Պահանջված լիդերն այլեւս խուժանն է | Region

Պահանջված լիդերն այլեւս խուժանն է

Մարտ 19,2018 15:22

Հասարակական դեգրադացիան ջրի երես է դուրս գալիս այն ժամանակ, երբ ակնհայտ է դառնում, որ տվյալ հասարակությունում ստեղծված հնարավորություններն ու միջավայրը կենսունակ չեն դարձնում անհատի որակյալ տեսակը: Այդ միջավայրում դոմինանտը անորակն է, իսկ նրա «կայանալու» ճանապարհը, այսպես ասած, ոչ լեգալ ու անազնիվ մեթոդները:

Հայաստանում հաջողակ եւ «կայացած» մարդու համարում ունի «շուստրի» վարքագծով մեկը, ով ազդեցություն, կապեր ու շրջապատ ունի միայն այն դեպքում, երբ իշխանության մեջ է, երբ վայելում է այդ որակները խրախուսող եւ հենց դրանց վրա խարսխված իշխանությունների «դաբրոն»:

Երբ գերակա է դառնում այս կործանարար, դեգրադացնող բանաձեւը, տարիների ընթացքում հասարակությունը կորցնում է պահանջատեր քաղաքացի դաստիարակելու ունակությունը, այնպիսի քաղաքացի, ով կարող է ձեւավորել որակյալ իշխանություն:

Ստեղծված իրավիճակն անխուսափելիորեն բերում է հասարակության խեղման. արժանապատիվ մարդը դառնում է «իզգոյ», չպահանջված ու չգնահատված մեկը, ով պարզապես իր տեղը չի գտնում այդ հասարակության մեջ, նա կենսունակ չէ գոյության կռվում, համենայնդեպս այն որակներով, որի կրողն է:

Հետեւաբար, չի էլ ձգտում բոլորովին այլ արժեհամակարգի դավանող իշխանության մեջ դերակատարություն ստանձնել, որովհետեւ անհաղորդ է այդ «արժեքներին», եւ վերջին հաշվով, հասարակության մեջ այդ տեսակը պահանջված չէ:

Որակյալի ընտրության հնարավորությունը շատ սահմանափակ է՝ կամ արտագաղթել այլ հասարակություն, որի համար պահանջված կլինեն իր որակները, կամ փորձել հարմարվել:

Երբ ներքեւինները չեն պահանջում, վերեւները չեն ուզում

Հայաստանում նորմալ իշխանության ձեւավորման եւ իրական բարեփոխումների պահանջ չկա ներքեւից, որովհետեւ թույլ են նաեւ հասարակական կարեւորագույն ինստիտուտները, տկար է քաղաքացիական հասարակություն կոչվածը, իսկ քաղաքացու որակյալ տեսակը վաղուց արդեն իրեն դուրս է դրել քաղաքական պրոցեսներին մասնակցելուց, թեկուզ հենց ընտրությունները բոյկոտելու եղանակով:

Ի՞նչ են անում այս պարագայում «վերեւները»:

Ռեժիմն իր շարքերում չի հանդուրժում բարոյականին

Սերժ Սարգսյանի վարչախմբի համար սա պարզապես պարարտ միջավայր է բուծվելու համար: Նրանք իրենց հերթին ոչ միայն չեն ուզում պարտադրել փոփոխություն, չունեն այդ գիտակցությունն ու արժեհամակարգը, այլեւ ճիշտ հակառակ մարտավարությունն են որդեգրել. Սերժ Սարգսյանի տասնամյա կառավարման ամենակործանարար ու անդառնալի բանը ապատիայի խորացումն էր՝ բոլոր ոլորտներում:

Ցինիզմի գագաթնակետն այն է, որ ռեժիմը չի հանդուրժում բարոյականին՝ իր շարքերում: Բարոյալքված արժեհամակարգի ծուղակում հայտնվող յուրաքանչյուր ոք իշխանություններին արժանի գործընկեր դառնալու համար պիտի «ուղղումներ» մտցնի իր կենսագրության եւ անցած ճանապարհի մեջ. ուզո՞ւմ ես հաջողության հասնել, ուրեմն խաղա ոհմակի խաղի կանոններով, որոնք խժռում են ցանկացած բարոյական արժեք, փորձիր գերազանցել ռեժիմի կարկառուն գործիչներին, յուրացրու սողալու եւ դիմացինիդ «փչացնելու» արվեստը:

Այս պայմաններում որակյալ իշխանություն ձեւավորելու հնարավորությունը գրեթե զրոյական է դառնում: Լիդերն այլեւս խուժանն է, իսկ արժանապատիվ քաղաքացին՝ «մարգինալը»:

Արժանապատիվ մարդ տեսակը փոփոխություններ իրականացնելու ամենամեծ ցանկության դեպքում անգամ ոտք չի դնի իշխող համակարգ, որն իսկույնեւեթ «փչացման գործընթացի» սկիզբը կդնի: Ինչ-ինչ, բայց դրանում մասնագիտացել է Սերժ Սարգսյանի ռեժիմը: Նրանք պատրաստ են ձեռք մեկնել ցանկացած մեկին, ով խայծը կուլ կտա՝ հետեւողական կերպով ավարտին հասցնելով «վարկաբեկման արշավը»: Կերաշխավորեն նաեւ PR ակցիան՝ ֆոտոսեսիաներ ճիշտ այն «պոզայով», որն ավելի ամբողջական կդարձնի «փչացման գործընթացը»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ