Սերժ Սարգսյանի նպատակն էր սեփական ժողովրդին նսեմացնելով լուծել իր անձնական հարցերը | Region

Սերժ Սարգսյանի նպատակն էր սեփական ժողովրդին նսեմացնելով լուծել իր անձնական հարցերը

Մարտ 24,2018 15:13

Վարչապետի աթոռը զբաղեցնելու հավակնությունների մասին Սերժ Սարգսյանի գրավոր հարցազրույցում կար ուղերձ՝ ուղղված ինչպես ՀՀ քաղաքացուն, այնպես էլ միջազգային հանրությանը: Նշելով (http://galatv.am/hy/news/222971/ ), որ «խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն» է ստանձնել ՀՀԿ-ն, Սարգսյանը փորձեց իրեն ներկայացնել որպես լեգիտիմ պաշտոնյա, ով 2017 թվականին արդեն ստացել է երրորդ անգամ երկրի կառավարման ղեկը ստանձնելու իրավունքը:

Հարկ է նշել, որ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին մասսայական փող բաժանելու պրոցեսի մեկնարկը տալով՝ Սերժ Սարգսյանի վարչախմբի նպատակն այն էր, որ միջազգային հանրության և գլխավորապես ՀՀ քաղաքացու մոտ ամրապնդեր այն համոզումը, որ ինքը «ծախված» հասարակության «արժանի» լիդերն է, որ յուրաքանչյուրի վրա հոգեբանական ազդեցություն գործի. եթե ոչ դու, ապա քո հարևանն ու ազգականը ծախվել են, և 10 հազար դրամով ինքը գնել է երկրում «թիվ մեկ հարց լուծողի» իրավունքը:

Լրջագույն կասկածներ կան, թե, ասենք, ինչու 2013-ին քաղաքացիները, վերցնելով գումարը, որոշեցին ձայն չտալ իշխանությանը, իսկ 2017-ին նույն գործընթացի արդյունքում որոշեցին «ազնիվ» գտնվել և «ընտրել» իշխանություններին: Իսկ իրականում չկան վիճակագրական տվյալներ, որոնք կապացուցեին, որ անցած խորհրդարանական ընտրություններին փողն է դարձել հիմնական գործոնը: Իշխանությունները ջանացին այդ պատրանքը ստեղծել՝ բոլորի ծախված լինելու վերաբերյալ:

Այստեղ երկրորդական հարց էր՝ փողը վերցնողը կքվեարկե՞ր իշխանության օգտին, թե՞ ոչ. գերխնդիրը հասարակությանը վարկաբեկելն ու ծախվածի անջնջելի խարան դաջելն էր, որովհետև, վերջին հաշվով, իշխանությունն իր ձեռքում ուներ շատ ավելի լուրջ լծակներ՝ ի դեմս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որի «ծառայություններից» պարբերաբար օգտվել են եւ վստահաբար, 2017 թ.-ին այդ լծակի կիրառումն է դարձել որոշիչ գործոն: Սակայն Սերժ Սարգսյանի նպատակն էր սեփական ժողովրդին նսեմացնելով, երկրի քաղաքացու վարկանիշի հետ խաղալով՝ լուծել իր անձնական հարցերը:

Իշխող ռեժիմն իհարկե բացահայտ չի խոստովանի, թե իրականում ինչ խարդավանքների միջոցով խորհրդարանական ընտրություններին ստանձնեց «քաղաքական պատասխանատվություն», որովհետև ավելի շահեկան է մեղքի ամբողջ բեռը բարդել շարքային քաղաքացու ուսերին:

Խորհրդարանական ընտրություններից հետո հենց այս լարի վրա են խաղացել ՀՀԿ-ականները՝ պարբերաբար հիշեցնելով ժողովրդին, որ իրենք ընտրվել են, հետևաբար կանեն այնպես, ինչպես նպատակահարմար կհամարեն:

Այս օրերին ակտիվացած իշխանական քարոզչամեքենան ապրիլյան հնարավոր զարգացումներին ընդառաջ քաղաքացուն վերստին հիշեցնում է, որ 10.000 դրամով վաճառվել է և առնվազն առաջիկա մի քանի տարիներին ստիպված է լինելու հաշտվել վարչախմբի կամայականություններին: Նաև ակնարկում են, որ գործող Սահմանադրության տառին համապատասխան են վերարտադրվելու փորձերը, և պրոցեսը կանգնեցնելու ցանկացած գործողություն կարող է համարվել «լեգիտիմ» իշխանությունը զավթելու փորձ:

Ինչո՞ւ է հիմա վերստին հիշեցվում այս մասին

Իրականում Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իր իշխանությունը չափազանց երերուն է:

Սա ջղաձիգ գործողություններից մեկն է՝ հասարակության վրա հոգեբանական ազդեցություն գործելու, նրա՝ փողոց դուրս գալը քարոզչական հնարքներով կանխելու համար, որ միևնույն է, ոչինչ չի փոխվի, որովհետև բոլորը ծախված են և վաղն էլ կծախվեն, որ չկա նաև լիդեր, ով հրապարակ կլցնի և իշխանություն կվերցնի:

Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իր ունեցած զրո վարկանիշը, կառավարման տարիների խայտառակ ձախողումները մեկ ակնթարթում կարող են մոբիլիզացնել հասարակությանը՝ անգամ լիդերի բացակայության պայմաններում: Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման պայմաններում ժողովրդի ցասումն ավելի հուժկու է եւ շատ ավելի վտանգավոր ու անկառավարելի: Սա անդառնալի ազդեցություն կարող է ունենալ, որովհետև Սարգսյանը չունի ամուր հենարան նաև իշխանության ներսում:

Եթե Սերժ Սարգսյանն իսկապես վստահ լիներ, որ կկարողանա իշխանությունն ամուր պահել իր ձեռքում, նա չէր առաջադրվի վարչապետի պաշտոնում: 2014-ի հայտնի հայտարարությունն այդ օրերին առիթ տվեց ենթադրելու, որ Սարգսյանը գուցե յուրայիններից մեկին կնշանակի այդ պաշտոնին, իսկ ինքը երկիրը կղեկավարի Մելիք Ադամյանից՝ որպես կուսակցապետ, և կշարունակի ձեռքում պահել հարց լուծողի «տիտղոսը»:

Սակայն այս հայտարարությունը եկավ ապացուցելու, որ փաստացի տասնամյա կառավարման արդյունքում նա ձախողել է նաև այդ հարցում. չկա մեկը, ում վստահաբար կկարողանա ժառանգել իշխանությունը:

Գուցե Սերժ Սարգսյանի սեփական փորձը, կենսագրությունն ու անցած ճանապարհն են խորացրել նրա կասկածները՝ թիմակիցների նկատմամբ, վախենալով, որ իրեն կարող են «քնած թողնել» Մելիք Ադամյանում:

Եվ ահա այս իրավիճակում Սարգսյանին հունից հանում է 7 օր փաստացի իշխանություն չունենալու հանգամանքը: Քանի այն կա իր ձեռքում, անխնա փորձելու է չեզոքացնել ցանկացած կողմից իր վախվորած իշխանությանը սպառնացող վտանգները:

Դրանցից ամենաահարկուն Սարգսյանի համար փողոցն է և այնտեղ կանգնող քաղաքացին, որի դեմ «կոմպրոմատների պատերազմում» չի կարող հաղթել, բացի իբրև «ծախված» լինելու մեղադրանքը, որի մեջ փորձում է ներքաշել բացառապես բոլորին:

Քաղաքացու արժանապատվության լարերի վրա խաղացող լարախաղացի վախերը տեղին են: Ծամածռությունները բարակած լարի վրա կարող են անասելի ցավոտ վերջաբան ունենալ:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ