Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան… թատրոնի վարպետ Ռուդիկն ու իր սիրելի գործը | Region

Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան… թատրոնի վարպետ Ռուդիկն ու իր սիրելի գործը

Մարտ 29,2024 11:32

Գծել, ձևել, կարել… 41 տարի վարպետ Ռուդիկի օրը սկսվում ու ավարտվում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Թատրոնի բեմական հանդերձանքի ֆոնդն ապահովող դերձակն է լոռեցի 76-ամյա Ռուդիկ Ոսկանյանը, ինչպես ինքն է ասում՝ անցած դարի 1983 թվականից Գյումրիի թատրոնը դարձել է իր երկրորդ տունը։ Ընդամենը 20 տարեկան էր, երբ եկավ Լենինական կարի արտադրամասերից մեկում աշխատելու, որպես տեխնոլոգ-ձևարար,  տարիներ անց հայտնվեց դրամատիկական թատրոնում հմուտ դերձակի որակավորմամբ:

Վարպետ Ռուդիկի համար մինչև օրս էլ լավագույն դերձակները տղամարդիկ են: Ավելի քան 4000 հագուստ է կարել միայն թատրոնում, անհատական աշխատանքները չի էլ հիշում: Բայց լավ հիշում է 50-ից ավելի նկարիչների, նույնքան էլ ռեժիսոր բեմադրիչների ու տասնյակ հայտնի դերասանների հետ աշխատանքը:

Ֆրունզիկ Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, Կարեն Ջանիբեկյանի ու Ալբերտ Մկրտչյանի համար է հագուստներ կարել:

Վարպետն աշխատանքի ծավալներից ու երբեմն անիրական թվացող լուծումներից չի դժգոհում, նրա մտահոգությունը ներկա սերունդն է, ասում է. «հիմիկվա ջահելները չեն սիրում արհեստով զբաղվել, կրթություն են ստանում, բայց արհեստում չկան», ինքն էլ իրեն փոխարինող դերձակ է փնտրում, ով պատվով կշարունակի իր գործը:

Նորություններ