Ցամաքած արցունքներ | Region

Ցամաքած արցունքներ

Ապրիլ 08,2024 12:05

Սեպտեմբերի 19, 2023 թվական․ դիրքերում վիրավոր ունենք…

19-ին տարօրինակ ուրախ էի, չնայած որ բողոքում էի դպրոցից․ շատ էր խստացել այս տարի ամեն ինչ։ Բողոքում էի այդ օրվա լույսի ռեժիմից․ մինչև ժամը 9-ը լույս չէինք ունենալու։ Բողոքում էի չնչին բաներից` տեղյակ չլինելով թե ինչ է կատարվում 500 մետր այն կողմ` սահմանին։

Պարապմունքի գնալիս զանգ ստացա, չեղարկվեց պարապմունքս։ Գնացի ընկերուհուս մոտ, խոսում էինք իր փոքր քրոջ հետ, հարցնում, թե ում է ավելի շատ սիրում, և հանկարծ դրմփոցներ լսեցինք։ Նարեն վեր թռավ տեղից․

-Ամպրոպ է,- նրան փորձելով հանգստացնել՝ ասացի ես։ Մեկն էլ լիներ ինձ հանգստացներ…

-Հի ՞նչ անիմ,-հարցրեց Նարեն՝ չհավատալով ինձ։

Մենք դրսում էինք, նրանց տանը ոչ ոք չկար։

1․․․, 2…, 3…, 4․․․
Պայթյուններից այդքանը հասցրեցի հաշվել։ Նարեն գրկեց քրոջն ու վազեցինք մեր տուն։ Ճանապարհին խառնաշփոթ էր, մարդիկ իրենց տներն էին վազում, մի մասը՝ զենքերն էին պատրաստում, մյուսները երեխաներին համեմատաբար ապահով տեղ տեղափոխում․․․ Այդ խառնաշփոթի մեջ մեզ կանգնեցրին՝ ասելով․
-Ծմակննք քինամ, դղ ապահովա ավելի․․․

Չգնացինք։ Մտքիս մեջ հայրս էր, շտապում էի նրան տեսնել… և, ինչպես 2020 թվականին, այս անգամ էլ եկավ ու ասաց, որ մնանք տատիկի սենյակում, դուրս չգանք… Դրանից երեք օր անց միայն նորից հորս տեսա։  Առաջին անգամն էի այդպես տեսնում․ դեմքին գույն չկար, հյուծված էր, ոչինչ չէր խոսում․․․ Հաց կերավ, լողացավ ու նորից գնաց դիրքեր․․․

Հետո հայտարարեցին (պարզ չէր ով, որտեղից, բայց լուրերը շատ արագ էին տարածվում), որ վերացնենք պետական խորհրդանիշները, դպրոցի, գյուղապետարանի արխիվները, զինվորական հագուստն ու ամենակարևորը՝ զինվորական պարգևները, զենքերը…

Գյուղի վրա ծխի ամպերն էին ծանրացել․ այրվում էր նաև հորս  զինվորական համազգեստը․․․

Կեսօրին hայրս տուն եկավ․ նրա մարտական ծառայության համար ստացած շքանշանն  ու զենքը մայրս արդեն պատրաստ դրել էր պատշգամբի սեղանին․ եկավ, երկար նայեց, վերցրեց ու այգու ուղղությամբ գնաց։ Ուզում էի հասկանալ, թե ի՞նչ կա մտքում, ու՞ր է գնում։ Մայրս նկատեց դեմքիս խոժոռված հարցականը։

-Քինամա ճիրավերը,-ասաց նա։

«Ճիրավերը» մեր հին ջրհորն էր, որին հայրս պահ էր տալու շքանշանը և զենքը…

Հաջորդ օրը քրոջս ու եղբորս հետ  գնացինք աղբյուրը՝ ջրի․ կանայք վառեցին թոնիրները․ հաց էր պետք․․․

Ես միայնակ նստել էի աղբյուրի մոտ, գյուղը լուռ էր․ այդ լռության մեջ ականջս տվել էի ջրի ու թռչունների երգին․ ներդաշնակություն էր․ փակ աչքերով ավելի պարզ էի տեսնում, որ ծննդավայրս իսկական դրախտավայր է։ Չէ, ես նոր չէի նկատում մեր գյուղի գեղեցկությունը, դա ուրիշ, անասելի ու անբացատրելի ուրիշ զգացողություն էր…

Սեպտեմբերի 26-ի գիշերը, ինչպես հայտնի է մեզ, գյուղ եկան ազգությամբ թուրք, ռուս և հայ դեսպանները։ Նրանց ներկայությամբ, գյուղի տղամարդիկ մնացած զենքը պետք է վայր դնեին, իսկ հաջորդ օրը լքեինք գյուղը։ Այդպես էլ եղավ. սեպտեմբերի 27-ին մինչև լուսաբաց դուրս եկանք գյուղից։

Ստեփանակերտում` Տատիկ-Պապիկի հուշահամալիրի մոտ մեր ողջ գյուղն էր հավաքվել։ Տղամարդիկ բենզինի հերթ էին կանգնել, կանայք հավաքվել էին ու լուռ սպասում էին, ոչ ոք չէր ուզում խոսել, չէր կարող խոսել․․․

Այդ գիշերը մնացինք մեր բարեկամներից մեկի տանը։ Առավոտյան դուրս գալուց աչքովս ընկավ դիմացի տան դռան վրայի գրածը․ -Սա հերոսի տուն է։

26 տարեկան մինուճար տղու մայրը անիծում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան վերանան։

Հորաքույրս էլ նկատեց, սկսեց լաց լինել, չգիտեմ միգուցե ծանոթ էր այդ տղայի կամ մոր հետ անձամբ, բայց դե ինչ կապ ունի ծանո՜թ, անծանո՜թ…

Դուրս եկանք, նստեցինք մեքենաները։ Մերոնք ասում էին, որ ես պետք է հորքուրենց հետ ճանապարհ ընկնեմ, մեր մեքենայում տեղ չկար։

Ես չէի ուզում լսել նրանց։ Ինչու հենց ես։

-Մեծ աղջիկս, վեշմին պեն հասկանում չս,-ասաց մայրս։

Խռովեցի, շատ վատ  զգացի ինձ, նեղացած գնացի, նստեցի մեքենայի մեջ։ Չգիտեմ, միգուցե ճիշտ էր և իրոք ոչինչ չէի հասկանում…

Սեպտեմբերի 28-ի գիշերը տարբեր մեքենաներով դուրս եկանք Ստեփանակերտից։

Շարժվում էինք դանդաղ, մետր-մետր։ Ուրախ էի դրա համար, որովհետև հենց կանգ էինք առնում, շտապում էի բազմաթիվ մեքենաների շարքերում հայացքով փնտրել մեր մեքենան։ Գտա՜․․․
Մայրս ու մեծ եղբայրս քնած էին, փոքր եղբայրս հեռախոսով էր տարված, իսկ հայրս աչքերը փակել էր, չգիտեմ քնած էր, թե չէ։ Նրանք չնկատեցին ինձ։

Նույնիսկ Նարեենց մեքենան գտա, նա նույն վախվորած դեմքն ուներ…

Այդ ընթացքում  մեքենաները շարունակում էին շարժվել։ Ես չէի վախենում այն բանից, որ նրանք առաջ կգնան, իսկ ես կմնամ մենակ կանգնած, գիտեի որ, միևնույնն է, շուտով կանգ կառնեն։

Հասանք անցակետ։ Ստացվում է, որ մեր տան մեջ մեզ պետք է ստուգեն։ Պարադոքս կա, որն ուղեղս չի կարող ընկալել։ Մենք «Ֆորդ»-ով էինք․ թշնամու զինվորը բացեց դուռն ու ոտքը տեղավորեց իմ ոտքերի տեղում. այդ տարածքում էլ էր իրեն տեր զգում։ Ոտքերս ստիպված բարձրացրել էի․․․
Քմծիծաղով հարցրեց.
-Сколько человек

Դեմքին նույնիսկ չնայեցի, վախեցա երևի, կամ՝ չէր ստացվում, չեմ կարող ասել։

Լսեցի ծանոթ ձայն.
-Dord․
Ծանոթ ձայն էր՝ անծանոթ լեզու․ թշնամու լեզուն էր․․․

Դուռն այնպես փակեց, որ վեր թռա տեղիցս, նորից նույն քմծիծաղը…

Անզորությունից լուռ լալիս էի, բայց այնպես, որ քույրս չնկատի։ Իրականում նա էլ էր լալիս ու փորձում թաքցնել արցունքները բոլորիցս։

Հակարին անցանք, կանգնեցրինք մեքենաները, մայրս ծանր հոգոց հանեց։ Չգիտեմ,  ուրախացավ, որ այս մի բանից էլ պրծանք, թե դառնացավ կորստի ցավից ու անորոշությունից…

18 տարի արդեն Հայաստանում ապրող մորաքույրս Գորիսի մատույցներում մեզ էր սպասում։ Դուրս եկա մեքենայից։ Մորաքույրս գրկեց ինձ, շոյում էր մազերս, փորձում հանգստացնել… Բայց իրեն երևի ավելի շատ էին խաղաղեցնող խոսքեր պետք ։

Գորիսում պետք է հրաժեշտ տայի հորաքրոջս, մեծ եղբայրներիս, քրոջս․․․
Ո՞վ գիտեր, մեկ էլ երբ էինք իրար տեսնելու։

Գորիսից շարունակեցինք ճանապարհը։ Այս անգամ արդեն ես մեր մեքենայում էի։ Առաքելությունս՝ ուշադիր լինել, որ հայրս քնով չանցնի։

Եվ այսպես հասանք Դիլիջան, մորաքույրս մեզ տեղավորեց հյուրանոցում։ Սենյակ մտնելուն պես աչքերս լուսավորությունից ու շքեղությունից կարծես կուրացան։ Անջատեցի լույսերն ու միանգամից քնեցի։

Առավոտյան արթնացա, վեր թռա տեղիցս, նայեցի շուրջբոլորս։ Այդ պահին մայրս եկավ…  Քաշեց այն մեծ, կապույտ վարագույրը և իմ առջև բացվեց աշունը՝ Դիլիջանի շքեղ աշունը…

Սկսեցի լաց լինել։ Մայրս նստեց կողքիս։ Միասին էինք լալիս։ Քիչ անց մայրս վեր կացավ ու սկսեց խոսել… Բառերը հիմա հստակ չեմ հիշում, բայց միտքը մոտավորապես սա էր՝ «Գոհացիր, որ փրկվել ենք, ողջ ու առողջ ենք ու հայրդ մեզ հետ է»…

Այս խոսքերից հետո երբեք չեմ համարձակվել լաց լինել նրա մոտ և խոսք տվեցի ինքս  ինձ, որ այլևս չեմ լացելու…

Մանանա Հակոբյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

 

 

 

 

 

 

 

«Այս նյութով ներկայացրել եմ իմ պատմությունը և բարձրաձայնել իրականությունը»

Նորություններ