«Բոլորն են գտնվում վառոդի տակառի վրա և աննշան կայծը կարող է գլոբալ պшտերшզմի հանգեցնել» | Region

«Բոլորն են գտնվում վառոդի տակառի վրա և աննշան կայծը կարող է գլոբալ պшտերшզմի հանգեցնել»

Փետրվար 23,2024 13:04

«Հայաստանում իշխանափոխության պահանջները շարունակվում են: Իսկ ինչ է նշանակում «իշխանության փոփոխությունը»: Հիմա աշխարհում այնպիսի վիճակ է, որ համարյա ցանկացած երկրում իշխանության փոփոխությունն ունի աշխարհաքաղաքական նշանակություն»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Փոխել Հայաստանում իշխանություն, նշանակում է փոխել արտաքին քաղաքականությունը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ:

Օրինակ, Ամերիկայում իշխանության փոփոխությունը կարող է փոխել այդ երկրի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի, անգամ Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ: Եւ դա գլոբալ պատերազմների առկայության պայմաններում: Նույնը կարելի է ասել եվրոպական ցանկացած երկրի համար, դրա վառ օրինակը Սլովակիայում իշխանության փոփոխությունն է, կամ Հունգարիայի խաղացած դերը ԵՄ-ում: Անգամ ԵՄ անդամ որևէ աննշան, բայց մոտիվացված ու հպարտ երկիր, կարող է վետոյի միջոցով պարալիզացնել ԵՄ-ն:

Իշխանության փոփոխությունն Արաբական երկրներում, կամ Թուրքիայում, անգամ Աֆրիկյան երկրներում ունենում է աշխարհաքաղաքական շատ լուրջ հետևանքներ:

Վերադառնանք Հայաստան: Գործող կառավարությունն, իրականում, արտաքին քաղաքականություն չի վարում, դրա վառ վկայությունը հայտնի անձի այն խոսքերն են, որ եթե Իրանի հետ են լավ հարաբերություններ, որոշ երկրներ դժգոհում են, և՝ հակառակը: Նույնը կարելի է ասել մյուս երկրների հանդեպ վարվող չքաղաքականության մասին:

Այսինքն, տարբեր կողմերից պահանջում են կողմնորոշվել, իսկ ինքը մանյովրում է ու ոչ մի արմատական քայլ չի համարձակվում անել:

Սա նաև մեր իրական վիճակից է, այս կառավարությունն այնքան ստրատեգիական սխալներ է թույլ տվել, հայտնի անձն էլ «ինչ ուզել, այն էլ բանակցել է»,  որ հիմա հայտնվել է ծուղակում, մենք էլ հետն՝ ամեն մի քայլ կարող է հանգեցնել կատաստրոֆաների: Առավել ևս, որ, օրինակ, Իսրայելին պետք է հայ-ադրբեջանական պատերազմ, որին կներքաշվեն Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը ու ուշադրությունը կշեղվի Գազայից, որտեղ այդ պետության համար լրջագույն, անգամ գոյաբանական նշանակության, խնդիրներ են ստեղծվել: Իսրայելը նման պատերազմի միակ շահառուն չէ, ցուցակը կարելի է շարունակել:

Հիմա վերադառնանք իշխանափոխության խնդրին: Եթե Հայաստանում փոխվում է իշխանությունը, դա նշանակում է, որ փոխվելու է նաև արտաքին քաղաքականությունն, այսինքն աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան մեր տարածաշրջանում, և, հետևապես, աշխարհում, ինչից բխում է հարց՝ իսկ ինչպիսի ստրատեգիա է իրականացնելու հայտ ներկայացրած այլընտրանքային ուժը և դա ինչ հնարավոր ազդեցություն է ունենալու շահագրգիռ երկրների վրա: Հիմա ամեն ինչ փոխկապակցված է, բոլորն են գտնվում վառոդի տակառի վրա և աննշան կայծը կարող է գլոբալ պատերազմի հանգեցնել:

Սա հիպոթետիկ հարցարդրում է, որովհետև Հայաստանում դեռ ոչ ոք իշխանության իրական հայտ չի ներկայացրել: Կան մի շարք կենտրոնական հարցեր, կամ, ասենք, հարցաշար, որին իշխանության հնարավոր հայտ ներկայացրած ուժը պետք է պատասխանի, և այդ պատասխաններն ունեն արտաքին ու ներքին շահառուներ, որոնք մանրադիտակի տակ են այդ ամենը դիտարկում:

Առանց նման հարցաշարի պատասխանների, դժվար թե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա: Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք՝ քաղաքական գործընթացի իմիտացիա, ինչի փոխարեն կարելի է ավելի կոպիտ, բայց ավելի բնորոշող բառ օգտագործել:

Ուզում եք որպես երրորդ ուժ ներկայացեք, ուզում եք վեցերորդ ուժ ներկայացեք, անգամ սոցիալական դժգոհություններ գեներացրեք, դրանցից ոչինչ չի փոխվում»,-գրել է Դանիելյանը:

Նորություններ