Ո՛չ միայն Կատալոնիան. Արեւմտյան Եվրոպայի ո՞ր տարածաշրջաններն են ձգտում անկախության | Region

Ո՛չ միայն Կատալոնիան. Արեւմտյան Եվրոպայի ո՞ր տարածաշրջաններն են ձգտում անկախության

Հոկտեմբեր 14,2017 13:57

Կատալոնիայի անկախության հանրաքվեն թեժացրեց իրավիճակը եւ նպաստեց անջատողական տրամադրությունների աճին Եվրոպայում: Իրականում մի շարք արեւմտաեվրոպական տարածաշրջաններ արդեն տասնյակ, հարյուրավոր տարիներ ձգտում են անկախության: Ո՞ր տարածաշրջանները կարող են հետեւել Կատալոնիայի օրինակին:

Կատալոնիա

Արեւմտյան Եվրոպայում անկախության վերաբերյալ կոչերն այնքան բարձր չեն հնչում, որքան Կատալոնիայում: Ֆրանսիսկո Ֆրանկոյի բռնապետության շրջանում՝ 1936-1975թ.թ.-ին, Իսպանիայում արգելվեց կատալոներենը: Սակայն 1970-ականներին այդ տարածաշրջանը քաղաքական եւ մշակութային ինքնավարության բարձր աստիճան ստացավ: Այսօր 7,5 մլն կատալոնացիներից շատերի համար դա բավարար չէ:

Իսպանիայի ձեւավորումից ի վեր կատալոնացիները երբեք չեն հրաժարվել ազգային ինքնուրույնության եւ անկախ պետության վերականգնման գաղափարից: Իսպանական միապետների կողմից կատալոնացիների ինքնուրույնության վերացման կամ ներքին գործերին խառնվելու ցանկացած փորձ վերածվել է ազգային ապստամբության եւ պատմական տարբեր ժամանակաշրջաններում կատալոնացիները փորձել են վերականգնել իրենց անկախությունը:

Բասկերի երկիր

Բասկերի երկիրը միշտ համարվել է Եվրոպայում անջատողականության գլխավոր օջախներից մեկը: Ժամանակին բասկյան փոքրամասնությունն ավելի մարտական էր տրամադրված, քան կատալոնացիները: 1961-2011թ.թ.-ին բասկյան անջատողական ЕТА խմբավորման անդամները սպանել են ավելի քան 800 մարդու, սակայն հետագայում նրանք հրաժարվեցին բռնություններից:

Այսօր բասկ ծայրահեղականներն անկախության ձեռքբերումն առաջնային նպատակ չեն համարում եւ ձգտում են առավել լայն լիազորություններով ինքնավարության: Բասկերի երկրի ու Կատալոնիայի շուրջ ծավալվող իրադարձություններն ու խնդիրները տարբեր են, սակայն երկուսին միավորում է հանրաքվե անցկացնելու գաղափարը:

Շոտլանդիա

Չնայած այն հանգամանքին, որ Անգլիայի հետ Շոտլանդիայի քաղաքական-տնտեսական միությունն ավելի քան 300 տարվա պատմություն ունի, շոտլանդացիները միշտ ձգտել են անկախության: Նրանք սեփական խորհրդարանն ունեն, սակայն շոտլանդական կառավարությունը լիարժեք ինքնավարություն է ցանկանում: Անկախ այդ ամենից, շոտլանդացիների 55 տոկոսը 2014թ.-ի հանրաքվեին դեմ քվեարկեց տարածաշրջանի անկախացմանը: Շոտլանդացիների 62 տոկոսը դեմ է արտահայտվել նաեւ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն (Brexit-ին):

Շոտլանդացիներն ապացուցել են աշխարհին, որ առանձնանալն օրինական, իրական քաղաքական հնարավորություն է, որից կարող են օգտվել փոքր ազգերը, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են մեծ պետության կազմում:

Ֆլանդրիա

2014թ.-ին Բելգիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ «Նոր ֆլամանդյան ալյանս» ազգայնական կուսակցությունը: Նրա առաջնորդ Բարթ դը Վեվերը վստահ է, որ Բելգիան որպես պետություն շուտով գոյություն չի ունենա: Վեվերը ցանկանում է բանակցությունների ճանապարհով հասնել զարգացած հյուսիսային տարածաշրջանի՝ Ֆլանդրիայի ինքնուրույնությանը եւ անկախությանը:

Ֆլամանդյան անջատողականությունն առանձնահատուկ է իր բնույթով: Բելգիան կազմված է Ֆլանդրիայից, որտեղ հոլանդերեն են խոսում, Վալոնիայից, որտեղ խոսում են ֆրանսերեն ու գերմաներեն, եւ Բրյուսելից , որտեղ 2 պաշտոնական լեզու է գործում՝ հոլանդերեն եւ ֆրանսերեն: Ֆլանդրիայի անկախացման դեպքում Բելգիան կկորցնի բնակչության ավելի քան 50 տոկոսին եւ իր տնտեսական հզորությունը: Առայժմ դադարեցվել են այդ տարածաշրջանի անկախացման շուրջ բանավեճերը եւ Բելգիան դեռեւս կանգնած չէ մասնատման վտանգի առաջ:

Իտալական հյուսիս

Իտալիայի հյուսիսային հատվածի անկախացման փորձերը զուտ տնտեսական դրդապատճառներ ունեն: Զարգացած արդյունաբերության եւ բանկային համակարգի շնորհիվ հյուսիսային շրջանները՝ Լոմբարդիան, Պյեմոնտը, Լիգուրիան, Վենետոն եւ Էմիլիա-Ռոմանիան զգալի ներդրում ունեն իտալական ՀՆԱ-ի ձեւավորման մեջ: Տեղաբնակներից շատերը համոզված են, որ մեծ դժվարությամբ վաստակած իրենց գումարներն անխնա կերպով վատնում են կենտրոնական եւ հարավային տարածաշրջանները:

Դեռեւս 1990-ականներին Lega Nord կուսակցությունը հասավ նրան, որ Պադանիա կոչվող տարածաշրջանն առանձնացավ Իտալիայից:

Մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը գերմանախոս Հարավային Տիրոլը պատկանում էր Ավստրո-Հունգարիային: Այնուհետ այդ տարածաշրջանն անցավ Իտալիայի տիրապետության տակ: 1950-ականներին Հարավային Տիրոլը ձեռք բերեց քաղաքական եւ մշակութային լայն ինքնավարություն: Այդ բարգավաճող տարածաշրջանում անջատողական տրամադրություններն աճեցին, երբ եվրոյի գոտում տեւական ճգնաժամ առաջացավ: Հարավային Տիրոլի շատ բնակիչներ չեն ցանկանում, որ իրենց ուսերի վրա դրվեն ամբողջ Իտալիայի հոգսերն ու խնդիրները: Այդ պատճառով այնտեղ հաճախ են հնչում «Ազատություն Հռոմից» կոչերը:

Կորսիկա

Ֆրանսիական իշխանությունները երկար ժամանակ փորձեցին կորսիկական լեզուն դուրս մղել այդ միջերկրածովյան կղզուց եւ ճնշեցին կորսիկացիների անկախանալու փորձերը: «Կորսիկայի ազատագրման ազգային ճակատ» անջատողական կազմակերպության անդամները բազում տարիներ զենքը ձեռքերին ձգտում էին հասնել տարածաշրջանի ինքնավարությանը՝ դիվերսիաներ ձեռնարկելով պետական ծառայողների դեմ:

Կորսիկային ինքնավարություն շնորհելու նախաձեռնությունները սրերով էր ընդունում պահպանողական ընդդիմությունը, որի ներկայացուցիչները մտավախություն ունեին, որ նույն պահանջը կարող են ներկայացնել նաեւ Ֆրանսիայի մյուս տարածաշրջանները՝ Բրետանը, Էլզասը, Պրովանսը, ինչը սպառնալիք կլինի երկրի միասնությանը: Միայն 2014թ.-ին անջատողականները հրաժարվեցին զինված պայքարից, սակայն նոր առճակատումները չեն բացառվում:

Բավարիա

Բավարացիները մյուսներից առավել քիչ են մտածում սեփական պետության ձեւավորման մասին: Վերջիվերջո Գերմանիայի դաշնային այդ հողերն արդեն այսօր պաշտոնապես անվանում են «Բավարիայի հանրապետություն»: Այն Գերմանիայի ամենախոշոր եւ զարգացած տարածաշրջանն է: Բավարիայում բնակվում է մոտ 13 մլն մարդ՝ ավելի շատ քան Շվեդիայում կամ Պորտուգալիայում:

Բավարացիների մոտ եւս անկախանալու ձգտումներ են ի հայտ գալիս, քանի որ նրանք եւս կարծում են, որ իրենց հաշվին փոխհատուցում են համեմատաբար թույլ զարգացած տարածաշրջաններին: Սակայն նման անջատողական տրամադրությունները բնակչության շրջանում մասսայական բնույթ չեն կրում:

 

Էդուարդ Մխիթարյան

Նորություններ