Տարեկան շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար՝ ՀԷՑ-ից՝ «փեսային» | Region

Տարեկան շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար՝ ՀԷՑ-ից՝ «փեսային»

Հոկտեմբեր 03,2015 14:58

Ձորագետի հիդրոէլեկտրակայանը շատ կարեւոր նշանակության կառույց է` բավականին մեծ պոտենցիալ ունեցող, ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա արտադրող: Պետական սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ը ճիշտ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը: Իսկ արդեն 2011 թվականին ՀԷԿ-ի լուծարման գործընթաց սկսվեց: Պաշտպանության նախարարությունը դրա անհրաժեշտությունը պայմանավորեց նրանով, որ կայանի ողջ գույքն արդեն իսկ վաճառված է «Ձորագետ Հիդրո» մասնավոր ընկերությանը: Այն, որ այս ընկերության իրական սեփականատերը Միքայել Մինասյանն է, հրապարակայնացնել պետական մարմինները համառորեն չեն ցանկանում: Հարցումներ ուղարկվել են էներգետիկայի նախարարությանը, սակայն կոնկրետ պատասխաններ չեն տրվել:

«Օրհուս»-ի ուղարկած հարցմանը, թե ՀՀ կառավարության «բարեփոխման» արդյունքում ո՞ր ՀԷԿ-երն են վերափոխվել փոքր ՀԷԿ-երի եւ ովքե՞ր են այդ ՓՀԷԿ-երի սեփականատերերը՝ խնդրելով տրամադրել այդ սեփականատերերի ցանկը, իշխանության համապատասխան օղակները հարկ են համարել պատասխանել մասամբ՝ միայն առաջին հարցին, որ փոփոխության արդյունքում փոքր ՀԷԿ-ի կարգավիճակ է ձեռք բերել միայն «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն:

Իմիջիայլոց նշենք, որ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում կազմակերպության գտնվելու վայր նշված է ք. Երեւան, Գարեգին Նժդեհ 56/2 հասցեն:

Այս հասցեում է գտնվում «Ջազզվե» ՍՊԸ-ն, որի հիմնադիրն է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:nkar1

Այս հասցեում է գտնվել նաեւ Միքայել Մինասյանի եղբորը՝ Գրիգոր Մինասյանին պատկանող «ԷՅ ԷՄ» իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակը:

Մեկ ուշագրավ հանգամանք եւս՝ այս հասցեն նշված է նաեւ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում՝ որպես գործունեությունը կասեցված Միքայել Մինասյան անվամբ քաղաքացու բնակության հասցե:

Ակնհայտ է, որ հասցեն ուղղակիորեն կապված է Մինասյանների գործունեության հետ, թեեւ պաշտոնապես նրանք մշտապես խուսափել են հրապարակային նշել, որ կապ ունեն «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի հետ:

«ԷՅ ԷՄ» իրավաբանական գրասենյակից փոխանցեցին, թե իրենք պարզապես ուշադիր չեն եղել, որ Գ.Նժդեհի 56/2 հասցեն շարունակում է պահպանվել մի շարք կայքերում՝ որպես իրենց գլխամասային գրասենյակ:

AM իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում մանրամասնեց, որ այժմ գլխամասային գրասենյակի հասցեն փոխվել է.

«Մենք այդ հասցեի եւ այդ հասցեում գտնվող ընկերությունների հետ վաղուց խզել ենք մեր բոլոր հարաբերությունները: Ժամանակին այդ հասցեում գտնվող ընկերությունները եղել են մեր հաճախորդները, եւ այդ հասցեում մեր մի քանի իրավաբաններ տեղում սպասարկել են նրանց»:

Ինչ վերաբերում է նույն հասցեն որպես բնակության վայր նշած Միքայել Մինասյանին, Գրիգոր Մինասյանը պարզաբանեց, որ դա ոչ թե իր եղբայր Միքայել Մինասյանն է, այլ հորեղբոր տղան: «Վատիկանում դեսպան Միքայել Մինասյանի հորեղբոր տղան է, ով ներկայումս աշխատում է արդարադատության նախարարությունում՝ վերահսկողական տեսչության պետ: Նրանք երկուսն էլ ինձ հետ ունեն արյունակցական կապ, բայց ոչ մի առնչություն չունեն իմ իրավաբանական ընկերության հետ, ինչպես նաեւ որեւէ կերպ չեն հարաբերվում ինձ հետ»:

Անդրադառնալով «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի գործունեությանը, նշենք, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության որոշումը Հովիկ Աբրահամյանի օրոք այդպես էլ չի վերանայվել: Հովիկ Աբրահամյանի գլխավորած գործադիր մարմինը եւս շարունակում է ջուր լցնել «փեսայի» ՀԷԿ-ի «ջրաղացին»՝ ՀՀ քաղաքացիների հաշվին: Հայաստանի էլեկտրական ցանցերը խրախուսական սակագին է շարունակում վճարել այս ընկերությանը, արդյունքում, տարեկան շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումար է փոխանցվում արհեստականորեն փոքրացված, բայց միջին հզորություն ունեցող «Ձորագետ Հիդրո»-ին:

Սա ընդամենն օրինակներից մեկն է, թե ինչու է սպառողների համար բարձրացվում էլեկտրաէներգիայի սակագինը, որովհետեւ իշխանությունների համատեղ ջանքերով արվում է այնպես, որ Սերժ Սարգսյանի մերձավորները գերշահույթ ստանան: Սա նշանակում է, որ միայն ՀԷՑ-ի կառավարիչները չէ, որ պետք է պատասխանեն հարցադրումներին, թե ինչու է Հայաստանում հոսանքն անհամեմատ ավելի թանկ, քան, ասենք, հարեւան Վրաստանում:

Շարունակելի…

Արմենուհի Վարդանյան

Նորություններ