ՀՀԿ-ի կառավարման 10 տարիներին՝ 6 մլրդ դոլար պարտք և շուրջ 380.000 քաղաքացու արտագաղթ | Region

ՀՀԿ-ի կառավարման 10 տարիներին՝ 6 մլրդ դոլար պարտք և շուրջ 380.000 քաղաքացու արտագաղթ

Փետրվար 27,2018 15:41

Իշխող Հանրապետականն այս օրերին պատրաստվում է իր հերթական քարոզարշավին, որն այս անգամ նախորդում է ոչ թե նախագահի ընտրությանը, այլ վարչապետի: Իհարկե, այս անգամ իշխող կուսակցության PR տեխնոլոգների համար բավականին դժվար է լինելու հին «հերոսի» կերպարից նորը կերտել ու համոզել հանրությանը, որ նա չէ երկրի ձախողումների թիվ մեկ պատճառը, կամ որ 10 տարվա ձախողումից հետո այս անգամ իշխող վարչակազմին կհաջողվի կառուցել ապահով Հայաստան:

Մյուս կողմից, ըստ էության, ՀՀ քաղաքացուց այս անգամ ոչինչ կախված չէ: Քաղաքացին կորցրեց իր ընտրելու հնարավորությունը 2015թ.-ին:

Միակ բանը, որ այսօր կարող է անել քաղաքացին, ուժի, անհնազանդության, պայքարի միջոցով իշխանության վերարտադրությունը թույլ չտալն է, բայց ինչպե՞ս. արդյոք այդ գործիքներն արդարացրել են իրենց, արդյոք ՀՀ քաղաքացին դուրս կգա փողոց, և ինչպես կավարտվի փողոցի պայքարը:

Իշխանության համար որքան «անվտանգ ու ապահով» է միջավայրը, այնքան էլ վտանգավոր և ռիսկային է, որովհետև նախ գոյություն ունի «ֆորս մաժոր» հասկացությունը, որից ոչ մի իշխանություն ոչ մի անգամ ապահովագրված չէ, և երկրորդ՝ իշխանությունը ցանկություն ունի վերարտադրվելու նույն դեմքով, նույն կերպարանքով, իսկ իշխանությունը վատն է:

ՀՀԿ 2018-ի քարոզարշավն իրականում սկսվել է վաղուց: 2018թ.-ի ապրիլյան իշխանությունը երկու գաղափար է քարոզելու՝ ազգ-բանակ և ներգաղթ:

Ըստ էության, այս երկու ծրագրերի մասին էլ Սերժ Սարգսյանը խոսել է՝ նախ հայտարարելով, որ 2040թ.-ին ունենալու ենք 4 մլն-անոց Հայաստան, և ապա տալով բանակի մասին իր ծրագրի մեկարկը, ասաց որ մշակել է տալիս 7-ամյա արդիականացման ծրագիր:

Մինչ այդ վերհիշենք, թե Ս. Սարգսյանի իշխանությունն ինչ խոստումներ է տվել մեզ 2008թ.-ից սկսած և ինչ «հաջողություններ» է արձանագրել:

2008թ.

serjenq 1«Առաջ Հայաստան» կարգախոսով Սերժ Սարգսյանն իր նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ հաղթահարելով բոլոր դժվարությունները և Մարտի 1-ի ողբերգությունից հետո դարձավ ՀՀ երրորդ նախագահը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ տարբեր բնակավայրերում իր ելույթների ժամանակ Ս. Սարգսյանը խոստանում էր չխնայել ջանքեր, կառուցել Հայաստան՝ առանց գործազրկության և աղքատության:

Ս. Սարգսյան. «Մենք գիտենք բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Գիտենք նաև, թե ինչպես է պետք լուծել դրանք: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում վերջնականապես հաղթահարվեն գործազրկությունն ու աղքատությունը, որպեսզի օր առաջ բարելավվի հասարակ մարդու կյանքը, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի անվտանգ, որպեսզի մենք ապրենք ուժեղ ժողովրդավարական պետությունում և ունենանք արդար հասարակություն: Մենք կհասնենք այդ ամենին՝ Ձեր վստահությամբ ու աջակցությամբ: Թող Աստված տա մեզ իմաստնություն՝ վերարժևորելով ձեռք բերվածը՝ բազմապատկել ազգային ներուժը և նվաճել նոր բարձունքներ: Առա՛ջ Հայաստան»:

Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ երրորդ նախագահը, ՀՀԿ-ն ստացավ 862.369 քվե:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ Ս. Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում՝ 2008-2012թթ., երկրից հեռացավ 181.121 քաղաքացի:

Հինգ տարի անց Ս. Սարգսյանը դարձյալ մուտքի այցեքարտ ներկայացրեց մեծ քաղաքականություն՝ հայտարարելով «Դեպի ապահով Հայաստան» գնալու մասին: Սակայն չմոռանանք նաև 2012-ի խորհրդարանական ընտրությունները:

2012թ.

«Հավատանք, որ փոխենք» կարգախոսով 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկեց ՀՀ ընտրողների 44.02%-ը: ՀՀԿ-ն ստացավ 664.640 քվե:

2012թ.-ին ՀՀԿ-ն խոստանում էր.

1.Ուժեղ և պաշտպանված Հայաստան յուրաքանչյուրի համար:

2.Բազմապատկել ՀՀ և ԼՂՀ նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսևորման վտանգի կանխարգելմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:

3.Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդում:

4.ԵՄ հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքում:

5.Ֆինանսական կայունություն:

6.Միջին և փոքր բիզնեսի կայացման և զարգացման երաշխիքների ստեղծում:

7.Տնտեսական աճի նպատակադրումներից՝ տնտեսական զարգացման հայեցակարգ:

2012թ.-ին երկրի պետական վիճակագրությամբ աղքատների թվաքանակը կազմեց մոտ 980 հազար (շատ աղքատների թվաքանակը՝ 408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ մոտ 85 հազար):

Միայն 2012թ. ՀՀ-ից հեռացավ 42.784 մարդ:

2013թ.

serj2013թ.-ին Ս. Սարգսյանը դարձյալ հավակնում է երկրի նախագահի պաշտոնին՝ խոստանալով ՀՀ ԶՈւ-ն ապահովել ժամանակակից սպառազինությամբ և կառուցել սոցիալապես ապահով Հայաստան:

Երկրի տարբեր շրջաններում իր ելույթներում Ս. Սարգսյանն ասում էր.

«Միասին մենք կարողանալու ենք կայացնել Հայրենիք, որը մրցունակ կլինի նաև իր քաղաքացիներին բավարար բարեկեցություն ապահովելու հարցում, անիմաստ կդարձնի օտար ափերում վաստակելու որևէ ցանկություն և արժանապատվորեն կկանչի իր զավակներին՝ վերադարձե՛ք ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ»:

Ս. Սարգսյանն ասում էր նաև. «Վստահեցնում եմ՝ 2018 թվականին մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում: Հաստատուն քայլերով ենք գնալու այդ ճանապարհով, ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ տանող ճանապարհով»:

Ս. Սարգսյանը 2013թ.-ին ստացավ 861.373 քվե:

Ս. Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջանում ՀՀ-ից հեռացավ ավելի քան 200.000 քաղաքացի:

Հայաստանն ունեցավ 800 հա հողային կորուստ, հարյուրից ավելի զոհեր և հարյուրավոր վիրավորներ:

Իսկ աղքատության մակարդակը երկրում կազմեց շուրջ 30 տոկոս: Սա է հենց 2018թ.-ի Հայաստանը: Իսկ ՀՀԿ-ն համոզիչ հաղթանակ տարավ նաև 2017-ին:

Անվտանգություն և առաջընթաց. 2017serjjjjj

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ներկայացավ նոր «LOVE» կերպարի քաղաքական դեմքով, ով պարզապես ասաց «LOVE Armenia», և ՀՀԿ-ն 771.242 քվե ստացավ: Սա պակաս էր անցած նախագահական ընտրություններին գրանցած ցուցանիշից, բայց նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ շուրջ 100 հազար քվեով ավելին էր:

«Եկե՛ք լինենք լավատես, լցվե՛նք ամուր հավատով և դժվարությամբ ձեռք բերած մեր պետությունն անվտանգ պահելով, առաջ ընթանալով՝ դարձնենք այն մեր երազած ՀԱՅԱՍՏԱՆԸ»,- ասվում էր 2017թ.-ի ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում:

Հայաստանն այսօր. Ս. Սարգսյանի իշխանության տարիների արդյունքները՝ 2008-2018

1.Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ս. Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում «ապահով» երկրից հեռացել և այլևս չեն վերադարձել շուրջ 380.000 քաղաքացի:

2.Ըստ պաշտոնական տվյալների՝ 2007 թվականին ՀՀ-ում աղքատ էր բնակչության 26,5 տոկոսը, ապա 2017թ.-ի ԱՎԾ տվյալներով՝ շուրջ 30 տոկոսը:

3.Հայաստանի պետական պարտքը 2008-ին 1.9 միլիարդ էր, այժմ շուրջ 6 մլրդ ԱՄՆ դոլար է (2017-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 5.969.346 հազ. ԱՄՆ դոլար):

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ