Հարևան երկրների փորձագետները՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ բողոքի ակցիաների մասին | Region

Հարևան երկրների փորձագետները՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ բողոքի ակցիաների մասին

Մայիս 22,2024 11:45

– «Սա համազգային շարժում է, և ես մեծ հույսեր ունեմ». Իսակ Յունանեսյան

– Մաքսիմ Վասկով. Ադրբեջանն օգտվում է Հայաստանի քաղաքական անկայունությունից:           

Հայաստանում շարունակվում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ձևավորումը: Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ամենակարևոր հանրահավաքը տեղի կունենա մայիսի 26-ին: Հետաքրքիր է, ինչպես են գնահատում հայաստանյան իրադարձությունները հարևան երկրներում։

Ադրբեջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, նույնիսկ 2020 թ.-ի պատերազմից սկսած և մինչ օրս տեղի ունեցող իրադարձությունները կապում են Ռուսաստանի հետ: Բաքվի քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Ազեր Գասիմովը հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում անցկացվող բոլոր ցույցերն ու հանրահավաքները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքի գործն են:

Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը ևս հայտնեց իր կարծիքը՝ նշելով. «բնականաբար, ես սա գնահատում եմ որպես ազգային շարժում, և իմ հույսերը կապում եմ հատկապես Բագրատ Սրբազանի հետ, որպեսզի ձերբազատվենք ազգակործան այս խմբակից: Իրանի իշխանությունները Հայաստանում ցույցերի մասին պաշտոնապես ոչ մի հայտարարություն չեն արել։ Բայց իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցները դրական են վերաբերվում այս շարժմանը և տարբեր մեկնաբանություններով արդարացնում են այն»: Քաղաքագետ Յունանեսյանը, մեկնաբանելով Գասիմովի հայտարարությունը, նշեց. «բնական է, որ այսօր այս իշխանության գոյատևումը Հայաստանում բխում է Ադրբեջանի շահերից, և նրանք փորձելու են, պաշտպանելով այս իշխանությունը, յուրաքանչյուր ազգային շարժում կապել Ռուսաստանի հետ»:

Միջազգային իրավունքի գծով իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին գրել է. «Իրանը չի միջամտում ոչ մի երկրի ներքին գործերին, բայց թույլ չի տա Բաքվին և Անկարային միջամտել Հայաստանի գործերին։ Պատմական բեկումնային պահին Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի իր ճակատագիրը որոշելու քաղաքացիական մեթոդներով»,-գրել է Քազեմին:

Անկարայի համալսարանի պրոֆեսոր Թողրուլ Իսմայիլը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի վարած քաղաքականության դեմ Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցերը, նշել է. «Հայաստանում սահմանների դելիմիտացիայի դեմ բողոքող ռևանշիստները չեն կարող նշանակալի արդյունքների հասնել: Փաշինյանը խաղաղություն է ուզում տարածաշրջանում, ամեն ինչին իրատեսորեն է նայում և առնվազն ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում Հայաստանի բնականոն գոյության համար»: Թուրք քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանը նույնպես հաշվի է առնում տարածաշրջանում առկա իրողությունները և փորձում է խուսափել Հայաստանի հետ կապված իրավիճակի սրումից, ուստի ներկա փուլում Հայաստանում բողոքի ակցիաներով շոշափելի ինչ-որ բանի հասնել հնարավոր չէ։ «Մենք տեսանք Ալմաթիի բանակցությունների դրական արդյունքները, ինչպես նաև Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները։ Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, և հակամարտությունը մեր տարածաշրջանում կմնա անցյալում։ Հանուն խաղաղության, տնտեսական կայունության և Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր երկրների ազգային անվտանգության, անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել. նախ, իհարկե, Ադրբեջանի հետ, իսկ հետագայում Թուրքիան կստորագրի խաղաղության պայմանագիր»,- եզրափակել է թուրք պրոֆեսորը:

Իր հերթին ռուսաստանցի քաղաքագետ Մաքսիմ Վասկովը, մեկնաբանելով բաքվեցի քաղաքագետի հայտարարությունը, ընդգծել է. «ադրբեջանական կողմն իր համար առավելագույն շահավետությամբ կօգտագործի Հայաստանում ստեղծված քաղաքական անկայունությունը։ Հայ ժողովրդին հուզող բոլոր խնդիրների համար Ռուսաստանին մեղադրելու փորձերի հետ կապված թեմատիկան հասկանալի է եւ բավականին կեղծավոր։ Այն, որ Հայաստանի հետ կապված բոլոր իրադարձություններում՝ սկսած 2020 թվականից, մեղավոր է Ռուսաստանը, ես համարում եմ յուրօրինակ «սև լեգենդ», որն ակտիվորեն կօգտագործվի հակառուսական տրամադրություններ բորբոքելու համար։ Կարծում եմ, որ դա բացարձակապես այդպես չէ։ Առավել ևս, որ այդ թեման սկսել է օգտագործվել հենց ադրբեջանցիների կողմից»:

«Ռուսաստանին ինչո՞ւ է պետք Ադրբեջանի և Թուրքիայի թուրանական դաշինքի ուժեղացումը։ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի թույլտվությունը տրվել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցների կողմից։ Որտեղ է տարրական տրամաբանությունը նրանց մոտ, ովքեր խոսում են Հայաստանի թուլացման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին։ Թուլացնել Հայաստանը, որ հետո հեռանա՞ Կովկասից։ Ռուսաստանին ամեն ինչում մեղադրելը, իհարկե, ավելի հեշտ է: Այժմ երկու ուժերը, յուրաքանչյուրն իր շահերից ելնելով, փորձում են հնարավորինս սեպ խրել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մեջ։ Դրանք գլոբալ Արևմուտքի երկրներն են, որոնք գտնվում են Ռուսաստանի հետ գլոբալ դիմակայության վիճակում, և ինչպես պարզվում է, նույն տեղեկատվական հոսքն այժմ գալիս է նաև «ադրբեջանցի քաղաքագետների» կողմից։

Ո՞վ է իրականում դառնալու տարածաշրջանում գերիշխող ուժը Ռուսաստանի մասնակցության թուլացման կամ ընդհանրապես ռուսական ռազմաքաղաքական ներկայության դադարեցման դեպքում։ ԵՄ- ն և ԱՄՆ-ը՞, ոչ՝ Թուրքիան. բայց հայ ժողովուրդը պատրա՞ստ է դա ընդունել, թե՝ ոչ, դա նրա ընտրությունն է», – նշել է քաղաքագետը։

Զաբելա Ավագյան

Նորություններ