Եթե Ադրբեջшնին իսկապես պետք լիներ խաղաղությունը, ինչ-որ բաներ կզիջեր. քաղաքագետ | Region

Եթե Ադրբեջшնին իսկապես պետք լիներ խաղաղությունը, ինչ-որ բաներ կզիջեր. քաղաքագետ

Հուլիս 02,2024 15:26

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը օրերս հայտարարել էր, որ ՀՀ տարածքը 29.743 քկմ է և դա չի էլ քննարկվում, իսկ այն տարածքները, որ հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, պետք է վերադարձվեն, և որ վարչապետը բազմիցս ասել է դրա մասին։

Հարցին, թե այս փուլում կա՞ արդյոք օկուպացված տարածքների վերադարձի հնարավորություն և դա իրատեսական համարու՞մ է, քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը պատասխանեց. «Ինչ-որ փուլում դա կարող է իրատեսական լինել, բայց պետության տարածքային ամբողջականության հիմքում ընդհանրապես չի կարելի թիվ դնել»:

Արմեն Բաղդասարյան

«Պետք է դնել սկզբունք, թե ինչպես է ձևավորել այդ թիվը, որովհետև եթե հանկարծ Ադրբեջանը պնդի, որ ինչ-որ հատվածում ինքը ենթադրենք 100քկմ տալիս է Հայաստանին, փոխարենը պահանջում է Մեղրիով միջանցք, այդ դեպքում Հայաստանի տարածքն էլի կլինի 29.743 քկմ, բայց դա չի բխի Հայաստանի շահերից, հետևաբար կարևորը թիվը չէ, պետք է արձանագրվեն այն սկզբունքները, որոնք դրվելու են՝ ինչ հիման վրա է առաջացել այդ թիվը, ինչի հիման վրա է իրականացվելու սահմանազատումը: Խոսքը, հասկանալի է, Ալմաթայի հռչակագրի հիման վրա է, բայց քանի որ Հայաստանը ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ սահմանազատումը լինի նաև այլ ընթացակարգերով, դա իր մեջ շատ լուրջ վտանգ է պարունակում, այսինքն կարող է այնպես լինել, որ սահմանի ինչ-որ հատվածում Ադրբեջանը պնդի խորհրդային սահմանները, ինչ-որ հատվածում պնդի այլ կարգավորումներ, ինչպես նշված է այդ փաստաթղթում. հենց սա է ամենամեծ վտանգը, դրա համար եմ ասում, որ թիվ դնել չի կարելի հիմքում, որովհետև կարևորը թիվը չէ»,- REGIONSTV-ն զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Հարցին, թե ընդհանրապես, սահմանագծման և սահմանազատման գործընթացի, նաև բանակցությունների այս փուլում հնարավոր համարու՞մ է զիջումները նաև Ադրբեջանի կողմից, քաղաքական վերլուծաբանն արձագանքեց.

«Եթե Ադրբեջանին իսկապես պետք լիներ խաղաղությունը, այո, նրանք ինչ-որ բաներ էլ կզիջեին, և քանի որ չեն զիջում, այլ առայժմ զիջումներ պահանջում են միայն հայկական կողմից, ընդ որում օրեցօր մեծացնում են այդ պահանջները, ես ենթադրում եմ, որ նրանց ոչ թե խաղաղությունն է  հետաքրքրում, այլ այն, որ կարողանան իբր բանակցային գործընթացը ծառայեցնել մի նպատակի, որտեղից ցույց տալ, թե իբր ապակառուցողական կողմը Հայաստանն է և այսպիսով վիժեցնել խաղաղ բանակցային  գործընթացը»:

Քաղաքագետը նաև մեկնաբանեց փաստը, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխությունները խաղաղության նախապայման կամ պարտադիր պայման համարում. «Եթե Ադրբեջանն իսկապես ձգտեր խաղաղության, դրան զուգահեռ պետք է պատրաստակամություն հայտներ նաև իր հերթին փոխեր իր սահմանադրությունը, որովհետև Ադրբեջանի սահմանադրության մեջ ՀՀ նկատմամբ տարածքային ավելի լուրջ պահանջներ կան: Եթե իսկապես նպատակը լիներ խաղաղությունը, խոսք կլիներ սիմետրիկ  քայլերի մասին, այսինքն, եթե Հայաստանը պիտի փոխի իր սահմանադրությունը, Ադրբեջանը նույնպես պիտի փոխի իր սահմանադրությունը: Քանի դեռ Ադրբեջանը այդ  թեման չի բարձրաձայնում, դա մի բան է նշանակում. Հայաստանում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպիսին Հայաստանին ձեռք չի տա, և Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ստանա հերթական ագրեսիան ձեռնարկել և վիժեցնել  խաղաղության գործընթացը»:

Իսկ Ադրբեջանի սահմանադրության ինչ դրույթի մասին էր Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե երկու երկրների սահմանադրությունում էլ կան էական խոչընդոտներ, սակայն դրանք չեն կարող բանակցությունների մաս լինել և խանգարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Հարցին Արմեն Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ Արարատ Միրզոյանը նկատի ուներ հետևյալը. մեր սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չկա. խոսքը նախաբանի մասին է, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ էլ հղում կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեռևս խորհրդային տարիներին վերամիավորման որոշմանը: Ճիշտ նույն կերպ Ադրբեջանի սահմանադրության մեջ հղում է արվում իրենց անկախության հռչակագրին, իսկ այնտեղ նշված է, որ Ադրբեջանը ոչ թե Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն է, այլ Ադրբեջանի առաջին հանրապետության, որը եղել է 1918-20թ.թ.-ին, իսկ այդ Ադրբեջանը կամ պաշտոնապես Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը պաշտոնապես հրապարակել է քարտեզներ, դիմել է միջազգային հանրությանը և ըստ այդ քարտեզի, ըստ իրենց պաշտոնական հավակնությունների, իրենց տարածքը ոչ թե 86,6 հզ քկմ է, այլ 108.000 քկմ»:

«Ադրբեջանի նպատակն է Հայաստանից  ստանալ առավելագույնը: Իրենք փորձելու են սա ստանալ կամ խաղաղության համաձայնագրով կամ փորձելու են դրանում ներառել այնպիսի դրութներ, որ արդեն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո իրենք աստիճանաբար հասնեն իրենց նպատակին: Եթե, օրինակ, իրենք Սյունիքը ուզում են խլել Հայաստանից, դա կարող են կամ խաղաղության համաձայնագրով փաստաթղթի մեջ պահանջել արտատարածքային միջանցք, կամ կարող են այդտեղ ներառել փախստականների վերադարձի կետ, որը պիտի իրականացվի համաձայնագրի ստորագրումից հետո, և արդեն ստորագրումից հետո, կարճ ժամանակում, իրենց փախստականներին վերաբնակեցնելով՝ փաստացի տիրել Սյունիքին: Կամ կարող են իրենք խաղաղության համաձայնագրում ներառել ռազմական  փոխհատուցումների հարցը, ինչպես իրենք են ասում՝ «30-ամյա օկուպացիայի» համար, հետագայում արդեն այդ ռազմատուգանքների դիմաց Հայաստանից պահանջեն, օրինակ, մի քանի տասնամյակով շահագործել Սյունիքի հանքավայրերը: Այսինքն, այդպիսի բազմաթիվ տարբերակներ իրենք քննարկում են վստահաբար»,-եզրափակեց քաղաքագետը:

Ելենա Ավետիսյան

Նորություններ