Կոստանյան-Հովսեփյան ամբիցիաների բախումն ու երաշխիք տվողների լռությունը. մեկ տասնյակից ավելի ցուցարարի մեղադրանք է առաջադրվել | Region

Կոստանյան-Հովսեփյան ամբիցիաների բախումն ու երաշխիք տվողների լռությունը. մեկ տասնյակից ավելի ցուցարարի մեղադրանք է առաջադրվել

Մարտ 06,2015 11:52

Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բախումների պատճառով, /երբ ամբողջ Գյումրին դուրս եկավ փողոց, եւ պատվի ու թասիբի հարց էր համարվում  Ավետիսյանների սպանության գործն ու մեղադրյալ Ճանաչված անձին ՀՀ իրավապահներին վերադարձնելու հարցը/, հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք  է առաջադրվել մեկ տասնյակից ավելի ցուցարարների՝ հիմնականում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, այն է՝ խուլիգանություն եւ հասարակական կարգի կոպիտ խախտում, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ինչպես դատախազությունից, այնպես էլ ՀՀ քննչական կոմիտեից:

Ցուցարարների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Հարուցված քրեական գործի շրջանակներում այժմ նախաքննություն է ընթանում,  եւ դեռեւս  հայտնի չէ վերջնական ինչ քրեաիրավական գնահատական կտրվի, այդ անձանց գործը կհասնի՞ դատարան, թե գործերը  կկարճվեն:

Ու այս ամենն այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հունվարի 15-ի ուշ երեկոյան` Գյումրիում տեղի ունեցած ակցիաներից հետո, ՇՄ դատախազության շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին վստահեցրեց ու խոստացավ, թե հետապնդումներ  ցույցի մասնակիցների նկատմամբ չեն լինելու: Այդ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ ցուցարարները պնդեցին, թե կմնան ու կսպասեն դատախազության շենքի դիմաց այնքան ժամանակ, քանի դեռ չեն տրվել երաշխիքներ, որ այդ օրը  բերման ենթարկված քաղաքացիներն ազատ կարձակվեն, եւ հետապնդումներ ցույցի մասնակիցների նկատմամբ չի իրականացվի:

Այդ օրը ցուցարարներին հանգստացնող եւ տուն ճանապարհող պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը եւս հորդորեցին չանհանգստանալ, ու հանգիստ խղճով տուն գնալ, քանի որ, ինչպես հայտարարեցին, բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ամեն ինչ ցուցարարների «սրտով» է լինելու:

Այսօր ԳԱԼԱ-ն  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության մասնագետներին հիշեցրեց Գ. Կոստանյանի` հունվարի 15-ին Գյումրիում ցուցարարների առաջ տված խոստման մասին:

Սակայն այնտեղից փոխանցեցին, որ  դատախազական մարմինն իրականացնում է իր վերահսկողական գործառույթները, եւ որ իրավապահ մարմիններն իրականացնում են գործողություններ, որոնք օրենքով են սահմանված: Փոխանցեցին նաեւ, որ  ցուցարարների դեմ առաջադրված մեղադրանքների  գործով քննչական կոմիտեն է զբաղվում, իսկ դատախազությունն ընդամենը վերահսկողի դերում է.

«Քննչական կոմիտեն իրականացնում է օրենքով իր վրա դրված լիազորությունները, գործը քննում է, նախաքննությունն իրականացնում է, առաջադրում է մեղադրանք, թե ինչու էդ մարդկանց, ինչու այդ մեղադրանքները, այդ հարցերին իրավասու է պատասխանել միայն քննչական կոմիտեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեցին գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:

ԳԱԼԱ-ի  այն հարցադրումներին, թե այս պարագայում ու՞ր են մնում գլխավոր դատախազի կողմից տրված այն երաշխիքները, թե ցույցի մասնակիցները հետապնդումների չեն ենթարկվելու, եւ արդյո՞ք դա չի նշանակում, որ Գ. Կոստանյանը մեղմ ասած դրժում է  իր խոստումը, պատասխանն այսպիսին էր, թե այս հարցում չպետք է առաջնորդվել հուզական տրամադրություններով,  իսկ  նախաքննության շրջանակներում իրականացվող գործառույթներն էլ չպետք է որակել հետապնդումներ՝  դարձյալ շեշտելով, թե ցուցարարներին մեղադրանք առաջադրողը ՀՀ քննչական կոմիտեն է:

ԳԱԼԱ-ն դիմեց նաեւ ՀՀ քննչական կոմիտե: Այդ  կառույցից սակայն շտապեցին հիշեցնել, թե հարուցված քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես վկաներ հարցաքննված քաղաքացիների նկատմամբ դատավարական կարգավիճակ ձեռք բերելու որոշում կայացվել է ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով:

Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հիշեցրեց նաեւ, որ քննիչները գործով որպես վկա հարցաքննված Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին ձերբակալել հրաժարվել էին, քանի որ դրա համար չկային իրավական հիմքեր, իսկ Մնացականին ձերբակալել էր  անձամբ Շիրակի մարզի դատախազի տեղակալը. «Առաջինն իրենք ձերբակալեցին, հսկողությունը իրականացնողը նախաքննության նկատմամբ իրենք են, դատախազությունն է, եւ դատախազությունն է գրավոր ցուցում տվել, թե այն անձանց, որոնց հարցաքննել եք որպես վկա, սխալ եք արել, կասկածյալի կարգավիճակ ունեցող անձին որպես վկա եք հարցաքննել, վերացրեք այդ խախտումները»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Սոնա Տռուզյանը:

Այսինքն, քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի ասածից ենթադրվում է, որ վերահսկողություն իրականացնող մարմինը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը չարաշահել է իր լիազորությունները, քանի որ գործի նկատմամբ հսկողություն սահմանող դատախազը շտապել է գնահատական տալ, որ վարույթն իրականացնող մարմնի գործողություններում խախտումներ կան, եւ գրավոր ցուցում է տվել, որպեսզի քննչական մարմնի կողմից գործում որպես վկա ներգրավված ՀՀ քաղաքացիների նկատմամբ դատավարական կարգավիճակ ձեռք բերվի: Ու մեկ տասնյակից ավելի քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել:

Սոնա Տռուզյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է օրինական գործել այդ պարագայում ՀՀ քննչական կոմիտեն, ու եթե բավարար ապացույցներ ձեռք չբերվեն առաջադրված մեղադրանքներն ապացուցելու, հիմնավորելու  համար, ապա ո՞ր կառույցն է կրելու պատասխանատվություն, իր լիազորությունները չարաշահած գլխավոր դատախազությու՞նը, թե՞ ՀՀ քննչական կոմիտեն, որ առանց բավարար ապացույցներ ունենալու անձանց այս գործում ընդգրկել է որպես մեղադրյալ : Պատասխանն այսպիսին էր. «Նախաքննության ավարտին արդեն ամբողջությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական: Ցանկացած հանցագործության դեպքի հետ կապված երբ որ քննություն է տարվում, վարույթն իրականացնող մարմնի առաջնահերթ խնդիրներից է ուսումնասիրել նաեւ պատճառահետեւանքային կապը, ապահովել քննության բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումը, եւ այս ուղղությամբ տարվում է քննություն , վերջնական արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»,-ասաց Ս. Տռուզյանը:

Հատկանշականն այս ամենում սակայն այլ է. որքան էլ զարմանալի է, բայց այս երկու  կառույցները ՝ ՀՀ  դատախազությունն ու ՀՀ քննչական կոմիտեն այս շրջանում  կարելի է ասել ոչ թե զբաղված են  ՀՀ-ում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի բացահայտմամբ, որի արդյունքում ՀՀ 7 քաղաքացի է մահացել, այլ այդ հանցագործության հիմնական մեղադրյալին՝ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու արդարացի պահանջ բարձրացրած ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին  ինչ-որ քրեական գործում ներգրավելով:

Այսինքն, երկու մարմինների ունեցած հակասությունների, այդ կառույցների ղեկավարների հեռակա բանավեճերի, ու այսպես ասած, ամբիցիաների բախման  արդյունքում տուժում են անմեղ քաղաքացիներ:

ՀՀ 7 քաղաքացիների գնդակահարած Պերմյակովի գործով 2 մարմինները չաշխատեցին այնպիսի հրատապությամբ, ինչպես ՀՀ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների մեղադրանք առաջադրելիս, ընդ որում դեռեւս ոչ բավարար ապացույցների ձեռք բերման պարագայում են գործում անձինք ընդգրկվել որպես մեղադրյալներ:

Հասկանալի է, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ շատ դեպքերում չեն գործում ՀՀ օրենքները, եւ որտեղ ՀՀ որոշ պաշտոնյաների «կամակորությունների» պատճառով նույնիսկ կարող են տուժել ազնիվ մարդիկ: Սա նորություն չէ,  միայն հարց է ծագում, թե ինչու՞ են լռում նաեւ հունվարի 15-ի ուշ երեկոյան Կոստանյանի հետ միասին ցուցարարներին երաշխիքներ տվողներն ու տուն ճանապարհողները:

Միթե՞ վերջիններիս համար «աննկատ» է մնացել  այն, թե ինչպես են երկու մարմինների «հակամարտության» արդյունքում հետապնդումների ենթարկվում Գյումրիի ցույցի մասնակիցները:

Նորություններ