Իշխանական շատ «խաղացողներ» այսօր էլ պատրաստ են ներպալատական հեղաշրջման | Region

Իշխանական շատ «խաղացողներ» այսօր էլ պատրաստ են ներպալատական հեղաշրջման

Ապրիլ 11,2018 14:48

Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ խորհրդարանական կառավարման Հայաստանում ՀՀԿ-ն որպես վարչապետի թեկնածու տեսնում է Սերժ Սարգսյանին:

Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնին հավակնությունները նոր չեն: Նորությունը թերեւս այն է, որ հայտարարությունը հնչեցնողը Կարեն Կարապետյանն է, եւ հայտարարությունը հնչեց Ս. Սարգսյանի իշխանությունը հանձնելուց ժամեր անց:

Երբ գործող Սահմանադրության համաձայն իշխանության համար 7-օրյա պատասխանատվությունը ստանձնում են Արմեն Սարգսյանը, Արա Բաբլոյանը եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանը որոշեց հիշեցնել պաշտոնյաներին, թե որտեղից է կառավարվում իշխանական բուրգը: Սարգսյանի ուղերձը բուրգի ներսում մեծ ու փոքր խաղացողներին հետեւյալն էր՝ ինքը պատրաստ չէ հանձնել իշխանությունը թեկուզ մի քանի ժամով եւ նույնիսկ լծակների բացակայության պայմաններում փորձելու է մինչեւ վերջ այն պահել իր ձեռքում:

Սարգսյանի այս քայլն ուղղված էր նաեւ ի սկզբանե ներպալատական հնարավոր «արկածախնդրության» այն օջախները ոչնչացնելուն, որոնք կարող էին զարգանալ ինչպես ներքին՝ հասարակական, այնպես էլ արտաքին որոշակի գործոնների առկայության պայմաններում:

Կարեն Կարապետյանը կարող էր այդ «արկածախնդիր» ուժերի առանցքը հանդիսանալ եւ լինել Ս. Սարգսյանի համար հնարավոր մրցակից բուրգի ներսում, եթե առաջանա Ս. Սարգսյանի կողմից չհաշվարկված անհաղթահարելի իրավիճակ: Իսկ Կարեն Կարապետյանը հասարակական ընկալումներում ասոցացվում է ՌԴ իշխանությունների հովանավորությունը վայելող անձի հետ:

Եվ չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Սարգսյան-Կարապետյան հարաբերությունները փորձում է դիտարկել «մատ եւ մատանի» տիրույթում ու հայտարարում է, որ Ս. Սարգսյանը չի «օգտագործել» Կարեն Կարապետյանին, հասկանալի է, որ այսօր էլ Կարեն Կարապետյանը շատ կուզենար կրկնել իր նախորդ հայտարարությունները, որ ինքը պատրաստ է խորհրդարանական կառավարման համակարգում աշխատել որպես վարչապետ:

Հակառակ բուրգի մոնոլիտ լինելու մասին իշխանական հաճախակի դարձած պնդումներին՝ Սարգսյանին շատ լավ հայտնի են նաեւ առկա ոչ միանշանակ տրամադրություններն իշխանության ներսում՝ կապված իր վարչապետության հեռանկարի հետ:

Սերժ Սարգսյանի վերջին 10 տարիների գործունեությունը ցույց է տվել, որ իր համար կարեւորը նեղ շրջապատի հարմարավետության ապահովումն է՝ թիմի ներսում ինտրիգներ հրահրելու եւ հակասություններ սերմանելու ճանապարհով:

Սարգսյանն այս ընթացքում գործել է պառակտում մտցնելու եւ իշխանական տարբեր խաղացողներին իրար դեմ հանելու եղանակով: Նրա իշխանության 10 տարիներն ինչ-որ տեղ դժվար տարիներ էին իշխանական բուրգի մեծ ու փոքր խաղացողների համար, ովքեր այս ընթացքում եղել են ներթիմային «հակասությունների» մեջ եւ դժգոհ են սարգսյանական իշխանությունից: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով Սարգսյանը խարդավանքներ հյուսելու եւ կոնֆլիկտ հրահրելու եղանակով անհամեմատ շահեկան իրավիճակ է ապահովել սեփական նեղ շրջապատի համար:

Եվ հիմա թերեւս կանխազգում է, որ եթե իշխանափոխության «անցավ ու ապահով» հեռանկար հասունանա, ապա բուրգի ներսում վտանգավոր օջախները կարող են ավելանալ: Ունեցած դիրքերը պահպանելու երաշխիքը սարգսյանական կլանից դժգոհ ուժերին կարող է ներշնչանքի աղբյուր հանդիսանալ ներպալատական հեղափոխության գնալու եւ Սարգսյանին մեկ ուրիշով փոխարինելու համար:

Եվ քանի որ Սարգսյանի համար դեռ վերջնական պարզորոշ չէ ապրիլի 17-ի ապագան, ուրեմն ի սկզբանե նա կանխում է ներպալատական հնարավոր ինտրիգների զարգացումը:

Կարեն Կարապետյանն ինքն է հայտարարում Ս. Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հեռանկարի մասին: Սերժ Սարգսյանի հաշվարկներով՝ եթե հանկարծ ստացվի այնպես, որ անկանխատեսելի ինչ-որ ուժ կարողանա փոխել իրադարձությունների իր պլանավորած ընթացքը, ապա Կ. Կարապետյանից ինքն արդեն կորզել է «պարտավորագիր» առ այն, որ չի դառնալու խոչընդոտ Ս. Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ճանապարհին:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ