Ինչի՞ համար են Արմեն Սարգսյանի հանդիպումները. սի՞րտը, թե՞ «ոտքի տեղ» է պետք բացել | Region

Ինչի՞ համար են Արմեն Սարգսյանի հանդիպումները. սի՞րտը, թե՞ «ոտքի տեղ» է պետք բացել

Փետրվար 06,2018 15:58

ՀՀ նախագահի ֆավորիտ թեկնածու Արմեն Սարգսյանը «հանրության լայն շրջանակների» հետ «սերիական» հանդիպումներ է նախաձեռնել: Սակայն ինչ նպատակ են դրանք իրականում հետապնդում, ինչ է ուզում Արմեն Սարգսյանը ճշտել այդ զրույցների ընթացքում՝ դժվար է կռահել: Եթե այդ հանդիպումները նախընտրական են, ապա ինչո՞ւ «լայն շրջանակներին» չի ներկայացվում թեկնածուի նախընտրական ծրագիրը: Եթե ճանաչողական են, ինչո՞ւ չեն լուսաբանվում այնպես, որ հասարակությունը ևս ճանաչի իր ապագա նախագահին: Եթե կոնկրետ թեկնածուն նպատակ ունի իր անձի և առաջադրման մասին ինչ-որ շրջանակների «բերանի գոլն» իմանալ, ապա հարց է՝ հանդիպումներին «կանչվածներից» քանի՞սը կարող են շեղվել Արմեն Սարգսյանին սատարելու, ճանաչված լինելու գովաբանական «թրեկից»:

Սի՞րտը, թե՞ «ոտքի տեղ» է պետք բացել

Մինչ այսօր այդ ժողովների ու դիմավորումների մասին տեղեկատվական հոսքը փաստում է, որ դրանք «բարևային», «ձեռքսեղմումային» բնույթ են կրում: Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ նախագահի գլխավոր թեկնածուն, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, «տեքստ չունի»: Հասարակության մի հատվածում էլ ձևավորվել է այն կարծիքը, որ հանդիպումային այս շոուն շատ ավելի ձևական է, քան բովանդակային:

ՀՀ նախագահի ՀՀԿ-ի սատարած թեկնածու Արմեն Սարգսյանը, ընդունելով Սերժ Սարգսյանի առաջարկը, նշեց. «Իհարկե, անպայման կուզենայի հանդիպել նաև Արցախի Հանրապետության ղեկավարությանը և, իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների, կազմակերպությունների անհատներին: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել ՀՀ նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից: Եվ հուսամ՝ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիների կամ հայ ազգի որդիներից»,- ասել էր Արմեն Սարգսյանը»:

Ո՞վ է մտնում «լայն շրջանակների» մեջ, ի՞նչ չափանիշով են ընտրված այդ շրջանակները: Մի՞թե տվյալ թեկնածուն կարծում է, որ մարդիկ միամիտ են ու չեն հասկանում, որ Ս. Սարգսյանի կողմից առաջադրված լինելու հանգամանքն ինքնին խոսուն ուղերձ է՝ ամենաընդունելի, ամենասպասված և քաղաքակիրթ անձի իմիջ ձևավորելու և նույնաբան ելույթներ ստեղծելու համար: Եվ ուրեմն, եթե Արմեն Սարգսյանի նպատակը հանրային տրամադրությունը, սպասելիքները ճանաչելն է, ապա պարզ է, որ իշխող ուժի և նրա ղեկավարի կողմից դեպի հանրություն «գործուղված» լինելը խեղում է նպատակի բուն իմաստը:

Մեզ հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ճիշտ հակառակ կարծիքը հայտնեց՝ ասելով. «Հանդիպումները նպատակ ունեն, երևի թե, օգնելու Արմեն Սարգսյանին՝ ավելի շատ և ավելի խորը հասկանալ այն իրավիճակը, որում ինքը գործելու է: Անկախ «խաղի կանոններից», պայմաններից, պայմանավորվածություններից, որ ունի Սերժ Սարգսյանի հետ, նա լինելու է մի համակարգում, որը կենդանի օրգանիզմ է: Այդ համակարգն ունի մարտահրավերներ, և Արմեն Սարգսյանն իրավիճակը պետք է հանգամանորեն հասկանա: Իրականում, համակարգի ներսում տեղի են ունենում շատ խորքային պրոցեսներ, և ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին կամ ընդդիմադիր հարթակային հայացքից: Չեմ կարծում, որ այդ հանդիպումները ձևական բնույթի են, ինչ-որ մարդկանց աչքին «թոզ փչելու» կամ խաբելու համար են: Մենք ապրում ենք տեղեկատվական մի դարաշրջանում, երբ մարդկանց աչքին «թոզ փչելու» ժամանակներն այլևս անցյալում են»:

Ցավոք, «թոզ փչելու» ժամանակներն արխաիկ չեն: Շատ հաճախ այդ «թոզերի» վրա կառուցվում են քաղաքական որոշումներ, մեկնաբանություններ, համակարգված աշխատանքի և հետևողականության պատրանքներ: Քաղաքական տեխնոլոգիաների զգալի մասն էլ «թոզ փչելու» ձևերի զարգացման լավագույն հարթակներ են:

Ըստ Հակոբ Բադալյանի՝ հանդիպելով տարեց ակադեմիկոսների կամ դասախոսական կազմերի հետ՝ նախագահի թեկնածուն փորձում է կանխել քաղաքական մարտահրավերները: «Այդ մարդիկ այսօրվա իշխանության ձեռքին եղած ինստիտուտներից կամ «գործիքներից» մեկն են, որոնցով իշխանությունն աշխատում է թե՛ իր ներսում, թե՛ հասարակության հետ: Զուտ շահերից և ռացիոնալությունից ելնելով՝ պետք է հասկանալ նաև այդ «գործիքում» առկա տրամադրությունները՝ ինչ է կատարվում այնտեղ, ինչ է հնարավոր անել, որպեսզի հետո այդ մարդիկ քո դեմ չսկսեն աշխատել: Եթե իշխանության որևէ ներկայացուցիչ խոսում է «լայն շրջանակների» մասին, հասկանալի է, որ նկատի ունեն գոնե այնպիսի շրջանակ, որը ծայրահեղ, արմատական տրամադրվածություն չունի հենց իշխանության հանդեպ: Պրագմատիկ առումով, մենք լավ ենք հասկանում, որ շրջանակ ասելով հասկացվում է անվտանգ, անաղմուկ միջավայր: Կարևորվում է նաև այն հանգամանքը, թե որքանով այդ շրջանակները կարող են օգտակար լինել իշխանության ներսում ներքին դիմակայությունների հարցում»:

Հաշվի առնելով այս ամենը՝ ստացվում է, որ Արմեն Սարգսյանը ոչ թե «սիրտն է բացում» իր լսարանների առջև՝ ներկայացնելով Հայաստանի զարգացման իր պատկերացումներն ու տեսլականը, ծրագրերն ու սպասելիքները, այլ «ոտքի տեղ» է ստեղծում քաղաքական դաշտում՝ հույս ունենալով գոնե այս անգամ երկար մնալ այնտեղ, անցնցում, հանգիստ մթնոլորտում աշխատել: Բայց արդյոք իր խոսքուզրույցները, շփումները հանրային իրական կամերտոնի դեր կարող է տանել, երբ նա չի հանդիպել և, ամենայն հավանականությամբ, չի էլ հանդիպի, օրինակ, արմատական հայացքներ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների, ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների կամ կառավարության շենքի դիմաց մերթընդմերթ խմբվող մարդկանց հետ: Նրանք էլ են ներկայացնում մեր հասարակությունը: Նրանց քվեով են նաև երկրի օրենսդիր մարմին մուտք գործել այն ուժերը, որոնց հետ ծրագրվում է Արմեն Սարգսյանի հանդիպումը:

Ստացվում է՝ նախագահի թեկնածուի հանդիպումներն իրապես միտված են իշխանության մեջ իր երկարակեցությունն ապահովելուն: Ընդ որում, կարևոր էլ չէ, թե ում հետ է նա հանդիպում, կարևորը՝ անձնական իմիջի ձևավորման գործիքներն անվրեպ օգտագործելն է: Հեռուստաընկերություններից մեկին տված իր հարցազրույցում Արմեն Սարգսյանը ջանք չխնայեց իր «դեմ դրվող» երկու առանցքային մեղադրանքները «ցրել»: Խոսքը շրջանառվող այն լուրերի մասին է, որոնք վերաբերում են Վազգեն Սարգսյանի հետ ունեցած իր հակասություններին: Դա որակվեց «կեղծ լուր»: Այդ նույն հարցազրույցում Արմեն Սարգսյանը «բացեց» բիզնես միջավայրում իր ներկայացվածության պատմությունը:

Սակայն, որքանով նա համոզեց իրեն լսող «շրջանակներին» և ինչպիսի տպավորություն թողեց դրանից հետո՝ ցույց կտան վերջինի՝ առաջին ամիսների գործունեության վերաբերյալ ոչ հեռուստատեսային գնահատականները:

Երբ նվազում է արդյունավետությունը, բայց ոչ վերարտադրվելու ցանկությունը

Ըստ Հակոբ Բադալյանի՝ իշխանության ներսում այժմ տեղի է ունենում խորքային վերափոխում, որը բխում է նախորդ համակարգի սպառված լինելու հանգամանքից: «Այս համակարգն իրեն սպառել է: Այդ սպառվածությունը խնդիրներ է առաջացրել ոչ միայն հասարակության և պետության, այլև հենց իր՝ համակարգի համար: Վերափոխվել՝ դառնալ ավելի էֆեկտիվ, որպեսզի անվտանգ շարունակել գործունեությունը: Սա ենթադրում է որոշակի դեմքերի, որոշակի հարաբերությունների, կառուցվածքային, տեխնոլոգիաների, մեթոդների փոփոխություն: Մենք դա տեսնում ենք, և այդ ամենն ամենևին ձևական չէ: Ես չեմ ասում, որ համակարգը փոխվում է, որպեսզի մեր կյանքը լավանա, համակարգը փոխվում է, որովհետև իրենք՝ իշխանությունները, սկսել են դժվարություններ ունենալ: Իրենք իրենց սպառել են և ոչինչ չեն ստեղծել: Ես չեմ ասում, որ իրենք փոխվում են, որպեսզի ժողովրդի կյանքը լավանա: Ժողովրդի կյանքին հասնելու համար դեռ շատ ժամանակ կա»,- նշեց քաղաքական մեկնաբանը:

Անշուշտ, հստակ է, որ իշխանական բուրգի տրանսֆորմացիան նպատակ ունի ապահովելու մեկ կամ մի քանի գործիչների քաղաքական երկարակեցությունն՝ անկախ այն փաստերից, թե Հայաստանն ինչ առաջընթաց է ունեցել վերջին 10 տարիների ընթացքում, ինչպիսի զարգացում է արձանագրել տնտեսությունը՝ ոչ թե իշխանության, այլ իրականության թվերով, ինչ է բարելավվել հայ մարդու կյանքում, հայրենիքում: Այս ցուցանիշներին «բանի տեղ» դնող չկա: Կա մեկ աննվազելի ձգտում՝ ամեն գնով մնալ իշխանության ղեկին՝ ավելացնելով «քաղաքական խամաճիկների» թիվը, նրանցից ձևավորել պատվար, որի վրա կկանգնի ինքը՝ քաղաքական գործընթացներն ըստ սեփական կամքի ուղղորդողը:

Լիլիթ Աղեկյան

Նորություններ