Զարթնա՞ր, լաո, մեռնիմ քեզի, երբ գները կերան մեզի | Region

Զարթնա՞ր, լաո, մեռնիմ քեզի, երբ գները կերան մեզի

Հունվար 12,2018 16:11

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերից Հայաստանում գներն անշեղորեն աճ են արձանագրում: Բարձրացել և բարձրացման «թրեքի» վրա են մի շարք առաջնային ապրանքների գները ևս: Տնտեսական այդ իրողության և դրա հետևանքների մասին առաջին իսկ օրվանից բարձրաձայնում է մամուլը, զայրանում հասարակությունը, որոշակի ելքեր առաջարկում տնտեսական փորձագետների փոքր խումբը: Թանկացումների խնդիրը համարվեց համաշխարհային տնտեսության «մեղքը», հնչած բոլոր մեկնաբանությունները «դասավորվեցին» այդ համատեքստում, պատասխանատու կառույցներն էլ իրենց անելիքը սպառած համարեցին: Իսկ ժողովուրդն էլ, ինչպես միշտ, մնաց ինքն իր դարդի հետ:

Ու հանկարծ 2018 թվականի հունվարի 10-ին «թեթև մրսածությունը» հաղթահարած Սերժ Սարգսյանը հավաքեց տնտեսական բլոկի նախարարներին ու հանձնարարեց՝ գտնել թանկացումների պատճառները: Բոլորը միանգամից հասկացան, որ միջազգային շուկայի վրա հղում անելն այլևս փակված թեմա է, համատարած «աշխարհընկալման ունիֆիկացիան» պետք է կողքի դնել և նոր «գելթոզի» որոնել՝ արդարացնելու շուրջ 5 ամիս ժողովրդին կեղեքող թանկացումները: Ինչպես կատակում են գյումրեցիները, «թեթև մրսածությունը» դրական ազդեց Ս. Սարգսյանի վրա: Դրանից հետո միայն նա տեսավ, թե ինչ է կատարվում երկրում:

Պատժել «դեկաբրիստներին»

Ժամանակին հայ «ԿՎՆ-չիկները», ներկայացնելով Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի՝ ինքնաթիռում քնած մնալու և Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպմանը չներկայանալու պատմությունը, հեղինակեցին թևավոր մի արտահայտություն. «А этим декабристам, которые меня не разбудили, я врежу»: Իհարկե, հետագայում գրվեց ու ասվեց, որ ՌԴ նախկին նախագահը ոչ սթափ վիճակում է եղել: Նախագահի օգնականներին էլ այլ ելք չէր մնացել, քան Իռլանդիայի վարչապետին փոխանցել, որ Ելցինը հոգնածության պատճառով չի կարողացել ներկայանալ հանդիպման:

Մեր պարագայում, հայ «դեկաբրիստները» ՀՀԿ ղեկավարին չեն կարողացել 2017 թվականի սեպտեմբերից ներկայացնել՝ թանկացումներն արդյոք բիզնեսմենների ագահությա՞ն հետևանք են, թե՞ օբյեկտիվ գործընթացի արդյունք: Փաստորեն, մեծ է հավանականությունը, որ բիզնեսմենները տնտեսական հանցագործություն են կատարել, ամիսներ շարունակ «խաղացել են» երկրի տնտեսության հետ ու չեն պատժվել: Ստացվում է, որ մինչ այս գործարարներն ինչ արել են, արել են թույլատրելի ագահությամբ: Հիմա «չափերն անցել են» և հարուցել են «պատրոնի» զայրույթը: Ու կարևոր չէ, որ հանրությունն ամիսներ շարունակ բողոքում է, թե երկրում տնտեսական «վակխանալիա» է, կարևոր չէ, որ բոլորը գիտեն, որ մսի և մի շարք առաջնային սպառման ապրանքների գների թանկացումը պայմանավորված է օլիգարխիկ ագահությամբ, կարևոր չէ, որ ամիսներ շարունակ վայ-բիզնեսմենները «սրի են քաշել» մի ամբողջ երկրի տնտեսությունը, կարևոր չէ, որ «խոսրովահակոբային» տանդեմը ծաղրի է ենթարկում ազգին՝ «կարտոֆիլային» բանահյուսությամբ: Կարևորն այն է, որ բիզնեսմեններն «ագահել» են, գերշահույթ են ստացել, և որևէ մեկը դրանից տեղյակ չէ:

Այս ամենն այնքան տխուր չէր լինի, եթե չլիներ ողբերգական: Հունվարի 10-ին Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ հնչած մտքերը հերթական անգամ փաստեցին, որ երկիրը գրեթե ամբողջությամբ մատնված է անտերության, պետական կառավարման համակարգում գրեթե ոչ մի կառույց չի աշխատում, չի իրականացվում վերլուծական աշխատանք առկա և գալիք մարտահրավերներին դիմակայելու համար: Գրեթե բոլորը զբաղված են էժան պոպուլիզմով, դեմագոգիայով և բռի ստախոսությամբ: Ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների կողմից չի հնչել լուրջ, հիմնավորված տագնապ- գնահատական ահագնացող թանկացումների վերաբերյալ: Ընդդիմադիր և այլընտրանքային հռչակված ուժերի կողմից արված հայտարարությունները, ինչ-որ ցույցեր կազմակերպելու կոչերը լուրջ չեն ընկալվում: Դա կապվում է նաև նրա հետ, որ ընդդիմադիր և այլընտրանքային հորջորջված ուժերի նկատմամբ չկա վստահություն, ծանրակշիռ վերաբերմունք: Խորհրդարանական այլընտրանքային ուժն, օրինակ, կառավարության հետ կատաղի մարտի է բռնվում միայն այն ժամանակ, երբ սոցիալական խնդիրն առնչվում է «Առինջ մոլի» վաճառականներին: Մինչդեռ գլոբալ խնդիրները, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացումը նրանք համարել էին «բյուջեն լցնելու հնարավորություն»:

Գնահատականը ԱԺ նախագահի տեղակալ ԲՀԿ-ական «այլընտրանքային» Միքայել Մելքումյանինն է: Ստացվում է, որ մեր «դեկաբրիստները» իրավիճակը քողարկելու, «վերևինից» հեռու պահելու, վերջինիս «քաղաքական քիմքին» հաճելի դարձնելու համար պատրաստ են «քնեցնել» խնդիրը, արդարացնել օլիգարխիկ քմահաճույքները, քանի դեռ չկա «հարձակվելու» ցուցումը:

Չկա կանխատեսում, չկա կանխարգելում

Ընթերցելով president.am կայքում «Առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների» վերաբերյալ խորհրդակցության մամլո հաղորդակցությունը, հանդիպեցինք այսպիսի մի նախադասության. «Հանձնարարվել է նաև առաջարկել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարևոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների արդյունքում թանկացել են»: Ստացվում է՝ մեզանում սկզբում ընդունում են օրենքներ, հետո նոր որոնվում են մեխանիզմներ այդ նույն օրենքների ազդեցությունը մեղմելու համար: Սա վկայում է, որ թե՛ ԱԺ օրենքներ «բերողները», թե՛ դրանք դակողները պատկերացում չունեն երկրի տնտեսությունից, երկրի բնակչության վիճակից: Եթե օրենքները մտածված չեն, եթե հաշվարկված չեն դրանց տնտեսական և սոցիալական հետևանքները, նշանակում է՝ չկա այդ օրենքի ընդունման նպատակահարմարության, տնտեսական դրական էֆեկտը հիմնավորող փաստարկ:

Նույն խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը նշել էր. «Եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետևանքները»: Նա նաև առաջարկել էր թանկացումները մեղմող ծրագիր մշակել:

«Զարթնա՞ր, լաո»,- տեղին է հարցնել: Թանկացումներն արդեն 5 ամիս է սասանում են Հայաստանի տնտեսությունը, բայց «ծրագիր» մշակելու հանձնարարականը նոր է տրվում: Հետո էլ ստիպում են հավատալ, որ 2017 թվականին տնտեսական ակտիվություն է արձանագրվել կամ 2018 թվականին տնտեսական աճ է գրանցվելու: Եթե պետությունը չունի արագ արձագանքման մեխանիզմներ տնտեսական ցնցումներին դիմագրավելու համար, եթե պետությունն ինքը պոստֆակտումով է փորձում մեղմել իր իսկ ընդունած օրենքների հետևանքները, ի՞նչ տնտեսական աճի կամ ակտիվության մասին կարող է խոսք լինել: Ծիծաղելի է ուղղակի:

«Ինչո՞ւ եք լռում, ո՞վ պետք է սպառողին բացատրություն տա: Մենք պարտավոր ենք, ուղղակի պարտավոր ենք առանց հոգնելու, առանց հաշվի առնելու բազմաթիվ հանգամանքներ մշտապես հանրությանը տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին, մշտապես: Եվ չբավարարվենք միայն նրանով, որ մի փոխնախարար մի օր ասել է, թե որն է այս կամ այն ապրանքի թանկացման պատճառը: Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, այո՛, պետք է մշտապես կանխատեսում անեն և հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է: Երբ որ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Պարզվում է՝ Հայաստանում կան կոնկրետ մարդիկ, ովքեր պատասխանատու են գնաճի համար: Պարզվում է նաև, որ մշտական կանխատեսումներ չեն անում, բայց դա չի խանգարում այդ մարդկանց շարունակել պաշտոնավարել՝ լուռ հետևելով՝ ինչպես է գնաճը տարածվում նոր ապրանքատեսակների վրա: Ստացվում է, որ այդ անպատասխանատու պատասխանատուները չունեն նաև պատասխանատու վերահսկողներ:

Արդյունքում՝ հանցավոր անգործների «ինստիտուտը» նմանվել է հրեշավոր տզրուկի, որը քաշում է երկրի, պետության, ժողովրդի արյունը: Չկա որևէ գործուն մեխանիզմ, միջոց, հնար ու ձև «արյուն քաշողների» այս բուրգը քանդելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ մեր երկիրը կառավարվում է «ավտոպիլոտով»՝ մինչև «կկուն կկանչի» կամ «լաոն կզարթնի»: Ցավն այն է, որ այս իրավիճակը բնավ չի խանգարում ոմանց խեղած պահել երկրի քաղաքական էկոլոգիան, 2018 թվականի գարնանից նոր ուժով տարուբերել երկրի քաղաքական և տնտեսական առօրյան:

Լիլիթ Աղեկյան

Նորություններ