Գայլը բուրդը փոխում է, բայց ատամները մնում են նույնը | Region

Գայլը բուրդը փոխում է, բայց ատամները մնում են նույնը

Հունվար 24,2018 16:03

2018թ.-ի տարեսկիզբը թուրքերը նշանավորեցին նոր ասպատակությամբ: Հունվարի 20-ին Թուրքիայի զինուժը քրդական «ահաբեկչական» զորախմբերի դեմ պայքարելու պատրվակով կրկին հատեց սիրիական սահմանը՝ հրետակոծելով և հրթիռակոծելով քրդաբնակ գյուղերն ու Աֆրին քաղաքը: Տրվեց «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի մեկնարկը:

Հարևանների նկատմամբ նենգ ու անվստահելի գործելաոճը դարձել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական ուղեգիծը, որը ժամանակ առ ժամանակ համեմվում է թուրք առաջնորդի «հաթաթաներով» և «մեղրածոր շաղակրատանքներով»՝ կախված իրավիճակից, կոնկրետ ակնկալիքներից և դիմացինի դերից ու թափից:

Իսկ հիշո՞ւմ եք, երբ Թուրքիայի իշխանությունները 2003-2004 թ.թ.-ին ձեռնամուխ եղան «զրո խնդիր հարևանների հետ» գաղափարն իրականացնելու գործին: Տարիների ընթացքում այդ նախաձեռնության տարբեր շրջափուլեր ձախողվեցին: 2009թ.-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին հայտարարեց. «Մենք նպատակադրված ենք կյանքի կոչել «զրո խնդիր հարևանների հետ» գաղափարը։ Այս աշխարհագրական տարածքի ճակատագիրը մենք որպես մարդկության ճակատագիր ենք ընդունում»։

2007-2009թթ.-ին Հայաստանը ևս հայտնվեց «հարևանների հետ հաշտվելու» ռազմավարության թիրախում: Սակայն կարճ ժամանակ անց թուրքերը «բեմից» ցած իջան: Պատճառնե՞րը. մեղքի զգացումից զուրկ լինելու ախտաբանական խառնվածքը, երեսպաշտությունը, «մեծ եղբոր» վրա Բաքվի ունեցած ազդեցությունը, ազգայնական զանգվածների կանչվռտոցը… բոլորը չթվարկենք:

2016թ.-ի հունիսին «բեմ» բարձրացավ Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով ակնարկեց «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը վերադառնալու մասին: Սակայն, ինչպես սպասվում էր, նախորդի նման, այս գաղափարը ևս ձախողվեց: Նույն թվականի օգոստոսին Թուրքիան հատեց Սիրիայի սահմանը՝ ձեռնարկելով «Եփրատի վահան» ռազմարշավը:

Այսօր Թուրքիան նույն՝ թշնամական հարաբերությունների մեջ է իր հարևան 8 երկրներից մեծ մասի հետ: ԱՄՆ-ի և Եվրոպայի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը համարվում է անցանկալի և անկանխատեսելի, Ռուսաստանի և Իրանի համար՝ կեղծապաշտ և անվստահելի, հարևաններից շատերի համար՝ նենգաբարո և անհանդուրժելի: Եվ այս իրավիճակում Էրդողանը հանդգնում է բոլոր ուժային կենտրոնների «շողքի ներքո» հատել ինքնիշխան պետության սահմանը, տանկերով ու օդանավերով ասպատակել երկրի խորքերը, հրթիռակոծել օտար հերկվորի մշակած, խնամած հողատարածքներն ու կառուցած բնակարանները: Իսկ Բինալի Յըլդըրըմը ոչ վաղ անցյալում հայտարարում էր. «Հավատում եմ, որ Սիրիայում պատերազմը կավարտվի, նորից գեղեցիկ օրեր կգան»:

Ուրիշինը յուրացնելու թուրքական անփոփոխ ձեռագիր, «յալանչի թալանչու» գենետիկ հիվանդություն, ինչը պարբերաբար մուտացիայի է ենթարկվում, սակայն հստակ ախտորոշումը դեռ ոչ ոք չի կարողացել տալ:

Ռուս—թուրքական գործարքի մասին

Ռուս-թուրքական գործարքն ուղղակի կապ ունի սիրիական ասպատակության հետ: Թուրքերը «Ձիթենու ճյուղը» Աֆրինի և շրջակա բնակավայրերի քրդերի վրա սկսեցին թափահարել ռուսների լուռ համաձայնությամբ: Օդային առաջին հարձակումներից հետո՝ հունվարի 21-ին, թուրք զինվորականներն անցան լայնածավալ հարձակման նաև ցամաքում, երբ պաշտոնական Մոսկվան տարածքից հեռացրեց ռուսաստանցի զինվորականներին: Թուրքերին աջակցություն էր ցուցաբերում «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը, ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

Աֆրինի տարածքը շրջապատված է Թուրքիայի կողմից՝ արևմուտքում գտնվում է Հաթայ նահանգը, հյուսիսում՝ Գազիանթեփ ու Քիլիս նահանգները, իսկ արևելքում՝ Ազեզ-Ջերաբլուս գոտին։ Հունվարի 22-ին թուրքերը շուրջ 10 կմ առաջ ընթացան թուրք-սիրիական սահմանից, թուրքական տանկերն արդեն մտել են ավելի քան 70 գյուղ: Քրդական կողմը հայտնում է տասնյակ սպանվածների մասին, ովքեր զոհվել են թուրքական օդուժի ռմբակոծման արդյունքում: Առնվազն 6 հզր մարդ դարձել է փախստական:

Թուրքիայի հիմնական հակառակորդն այստեղ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն» են՝ YPG-ն, թուրքերի գլխավոր մտահոգությունն այն է, որ Սիրիայում չստեղծվի քրդական ինքնավարություն, ինչը կարող է նպաստել անկախական շարժումների ակտիվացմանը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում:

Ռազմական այս գործողությունը լի է քաղաքական ինտրիգներով, որոնք բացահայտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և քրդական ուժերի միջև պայմանավորվածությունների խախտումներից հետո, ինչպես քրդերն են նշում, դավաճանությունից հետո: Քրդերը հայտարարեցին, որ ռուսների իրական նպատակն իրենց ուժերը թուլացնելն է՝ Աֆրինը հետագայում Ասադի վարչակազմին հանձնելու հեռահար ծրագրով: Քրդերը համոզված էին, վստահ էին դրանում, նրանք լավ գիտեն իրենց իրական «բարեկամներին», և նրանց համոզմունքը վերահաստատեց թուրք նախագահը՝ պնդելով. «Մենք հարցը քննարկել ենք մեր ռուսաստանցի ընկերների հետ, մենք պայմանավորվածություն ունենք»: Հարևան պետության տարածք ներխուժման վերաբերյալ տեղեկություն է տրամադրվել նաև պաշտոնական Վաշինգտոնին:

«Սրտեր նվաճելու» թուրքական արվեստը

Ինչպես Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էր անվանել իր նախագահին, «թափթփուկ բռնապետը» հայտարարել է նաև, որ իրենք մտադիր չեն որևէ տարածք օկուպացնել, և իրենց խնդիրը «սրտեր նվաճելն» է: Պարզվում է՝ թուրքական «զրո խնդիր հարևանների հետ» մտապատրանքն ունի իր բարդացումները: Թուրք ժամանակակից ռազմավարները «սրտեր են նվաճում» տանկերով ու հրթիռներով՝ ռմբակոծելով խաղաղ բնակիչներին, ավերելով ինքնիշխան երկրի գյուղերն ու ենթակառուցվածքները:

Մինչ այս, քրդական ուժերը պատրաստակամորեն ցանկանում էին մասնակցել Սոչիում սիրիական հիմնախնդրի շուրջ անցկացվելիք բանակցություններին, սակայն ռուս-թուրք-ամերիկյան «մտերմիկ զրույցներից» հետո իրավիճակը փոխվել է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս անհանգստության ֆոնին անմիջապես հայտարարեց, որ քրդերն ընդգրկված են Սիրիայի ազգային երկխոսության՝ Սոչիում կայանալիք համաժողովին հրավիրվածների ցուցակում: «Ինչ վերաբերում է քրդերի դերին հետագա քաղաքական գործընթացում, ապա, անպայմանորեն, այդ դերը պետք է ապահովված լինի»,- արձագանքեց Լավրովը:

Քրդական կողմը վստահ է, որ Թուրքիայի հարձակումը կարող է նոր ճանապարհ բացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար: Քրդերը նաև պնդում են, որ ԱՄՆ-ն պետք է առավել ակտիվ ջանքեր գործադրի Թուրքիային զսպելու համար, ինչը չի նկատվում, թեև Թուրքիան ցանկանում է առաջ շարժվել մինչև Մանբիջ, որտեղ մանևրում են ամերիկացի զինվորականները: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը կոչ արեց Թուրքիային զսպվածություն ցուցաբերել Սիրիայում քրդերի նկատմամբ… և միայն այդքանը: Իրաքյան Քուրդիստանի նախկին ղեկավար Մասուդ Բարզանին ևս իր մտահոգությունն է հայտնել սիրիական Աֆրինում թուրքական բանակի ռազմական գործողության առնչությամբ՝ նշելով, որ պատերազմն ավելի կբարդացնի Մերձավոր Արևելքում առկա խնդիրները և կմեծացնի բռնության ալիքը:

Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ իրենք մտադիր չեն կանգ առնել, իսկ վերջնական նպատակն Աֆրինում 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավորումն է։

Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան ուղղակիորեն ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայի տարածքում: 2016-ի «Եփրատի վահան» գործողությանը նախորդել էր երկու հիշարժան իրադարձություն՝ «Իսլամական պետության» դեմ Սիրիայի քրդերի հարձակումը և ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկը։ Կրկին ռուս-թուրքական: Մինչ այդ, Ռուսաստանը ռազմական աջակցություն էր ցուցաբերում Սիրիայի քրդերին, իսկ ռուսաստանյան օդանավը խոցելու համար «էրդողանյան խաբեպատիր ներողությունից» հետո թուրքերի առջև կանաչ լույս վառվեց: «Եփրատի վահան» գործողության մեկնարկից հետո թուրքական մամուլը գրեց, որ օսմանների թոռներն ուղիղ 500 տարի հետո վերստին Ջերաբլուսում են, ինչպես 1516թ. օգոստոսին, երբ օսմանյան սուլթան Սելիմի բանակը դաժան ճակատամարտում պարտության մատնեց մամլուքներին: Դա Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության շրջափուլերից մեկն էր, որն իր շարունակությունը պետք է ունենար, թեև ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ այն պետք է իրագործվեր «սրտեր նվաճելով»:

Թուրքական բանակը, սակայն, արդեն սկսել է կորուստներ կրել Աֆրինում և տևական պատերազմի մեջ ներքաշվելու վտանգի առջև է կանգնած: Թուրքիան այս կերպ լուրջ վնաս է հասցնում նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, որովհետև Էրդողանն ուղղակիորեն դեմ է հանդես գալիս Թրամփին և ամերիկյան քաղաքականությանը Սիրիայում:

Հարկավ, Էրդողանի ախորժակի վրա կասկածել պետք չէ, սակայն հետագա առաջխաղացումը հղի է լուրջ վտանգներով. չէ՞ որ «սրտեր նվաճելու» մոլուցքը հատուկ է ոչ միայն օսմանցիներին, այլ նաև այն գերտերություններին, որոնք պատմականորեն ավանդական «սրտակերներ» են:

Ինչ վերաբերում է քրդերին, ապա, անշուշտ, նրանց ծանոթ է «հացը ծնկին» արտահայտությունը՝ դեռ նախորդ դարասկզբից: Մեկ հարյուրամյակ անց ժամանակակից «յալանչիները» ստիպեցին անգամ շվարել քրդերին, ովքեր իրենց ճակատին զգում են բումերանգի հարվածի՝ անգթության, դավաճանության և անտարբերության ցավը:

Էդուարդ Մխիթարյան

Նորություններ