայաստանին, ինչը նպաստում է Հարավային Կովկասում լարվածության աճին:

Պաշտոնական Բաքուն «պատասխանել» է ԱՄՆ-ի գործողություններին։ ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին մեկ ամսից ավելի գտնվում էր Ադրբեջանում, սակայն Իլհամ Ալիևի կողմից ընդունելության չէր արժանանում: Դեսպանին հաջողվել էր իր հավատարմագրերի պատճենը հանձնել երկրի ԱԳ նախարարին 2023 թվականի դեկտեմբերի 15-ին, և միայն հունվարի 18-ին Մարկ Լիբբին հավատարմագրերը հանձնեց Ադրբեջանի նախագահին ։

Ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը տեղի է ունենում Ադրբեջանի և Ռուսաստանի սերտ մերձեցման և համատեղ քաղաքական նախագծերին ակտիվ մասնակցության ֆոնին: Արևմուտքը սպասում էր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, բայց Ադրբեջանի գործողությունները ԼՂ-ում ՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ, փոխեցին ընկալումը: Արևմուտքի միջնորդությամբ բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելուց հետո մարդու իրավունքները և ժողովրդավարական նորմերը դարձան առանցքային հարցեր, ինչը պատժամիջոցների պատճառ դարձավ:

Օրերս ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել մի օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոց սահմանել Ադրբեջանի 44 պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության դեմ դաժան բռնաճնշումների հետ: Հավանական է, որ պատժամիջոցները կարող են ազդել Ադրբեջանի էներգետիկ հատվածի և ակտիվների վրա։ Անձնական պատժամիջոցները ազդու կլինեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Քանի դեռ Արևմուտքը կարծում է, որ Ադրբեջանը կարող է օգտակար լինել Հարավային Կովկասում որոշակի աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար, պետք չէ լուրջ պատժամիջոցներ սպասել երկրի քաղաքական ղեկավարության նկատմամբ:

Այնուամենայնիվ, օրերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հրաժարվել է մեկնել Շուշի: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել է. «հասկանալի է, որ վերադարձված տարածքները փոքր-ինչ տարբերվում են։ Այստեղ էլ ավելի մեծ կոորդինացիա է պետք։ Սակայն, ես չեմ ուզում մասնակցել որեւէ մեկի շոուին և գնալ ինչ-որ տեղ. երբ ժամանակը գա անելու, ես դա կանեմ»: Այս հակիրճ հայտարարության մեջ նշված է ԱՄՆ-ի վերաբերմունքը 2020 թվականին Արցախում տեղի ունեցածի նկատմամբ։ Դեսպանը, փաստորեն, ասում է, որ «վերադարձված տարածքները տարբերվում են», և այն, որ ԱՄՆ-ն ճանաչել է նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքներն «ազատագրելու» Բաքվի իրավունքը, ամենևին չի նշանակում, որ նա պատրաստ է ճանաչել Արցախի դեմ ագրեսիան և ամբողջական օկուպացիան: Եվ այն, որ Ալիևը հարցը լուծված է անվանում, պարզապես շոու է, որի հետ ԱՄՆ-ը մտադիր չէ հաշտվել։ Բաքվում հասկանում են, որ Շուշի մեկնել չցանկացող ամերիկացի, ֆրանսիացի և այլ դեսպանների դիրքորոշումը նշանակում է, որ ոչինչ դեռ ավարտված չէ և հակամարտությունը կարգավորված չէ:

ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև լարվածության պատճառով Բաքվում հիստերիա է սկսվել. ոմանք առաջարկում են խզել կապերը «հայամետ Ամերիկայի» հետ, իսկ քիչ առաջ  ամերիկացի կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Բաքվից կաշառք ստանալու համար: ԱՄՆ կոնգրեսական Հենրի Կուելյարը և նրա կինը մեղադրվում են ադրբեջանական երկու սխեմաների շրջանակում շուրջ 600 000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ:

ԱՄՆ-ում որդեգրել են Հայաստանի «ժողովրդավարացման» եւ Ռուսաստանից նրա տարանջատման ուղեգիծը։  Այստեղից էլ Սենատի ընդունած օրենքը և ամերիկացի պաշտոնյաների ու դիվանագետների բազմաբնույթ այցերը Երևան:

(Շարունակելի)

Զաբելա Ավագյան

Նորություններ