Համակարգն ինքն է ամբողջությամբ Սերժ Սարգսյան, որին մենք ենք ծնունդ տվել | Region

Համակարգն ինքն է ամբողջությամբ Սերժ Սարգսյան, որին մենք ենք ծնունդ տվել

Մարտ 17,2018 15:29

Քննադատությունների տարափը «Լավ երեկո»-ի լրագրողուհու հանդեպ հուսանք՝ վերջապես կդադարի, լրագրողը ներողություն է խնդրել, Յութուբից էլ հեռացրել են կանանց գաղութի մասին պատմող այն տեսանյութը, որը ծաղր էր պարունակում:

Բայց, ցավոք, դրանով չի սահմանափակվում ծաղրն ու հեգնանքը մեր հանդեպ:

Առնվազն տարօրինակ է, որ հատկապես հասարակության «պահանջատեր» հատվածը ժամանակ առ ժամանակ սրեր է մերկացնում այնպիսի մարդկանց դեմ, որոնց ծաղրն անշուշտ վիրավորող է, սակայն մեր կյանքը «կրկեսի» վերածողների «բարձրաստիճան» ծաղրի համեմատ թույլ խայթոց է: Բայց մենք ընտրողաբար թիրախավորում ենք մեզ վիրավորողներից ամենաթույլերին:

Պարբերաբար ականատես ենք լինում նման բռնկումների, երբ, օրինակ, մեկին ժողովրդական երգչի կոչում են շնորհում, մյուսին՝ Խորենացու անվան մեդալ:

Հասկանալի է՝ հասարակության մոտ կա կուտակված ավելցուկ էներգիա, եւ ամեն անգամ էմոցիոնալ պայթյուն է տեղի ունենում, երբ «մի սերիալագրի» կրծքին մեդալ են «կախում»:

Բայց մշտապես մոռանում ենք մեդալ «կախողին» ու սկսում կռիվ տալ դրանք ստացողների հետ:

Ճիշտ այդպես էլ մոռանում ենք նաեւ «գաղութի ծաղրը» եթեր հեռարձակող լրատվամիջոցին եւ ՀՀ-ում իշխող այն խմբակին, որի «հանրային» շահերն է սպասարկում այդ լրատվամիջոցը, եւ սկսում ենք թիրախավորված «ձաղկել» լրագրողին:

Բայց սրանից մեր կյանքը չի դառնում ավելի լավը:

Մեզանում ոչինչ չի փոխվում նաեւ, երբ պահանջում ենք մականունավոր պաշտոնյաների հրաժարականը, եւ ավելին, վախենամ՝ մեզ մոտ ոչինչ չփոխվի անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, որովհետեւ համակարգն ինքն է ամբողջությամբ Սերժ Սարգսյան, որին մենք ենք ծնունդ տվել:

Երբ մենք դժգոհում ենք, թե համակարգը հրեշավոր է, ապա պետք է առնվազն ունենանք ազնվություն եւ խոստովանենք, որ մենք ենք «պարարտացրել» հրեշին: Հրեշավոր համակարգը շարունակելու է տարածել գարշահոտություն, այնքան ժամանակ, որքան կպահանջվի մեզ՝ վերափոխվելու համար: Պայքարն այդ հոտի դեմ անիմաստ է, երբ նույնիսկ հրեշին գլխատելը հարցի լուծում չէ:

Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Ջին Շարփը իր հայտնի «From Dictatorship to Democracy» («Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն») աշխատության մեջ հենց այս միտքն է արծարծում: «Ոչնչացնել բռնապետությունը դեռ ոչինչ չի նշանակում, պետք է մտածել՝ ինչպես խոչընդոտել նրա փոխարեն մեկ այլ բռնապետության առաջացմանը»,- ասում է Շարփը:

Մենք չունենք հենց այս հարցի պատասխանը, չունեինք նաեւ 1998թ.-ին, երբ հրաժարական ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, չունեինք 2008-ի համաժողովրդական շարժման ժամանակ, չունեինք 2015-ին, երբ «Սասնա ծռերը» գրավել էին ՊՊԾ գունդը, եւ Հայաստանում շրջում էր հեղաշրջման ուրվականը:

Համակարգը մասնագիտացված է չարիք բուծելու մեջ, եւ առանձին դեմքերի փոփոխությունը իրավիճակի լուծում չէ: Համակարգը փոխելուց առաջ պետք է վերափոխել հասարակությանը:

Միայն արժանապատիվ ու իրավագիտակից հասարակությունն է ի վիճակի ոչ միայն սպանելու հրեշավոր համակարգը, այլեւ թույլ չտալու նոր բռնապետության առաջացումը:

Ու քանի մեր հասարակությունը հուզումնառատ պոռթկումներն է գերադասում, մենք արժանի ենք մեր «հարազատ հրեշին», եւ անիմաստ է կռվել փտած համակարգից տարածվող «որդերի» հետ: Պետք է կա՛մ համակերպվել «որդերին» մեզանով կերակրելու մտքի հետ, կա՛մ ոչնչացնել «բորբոսած» համակարգը եւ ստեղծել նորը:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ