Իրականում ամենասարսափելին, այդ թվում Սերժ Սարգսյանի համար, ՀՀ քաղաքացու զայրույթն է | Region

Իրականում ամենասարսափելին, այդ թվում Սերժ Սարգսյանի համար, ՀՀ քաղաքացու զայրույթն է

Նոյեմբեր 10,2015 11:39

Շիրակի մարզում իշխանության տեղի ներկայացուցիչները զարկ են տվել «Այո»-ի քարոզարշավին: Ով ինչպես կարողանում է, եւ ով ինչպես հասկանում է: Ինտելեկտի ոչ այնքան խրախուսելի մակարդակը թույլ չի տալիս ընտրողի հետ հարաբերվել այնպես, որ «Այո»-ն շահեկան դիրքերում հայտնվի:

«Այո»-ն գահավիժում է, իսկ քարոզողները շարունակում են չկշռադատված, փնթի, ոչ պրոֆեսիոնալ աշխատել:

Սակայն նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելը, բնականաբար, պարծենալու բան չէ: Հակառակը, նրանց պրոֆեսիոնալիզմի պակասը նախ եւ առաջ վիրավորանք է շարքային բնակչի, ընտրողի համար: Երբ դիմացինն ամենեւին փորձեր չի անում ավելի լավը դառնալու, թեկուզ եւ ավելի որակյալ քարոզարշավ իրականացնելու, նա վիրավորում է բոլորին, երբ դեմքին արհեստականորեն խելացի արտահայտություն հաղորդելով՝ իրեն իրավունք է վերապահում դահլիճ լցնել, այնտեղ նստածին վերաբերվել որպես մասսայի, ով առանց մտածելու անելու է այն, ինչ ինքը թելադրի դեմքի նույնպիսի արտահայտությամբ:

Նա վիրավորում է քաղաքացուն, երբ գավառականի արշինով չափելով դիմացիններին՝ հորդորում է «այո» ասել Սահմանադրությանը, որպեսզի հանկարծ Սերժ Սարգսյանը չբարկանա եւ չպատժի հանդուգն եւ համառ լինելու մեջ:

Օրինակ՝ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզներում «Այո»-ի ջատագովները, հրավիրելով ընտրողներին քարոզարշավի, բացատրել են, որ բոլոր մարզերում իբրեւ թե Սահմանադրությունն արդեն անցել է, մնացել է հանդուգն Շիրակի մարզը: Բացատրում են, անկեղծանում, որ եթե այս անգամ էլ ՀՀԿ-ն պարտվի Գյումրիում, մեծ խնդիրներ են առաջանալու: Մարզն ընկնելու է Սերժ Սարգսյանի աչքից, ուստի խնդրում եւ հորդորում են գնալ հանրաքվեին եւ «այո» ասել, որ իրենք վաղը երեսատեղ ունենան, գնան Բաղրամյան 26-ի դուռը եւ մարզի, քաղաքի համար կարողանան բաներ խնդրել վերադասից եւ ստանալ: Օրինակ են բերում, թե նախագահական ընտրություններին քանի որ Սերժ Սարգսյանը պարտվել է Գյումրիում, դրա համար պատժել է մեզ եւ գումար չի տալիս:

Ահա «Այո»-ի բանակի ողջ պերճանքն ու թշվառությունը: Հարց է առաջանում. իսկ ի՞նչ իրավունքով են «Այո»-ի քարոզիչները թերագնահատում ՀՀ քաղաքացուն՝ կասկածի տակ դնելով նրա մտավոր կարողությունները: Սա քաղաքացին պետք է ընդունի մարտահրավե՞ր՝ նետված վերեւից:

Երկա՞ր են արդյոք մտածել «Այո»-ի ճակատի ներկայացուցիչները Մելիք Ադամյան փողոցում, որ իրենց համար պատասխանատու այդ գործը վստահել են նման մարդկանց:

Իրականում այո, եթե հանրաքվեին կարողանան տոկոսներ խփել, իրենց՝ քարոզիչների համար լավ է լինելու: Նրանք կարող են ակնկալել իրենց առաջնորդի բարի վերաբերմունքը, ծառայության դիմաց ինչ-ինչ վարձատրություն: Հասկանալի է՝ մարզում ով ինչի դիմաց ինչ աշխատանք է տանելու: Բալասանյանը կարող ակնկալել Սերժ Սարգսյանի աջակցությունը՝ քաղաքապետի աթոռին երկար մնալու, հերթական կուսակցությունից ճողոպրած եւ տաքուկ անկյուն փնտրող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կարող է հավակնել քաղաքապետի պաշտոնին, մյուս պատգամավորները կարող են իրենց բիզնես գործունեության բարգավաճման մասին հույսեր փայփայել, մեկ ուրիշը կարող է պաշտոնի բարձրացում ակնկալել եւ այլն:

Այսինքն շատ ռեալ իրենց համար լավ է լինելու, լավն, իհարկե, հարաբերական է, կախված է հավակնությունների ծավալից: Բայց պարզ ասած՝ «Այո»-ն նրանց համար կերակրատաշտին մոտ գտնվելու հնարավորություն է: Իսկ ի՞նչ է «Այո»-ն ժողովրդի համար. «Այո»-ն Սերժ Սարգսյանի ռեժիմի ժամկետի երկարաձգում է, բուրգի հարատեւությունը պահպանելու ջանքեր:

Միգուցե իշխանությունների ներկայացուցիչների համար սարսափելին Սերժ Սարգսյանի զայրույթն է, իսկ իրականում ամենասարսափելին, այդ թվում Սերժ Սարգսյանի համար, ՀՀ քաղաքացու զայրույթն է, ում եւ պատկանում է իշխանությունը:

Նորություններ