Չի լինի մեկը, ով կցանկանա իր ծառայությունները մատուցել անվստահելի կուսակցապետին | Region

Չի լինի մեկը, ով կցանկանա իր ծառայությունները մատուցել անվստահելի կուսակցապետին

Մարտ 30,2018 15:09

Որքան մոտենում է Սերժ Սարգսյանի 7-օրյա անիշխանությունը, այնքան ավելի հաճախակի է շրջանառության մեջ դրվում այն միտքը, որ Սերժ Սարգսյանի համար մի քանի օր իշխանական լծակ չունենալն ամենևին դժբախտություն չէ, քանի որ իրենց տեղերում կլինեն ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանը, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և իշխանական մյուս գերատեսչությունների ղեկավարները, ովքեր այդ օրերի ընթացքում կսպասարկեն Ս. Սարգսյանի շահերը՝ իշխանությունը վերստին վերադարձնելով նրան:

Սակայն այդ 7 օրերի ընթացքում հասարակության հնարավոր ընդվզման պարագայում շատ կոնկրետ ո՞վ է լինելու իշխանության պատասխանատուն, ով իր վրա է վերցնելու տասը տարի առաջ արյամբ, զոհերի գնով զավթված իշխանությունն ամուր և անսասան պահելու և անվնաս այն Սարգսյանին հանձնելու դժվարին պատասխանատվությունը: Ապրիլի 9-ին, երբ լիազորությունները վայր կդնի Սերժ Սարգսյանը, և հրաժարական կտա կառավարությունը, ո՞վ է լինելու այն անձը, ով իրավիճակի անկառավարելի դառնալու պարագայում անհրաժեշտ կհամարի ուժի կիրառման հրաման տալ. Արա Բաբլոյա՞նը, Արմեն Սարգսյա՞նը, Կարեն Կարապետյա՞նը, գուցե Վովա Գասպարյա՞նը կամ Վիգեն Սարգսյա՞նն ինքնագլուխ կերպով կնետվեն մարտի՝ քաղաքացուն դեմ հանդիման:

Նրանցից ո՞վ պատրաստ կլինի հանուն Սերժ Սարգսյանի գնալ զոհաբերության՝ իր վրա վերցնելով գրավոր հրաման արձակելու բեռը, հանուն այն բանի, որ սկուտեղի վրա իշխանությունը փոխանցի Սարգսյանին: Ի՞նչ կմնա բուրգի ամրությունից այն ժամանակ, երբ որևէ մեկը հանկարծ չստանձնի իշխանությունն ուժով պահելու պատասխանատվությունը՝ առավել ևս ոչ վաղ անցյալում տեղի ունեցածն աչքի առաջ ունենալով:

2008-ին այդ հրամանն արձակվեց: Հիմա իշխանությունն ակնարկում է, որ փողոցում կանգնած քաղաքացու ուղղությամբ կրակելու հրամանը տվել է Ռոբերտ Քոչարյանը: Եվ առհասարակ, տասը տարի շարունակ Սերժ Սարգսյանն ամեն պատեհ առիթի չի վարանել այդ պատասխանատվությունը դեն նետել իր ուսերից և գցել նրա վրա, ով տասը տարի առաջ իշխանությունը հանձնել է իրեն: Թե ինչու, սա այլ թեմա է: Նախ և առաջ կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը գնացել է այդ քայլին իր կողմից կառուցված բուրգի պահպանման համար և, բնականաբար, այդ բուրգում սեփական դերակատարությունը չկորցնելու և «երիտասարդ թոշակառու» չդառնալու ակնկալիքով:

Սերժ Սարգսյանը, սակայն, առանց սեթևեթելու, իրեն հատուկ ձեռագրով Քոչարյանին պարբերաբար հասկացրել է, որ իր կռիվը տասը տարի շարունակ այդ բուրգում հարց լուծողի մանդատը որևէ մեկի հետ չկիսելն է: Եվ երբ զգացել է, որ կլանի մյուս թևը կարող է ակտիվության նշաններ ցույց տալ, Սարգսյանը սա համարել է իշխանական զավթած աթոռը հետ ստանալու մարտահրավեր, և անմիջապես իշխանական խոսափողներն ակնարկել են մարտի 1-ին Երևանի կենտրոնում կատարվածի մասին:

Այսօր իշխող կուսակցության շարքերում կանգնածներից ո՞վ կլինի այն մեկը, ով այս դասերն աչքի առաջ ունենալով՝ ինքնակամ քայլերը կուղղի դեպի «կառափնարան»: Հանուն ինչի՞: Հանուն Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելո՞ւ՝ քաջ իմանալով, որ մատուցած ծառայությունների բեռը ոչ միայն կրելու է սեփական ուսերին, այլև օգտագործվելուց հետո դառնալու է չափազանց խոցելի:

2008 թվականի փետրվարյան գերլարված տասը օրերին Ռոբերտ Քոչարյանը գործող նախագահ էր, հանցավոր վարչախմբի պարագլուխ, ով իրեն հատուկ ոճով էր կառուցել այդ բուրգը և փաստացի դրության տերն էր՝ ձեռքում ունենալով իշխանական բոլոր լծակները:

Այսօր բոլորովին այլ է իրավիճակը և իրերի դասավորվածությունը: Քաղաքական փորձառություն, իշխանական լծակները կիրառելու հմտություն և պատասխանատվություն չունեն նրանք, որոնց ներկայացնում են որպես 7-օրյա «անիշխանության» պահապաններ: Այդ բեռը չափազանց ծանր է Արա Բաբլոյանի, Արմեն Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի տրամաչափի անձանց համար, ովքեր քաղաքականության մեջ նորեկներ լինելուց բացի, չափազանց հեռու են բուրգում դրության տերը լինելուց:

Այսօր այլ է նաև աշխարհաքաղաքական իրավիճակը: Եթե 2008-ին «ռուսական ստվեր» էր շրջում Երևանի փողոցներում, այսօր արդյո՞ք գործ ունենք այն Ռուսաստանի հետ, որը կցանկանա Սերժ Սարգսյանի իշխանության հովանավորը դառնալ: Չգիտենք նաև, թե ինչպիսի վարքագիծ այս անգամ կդրսևորի Արևմուտքը:

Բայց վստահաբար կարելի է պնդել, որ ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում իրավիճակի սրացման պարագայում բուրգի ներսում չի գտնվի մեկը, ով կցանկանա իր ծառայությունները մատուցել անվստահելի կուսակցապետին:

Այսպիսով, կան բոլոր նախադրյալները, որ ՀՀ քաղաքացին տեր կանգնի իրեն պատկանող իշխանությանը, անգամ լիդերի բացակայության պայմաններում: Շատ արագ մոբիլիզացվելու ներուժը պարբերաբար Հայաստանի քաղաքացին ցույց է տվել: Սարգսյանի կողմից երրորդ անգամ իշխանությունը զավթելու նախապատրաստական աշխատանքները կարող են դառնալ այն կայծը, որն ընդվզման օջախները կարող է վերածել հրդեհի:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ