ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատողների և նրանց կանանց ունեցվածքը | Region

ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատողների և նրանց կանանց ունեցվածքը

Սեպտեմբեր 26,2017 13:58

Ներկայացնենք ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատող անձանց և նրանց ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերից տեղեկություններ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան

Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2017թ.) նշված է բնակարան, ավտոտնակ: Շարժական գույքի մասին տեղեկություններ չկան: ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի դրամական միջոցները 2017-ին կազմել են 15 մլն ՀՀ դրամ, 90 հազար ԱՄՆ դոլար և 4000 եվրո: Աշխատանքից ստացած վարձատրությունը՝ 3 մլն 609 հազար ՀՀ դրամ:

Նախարարի տիկինը՝ Լուսինե Գրիգորի Գալաջյանը, 2016 թվականին ավելի քան 10 մլն դրամով ձեռք է բերել TOYOTA CAMRY 2.5 GAS ավտոմեքենա: Դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 26 հազար ԱՄՆ դոլար: Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը՝ ավելի քան 12 մլն ՀՀ դրամ:

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Լյուդվիկի Դավթյան

ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2017թ.) նշել է 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, անհատական բնակելի տուն: Դրամական միջոցները՝ 20.000 ԱՄՆ դոլար, 2 մլն ՀՀ դրամ: Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է շուրջ 3 մլն դրամ:

 

ՀՀԿ-ական Արտակ Դավթյանի կնոջ ունեցվածքն է հատկապես ուշադրության արժանի: Անահիտ Մարատի Գաբրիելյանը փոխառության է հանձնել 428 հազար 810 ԱՄՆ դոլար գումար: Հարկային տարվա վերջում (2016թ.) դրամական միջոցները կազմել են 80 մլն ՀՀ դրամ և 150 հազար ԱՄՆ դոլար:
Փոխառության դիմաց ստացած տոկոսը կազմել է շուրջ 73 մլն դրամ: Վարձակալության դիմաց ստացել է 16 մլն ՀՀ դրամի չափով վճար: Տիկնոջ՝ աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմում է մոտ 3,5 մլն ՀՀ դրամ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է երկու բնակարան, անհատական բնակելի տուն և ավտոտնակ: Զաքարյանը հայտարարագրել է նաև MERCEDES-BENZ S 320 ավտոմեքենա: Դրամական միջոցների չափը կազմել է 7,5 մլն դրամ, աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը՝ շուրջ 3 մլն ՀՀ դրամ:
Զաքարյանի կնոջ հայտարարագրի պարունակությունը դատարկ է:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Բենհուրի Փախչանյան

Դավիթ Փախչանյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է երկու հողամաս, երկու անհատական բնակելի տուն, բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք:
AUDI A6 V6 2.8 ավտոմեքենա է հայտարարագրել ՊՆ աշխատակիցը և տարբեր արժեքներով բաժնեմասեր՝ տասը ընկերություններում (1 մլն 450 հազար ռուբլի, 18.630 ռուբլի, 3000-ական ռուբլի, 4050 ռուբլի, 4000-ական ռուբլի, 3700 ռուբլի, 8 մլն 250 հազար դրամ, 44 մլն 250 հազար դրամ):

 

Հանձնել է փոխառության 17.600 ԱՄՆ դոլար գումար: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3400 ԱՄՆ դոլար և 1 մլն 230 հազար ռուսական ռուբլի: Ստացած եկամուտներում նշված է շահաբաժին՝ 10 մլն 179 հազար ռուսական ռուբլի, և վարձակալության դիմաց ստացած վճար՝ 589 հազար 633 ռուսական ռուբլի:

Նրա կնոջ՝ Մարինա Նորայրի Ասատրյանի հայտարարագրում ևս զգալի ունեցվածք կա. 8900 ԱՄՆ դոլար, հարկային տարվա սկզբում 2 մլն 370 հազար ռուսական ռուբլի, հարկային տարվա վերջում՝ 1 մլն 985 հազար ռուբլի:
Աշխատանքի դիմաց Մարինա Ասատրյանը ռուսական ռուբլով է ստացել վարձատրություն՝ 241 հազար 860 ռուբլի, վարձակալության դիմաց ստացել է վճար՝ 1 մլն 308 հազար ռուսական ռուբլի:

Տարեկան հայտարարագրում Դավիթ Փախչանյանը դարձյալ նշել է օտարված չորս ընկերության բաժնեմասեր (210 հազար ռուբլի, 3700 ռուբլի, 606 հազար և 160 հազար ռուսական ռուբլի):

Դրամական միջոցները կազմել են 2500 ԱՄՆ դոլար, 2 մլն 340 հազար ՀՀ դրամ և 990 հազար ռուսական ռուբլի:

Աշխատանքի դիմաց ՊՆ-ում աշխատող պաշտոնյան ստացել է ավելի քան 3 մլն ՀՀ դրամ աշխատավարձ:

Շահաբաժնից ստացել է ավելի քան 10 մլն ռուսական ռուբլի, վարձակալության դիմաց վճար՝ 694 հազար ռուբլի և գույքն օտարելուց ստացված եկամուտն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 1 մլն ռուսական ռուբլի:

Պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Բաբուրյանը չի ներկայացրել հայտարարագիր:

ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Վյաչեսլավի Հայրապետյան

Գառնիկ Հայրապետյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2017թ.) նշված է միայն աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը՝ ավելի քան 3 մլն ՀՀ դրամ, և կենսաթոշակ՝ 978 հազար դրամ:

Գառնիկ Հայրապետյանի ընտանիքի անդամների հայտարարագրերը ներկայացված չեն:

Սերգեյ Սերգեյի Աբովյանը զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովում բացակայում են նրա և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը:

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Գագիկի Ղուլյան

Ղուլյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2017թ.) նշված է HYUNDAI SONATA 2.0 մակնիշի մարդատար տրանսպորտային միջոց:

Ղուլյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 19 մլն 800 հազար ՀՀ դրամ, 44.000 ԱՄՆ դոլար և 17 հազար 450 եվրո: Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է 1,5 մլն դրամ:

Ընտանիքի անդամների հայտարարագրեր չկան ներկայացված:

Սուրեն Զավենի Պողոսյանը զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Ներկայացված չէ ոչ նրա, ոչ նրա կնոջ հայտարարագիրը:

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Իշխան Հմայակի Վարդանյան

Իշխան Վարդանյանի հայտարարագրում նշված է բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում: Փոխառության է հանձնել 1 մլն 500 հազար դրամ: Դրամական միջոցներ հայտարարագրված չեն: Ստացել է փոխառություն՝ 1,5 մլն դրամի չափով, աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է 3 մլն 180 հազար ՀՀ դրամ:

Կարեն Ալեքսանի Կարապետյանը զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը:

Նա, սակայն, հայտարարագիր չի ներկայացրել:

ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի տեղակալ — գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վլադիկ Աշոտի Հովհաննիսյան:

Հովհաննիսյանի՝ 2017 թվականին ներկայացրած հայտարարագրում նշված է ամառանոց և բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում: Վլադիկ Հովհաննիսյանը փոխառության է հանձնել 27 մլն 969 հազար 115 ՀՀ դրամ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 5 մլն ՀՀ դրամ: Աշխատանքի վարձատրությունը կազմել է շուրջ 4 մլն ՀՀ դրամ, կենսաթոշակը՝ 903 հազար ՀՀ դրամ:

Վլադիկ Հովհաննիսյանի կնոջ ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ չկան:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ռուբենի Ալթունյանի ունեցվածքի վերաբերյալ ևս տեղեկություններ չկան:

ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Արմոյի Շիրինյան

Շիրինյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված չէ անշարժ կամ շարժական գույքի առկայության մասին:

Դրամական միջոցների չափը կազմել է 10.000 ԱՄՆ դոլար և 1 մլն ՀՀ դրամ: Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է 4 մլն 945 հազար ՀՀ դրամ, ստացել է փոխառություն (վարկ) 2 մլն դրամի չափով: Մհեր Շիրինյանի ընտանիքի անդամների հայտարարագրերի սյունակը դատարկ է:

Արմենուհի Վարդանյան

 

Նորություններ