Թաքնված մեծահարուստներ՝ ՀՀ մարզպետների շարքերում. ո՞վ է ամենահարուստը՝ ըստ հայտարարագրերի | Region

Թաքնված մեծահարուստներ՝ ՀՀ մարզպետների շարքերում. ո՞վ է ամենահարուստը՝ ըստ հայտարարագրերի

Հոկտեմբեր 20,2015 14:49

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերը բավականին ուշագրավ մանրամասներ են հաղորդում Հայաստանում գործող մարզպետների ունեցվածքի վերաբերյալ: Եթե համապատասխան մարմիններն իրականում պարապուրդի մատնված չլինեին, բնականաբար, այս հայտարարագրերը բավական էին լուրջ ուսումնասիրություն ծավալելու համար, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ տարեկան 2 կամ 3 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարզպետները հասցրել են կուտակել միլիարդներ, անհայտ աղբյուրներից ստանալ խոշոր չափի նվիրատվություններ:

Ներկայացնենք էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված ՀՀ-ում գործող մարզպետների եւ նրանց հարազատների հայտարարագրերը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ներկայացրած հայտարարագրում չկան տվյալներ 2014 թվականին հանձնված փոխառությունների, ձեռք բերված շարժական եւ անշարժ գույքի վերաբերյալ:

Նրա եկամուտները հարկային տարում կազմում է 4,874,634 դրամ:

Աշխատանքից ստացված վարձատրությունը մոտ մեկ միլիոնով պակաս է նշված Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի 2014 թվականի տարեկան հայտարարագրում ՝ 3,303,937 դրամ:

Սակայն նրա դրամական միջոցներն ակնհայտորեն աճել են: Հայտարարագրի համաձայն՝ Ռուբիկ Աբրահամյանն ունի 10 մլն ՀՀ դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար եւ 15 հազար եվրո:

Նրա կնոջ՝ Նաիրա Ներսիսյանի դրամական միջոցները եւս նախորդ տարի ինտենսիվ աճ են արձանագրել: Եթե հարկային տարվա սկզբում նա հայտարարագրել է 12 մլն դրամ, 18.000 ԱՄՆ դոլար եւ 8000 եվրո, տարեվերջին արդեն նշված է՝ 15 մլն դրամ, 21 հազար ԱՄՆ դոլար եւ 16 հազար եվրո:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը 2014 թվականին հայտարարագրել է 21,340,000 դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 15,628,000 դրամ: Աշխատանքի դիմաց 2014 թվականին վարձատրվել է 5,616,803 ՀՀ դրամ: Այլ միջոցներ նա չի հայտարարագրել:

Մարզպետի կինը՝ Արփիկ Ղահրամանյանը, ավելի հարուստ է: Նրա դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 21,340,000 ՀՀ դրամ:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հայտարարագրում բացի աշխատավարձից որեւէ այլ տվյալ չկա: 2014 թվականի եկամտի չափը կազմել է 6,620,915 ՀՀ դրամ:

2011 թվականին նրա հայտարարագրում որպես ԱԺ պատգամավոր նշված է 18 մլն դրամով ձեռք բերված NISSAN MURANO ավտոմեքենա, ավելի քան 7 մլն դրամ եկամուտ եւ 8 մլն դրամ փոխառություն:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «բավականին» ապահովված է: Մոտ երկու միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարզպետի դրամական միջոցները 2014 թվականին կազմել են 1,214,149,50 ՀՀ դրամ եւ 229,862 հազ. ԱՄՆ դոլար:

Համեմատության համար նշենք, որ Լոռու մարզպետը 2011 թվականին հայտարարագրել է 53 մլն դրամ եւ շուրջ 82.000 դոլար: Ուշագրավն այն է, որ 2011 թվականին Արթուր Նալբանդյանը ստացել է 50 մլն դրամ եւ 80,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն:

2015 թվականին Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնած Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 1,344,950,000 ՀՀ դրամ եւ 81.500 ԱՄՆ դոլար:

Կարապետ Գուլոյանի կինը՝ Ռոզա Ծառուկյանը, ունի 17 մլն դրամ եւ 44.000 հազար ԱՄՆ դոլար:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը չի հայտարարագրել շարժական եւ անշարժ գույք, ձեռքբերված կամ օտարված թանկարժեք իրեր, փոխառություններ: 2014 թվականին Ցոլակյանը հայտարարագրել է 16,888,000 ՀՀ դրամ:

3,085,560 դրամ կազմել է նրա տարեկան կենսաթոշակը եւ 4,545,491 դրամ՝ աշխատավարձը:

Որպես ԱԱԾ տնօրենի տեղակալ 2011-ին նրա դրամական միջոցները կազմել են 9,000,000 ՀՀ դրամ, եկամտի չափը՝ 6,543,578 ՀՀ դրամ:

Ֆելիքս Ցոլակյանի կինը՝ Զինաիդա Բարսեղյանը, 2014 թվականին ունեցել է 6,620,000 հազար դրամ:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 7,500,000 ՀՀ դրամով ձեռք է բերել TOYOTA LAND CRUISER մակնիշի ավտոմեքենա: 2,5 մլն դրամ աշխատավարձ ստացող մարզպետի դրամական միջոցները 2014 թվականի տարեսկզբին կազմել են 40 մլն ՀՀ դրամ եւ 200.000 ԱՄՆ դոլար, հարկային տարվա վերջում՝ 31,300,000 ՀՀ դրամ եւ 110 հազար ԱՄՆ դոլար:

Մարզպետի աշխատավարձ չստացող կինը եւս խոշոր կարողության տեր է, գրեթե երեք անգամ ավելի շատ միջոցների է տիրապետում, քան ամուսինը: Աննա Ազատյանը հայտարարագրել է 101 մլն ՀՀ դրամ եւ 400.000 ԱՄՆ դոլար:

Հովիկ Աբովյանի դուստրը՝ եկամուտ չհայտարարագրած Անուշ Աբովյանը, 15,000,000 դրամով նույն թվականին ձեռք է բերել TOYOTA RAV 4 2.0 GAS մակնիշի ավտոմեքենա, իսկ 1,320,000 ՀՀ դրամ աշխատավարձ ստացող որդին՝ Աշոտ Աբովյանը, 20 մլն դրամով ձեռք է բերել MERCEDES-BENZ G55 AMG ավտոմեքենա:

Վայոց ձորի մարզպետը՝ Հարություն Սարգսյանը 2014 թվականին հայտարարագրել է միայն աշխատավարձը՝ մոտ երեք միլիոն դրամ:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2014 թվականին հայտարարագրել է ընդամենը 2,999 հազար ԱՄՆ դոլար, 1,5 մլն դրամ աշխատավարձ:

Վարձակալության դիմաց նա ստացել է 16,200,000 ՀՀ դրամ, իսկ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը կազմում է ավելի քան 197 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզպետը հայտարարագրել է շուրջ 215,202,684 դրամ եկամուտ:

Նշենք, որ 2011 թվականին Սուրիկ Խաչատրյանը հայտարարագրել է միայն 2,359,603 ՀՀ դրամ աշխատավարձ, 2012 թվականին բաժնետոմսերի վաճառքից ստացել է 7 միլիարդ դրամ եկամուտ: Նույն թվականին տիրապետել է 2,5 միլիարդ ՀՀ դրամի եւ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի:

Սյունիքի մարզպետի կինը՝ Լորետա Բարսեղյանը, 2014 թվականին ոչինչ չի հայտարարագրել, 2011-2012 թվականներին՝ միայն աշխատավարձ:

Որդու՝ Տիգրան Խաչատրյանի հայտարարագիրը եւս դատարկ է: 2012 թվականին նա հայտարարագրել է ընդամենը 360.000 դրամ աշխատավարձ:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ