«Ոսկին ու փողը վերցրին, կանանց 5 օր պահեցին գերության մեջ». տեղահանված ընտանիքի պատմությունը | Region

«Ոսկին ու փողը վերցրին, կանանց 5 օր պահեցին գերության մեջ». տեղահանված ընտանիքի պատմությունը

Ապրիլ 25,2024 12:02

«Ոչինչ չենք կարողացել մեզ հետ վերցնել։ Ինձ թվում էր 2020թ.-ի պես մի քանի ամսից կվերադառնանք», – պատմում է Արցախից բռնի տեղահանված և Վայոց ձորի Վերնաշեն գյուղում հաստատված Մարինե Սեյրանյանը։

Տիկին Մարինեն Մարտունու շրջանի Խերխան գյուղից է, որն Արցախի հնագույն բնակավայրերից է: Մեծ հեռանկարներով փոքր գյուղը, սակայն, 2020 թ.-ին կորցրեց  որոշ տարածքներ: Խերխանից 3 զոհ է եղել և 1 անհայտ կորած։ 2023թ.-ին բոլոր բնակիչները բռնի տեղահանվեցին։

Տիկին Մարինեի ամուսինը՝ Ստեփան Սեյրանյանը, զոհվել է 44-օրյա պատերազմին։ Որպես զոհվածի ընտանիք, Թուֆենկյան հիմնադրամի կողմից նրանց տունը հիմնանորոգվել է։ Տիկին Մարինեն դպրոցում դասվար է աշխատել, գյուղապետարանում քարտուղար, որդիներն էլ աշխատանք են ունեցել։ Տունը նորոգելուց հետո նոր կահույք, հեռուստացույց, սանտեխիկա են ձեռք բերել, սակայն ոչինչ չեն հասցրել օգտագործել։

Արցախի շրջափակման ժամանակ շատ չեն նեղվել, ի տարբերություն ստեփանակերտցիների, ամեն բարիք գյուղում ստեղծել են՝ շաքարավազից բացի։ Վերջին կես կիլոգրամ շաքարավազը վերցրել են իրենց հետ՝ պապի անունը կրող Ստեփանի համար, որ ճանապարհին կարողանան թեյ տալ։

Տիկին Մարինեն 4 երեխա ունի, դուստրն ամուսնացած է, երեք որդիներից փոքրը ուսանող է Երևանում, մի որդին դեռ չի ամուսնացել, կարճաժամկետ աշխատանքներ է գտնում տարբեր մարզերում, իսկ Նարեկն ամուսնացած է։ Նրա կինը՝ Անի Սեյրանյանը, Սառնաղբյուրից է, որտեղ 2023 թ.-ի սեպտեմբերին 5 խաղաղ բնակիչ զոհվեց, 15-ը՝ վիրավորվեցին, 4-ը՝ գերեվարվեցին։ Նրանց մեջ էր նաև Անիի մայրը։

Հարս ու սկեսուր հուզմունքով հիշում, մեկը մյուսին լրացնելով պատմում են գաղթի ճանապարհի, ադրբեջանցիների կողմից իրականացվող թալանի, Անիի մայրիկի՝ Գայանե Գաբրիելյանի գերեվարման,  5 օր անց նրան վերադարձնելու մասին։

 

Տիկին Մարինեն զոհված ամուսնու մեդալները, փաստաթղթերը, պատվոգրերը չի վերցրել, ասել են՝ վտանգավոր է, միայն լուսանկարն է բերել իր հետ:

Նա շատ է ուզում աշխատանք գտնել Վերնաշենում, Վայոց ձորի գյուղերից մեկի դպրոցում եղել է թափուր հաստիք, սակայն այնքան հեռու է եղել, որ ստացած աշխատավարձը միայն ճանապարհածախսին էր հերիքում, չի գնացել։ Վարձով են ապրում, որդիները դեռ հիմնական աշխատանք չունեն։ Մի կողմից փորձում են հարմարվել, մյուս կողմից ասում՝ եթե վերադարձնեն Արցախը, անպայման հետ կգնան։

Չնայած հեռանկարները դեռ անորոշ են, բայց մի բան արցախցի ընտանիքի համար հստակ է, պետք է ամրանան ու շատանան։ Աշնանն ընտանիքում համալրում է սպասվում։

Միլենա Սարգսյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ