Ի՞նչ ասել է՝ զգալ «տիեզերական մեծություն» ՝ մի կտոր Հայաստանում | Region

Ի՞նչ ասել է՝ զգալ «տիեզերական մեծություն» ՝ մի կտոր Հայաստանում

Օգոստոս 20,2015 15:11

«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանն այսօր հրապարակված բաց նամակով հայտնեց պատրաստակամություն՝ սեղմելու հաշտության նպատակով իրեն մեկնված ձեռքը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում կրկնակի ծանր կացության մեջ է հայտնվել իր ղեկավարած «Էյր Արմենիա» ավիաընկերությունը: Արսեն Ավետիսյանը նամակում նաեւ նշել է, որ բուժումն ավարտելուց հետո ինքը կտա հասարակության հուզող հարցերի պատասխանները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն առևանգել են «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ու նրան ծեծի ենթարկել:

Չնայած այս ամենին, քրեական գործ դեռեւս չի հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեն միջադեպի հետ կապված տարբեր անձանցից բացատրություններ է վերցրել, զննել դեպքի վայրը, սակայն դեռեւս խոսք չկա քրեական գործ հարուցելու մասին:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն, անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, չբացառեց, որ սա կարող է լինել պարտադրված հաշտություն. «Այդ ձեռքսեղմումները Հայաստանում այնքան վատ ավանդույթ են դարձել: Նախ քրեական գործն արդեն պետք է հարուցված լիներ, պետք է մեղադրանքը ներկայացված լիներ: Քանի որ այդ ամենը չարվեց, հաշտության ձեռք մեկնեցին: Պետք է հաշվի առնել նաեւ այս հանգամանքը՝ որեւէ անձ, որը Հայաստանում ունի սեփականություն կամ որեւէ պաշտոն է զբաղեցնում, նա ենթակա է հանցագործ մաֆիային: Նա չի կարող պայքարել հանցագործ մաֆիայի դեմ: Եթե նա ուզում է իր արժանապատվությունը պահի, նա պետք է հրաժարվի իր բիզնեսից, պաշտոնից եւ այլն: Հակառակ դեպքում նրան էն օրը կգցեն, որ «շունը ձեռքից հաց չի վերցնի»: Այն, որ քրեական գործ չէր հարուցվել եւ չէր հարուցվելու, շատ բնական է, քանի որ այդ անձինք գտնվում են Սերժ Սարգսյանի հովանավորության տակ, նրա կամակատարներն են»,- նշեց Ռուբեն Մարտիրոսյանը:

Քրեական գործ հարուցելու համար համապատասխան մարմինները, ըստ իրավապաշտպանի, նախ պետք է ստանան Սերժ Սարգսյանի «դաբրոն»: Ինքնակամ այս կարգի հասարակական հնչեղություն ստացած գործում նրանք չեն կարող համարձակ եւ օրենքի տառին համահունչ որեւէ քայլ կատարել:

«ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ չի հարուցում, դատախազությունը չի պարտադրում գործ հարուցել, եթե ոչ մեկը չի խառնվում, ուրիշ ի՞նչ տարբերակ կար: Նրանք հատուկ «խաղաոճ» ունեն՝ ոտքերը կախ են քցում, սկսում են հետաքննությունից, իբր նյութեր են հավաքում, դեպքի վայր են զննում եւ այլն: Զուգահեռաբար բոլորին ասում են՝ մենք ջուր ենք ծեծում, դու քո գործն արա: Նորից եմ կրկնում՝ տուժողին մնում էր երկու տարբերակ. կամ թքել բիզնեսի ու ունեցվածքի վրա եւ պայքարել իրավունքների եւ արժանապատվության համար, կամ ենթարկվել Հայաստանի չգրված եւ այլասերված օրենքներին: Այսօրվա դրությամբ գործարարները ենթակա են Սերժ Սարգսյանին: Ինչպես օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը: Երեք րոպե է պետք Սերժ Սարգսյանին, որպեսզի Գագիկ Ծառուկյանին սնանկացնի եւ ոչնչացնի»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը:

«Ցավոք, որքան շատանում են «ձեռքսեղմումները», այդ անձինք ավելի են լկտիանում, այնքան իրենց համար ավելի ակնհայտ է դառնում իրենց մեծությունը, իրենց անպատժելիությունը, ես կասեի՝ իրենց «տիեզերական մեծությունը»՝ այս փոքրիկ, մի կտոր Հայաստանում: Նրանք անպատժելի են, նրանք ամեն ինչ կարող են անել: Հիմա ասում են՝ էսքան մարսել ենք, էն էլ կմարսենք, էս էլ կմարսենք… Իսկ իրականում մենք այսօր, ըստ էության, չունենք պետություն: Մենք չունենք օրենք, չունենք դատարան: Աղետալի վիճակում ենք: Օր օրի ավելի ենք իջնում, իջնում, փոքրանում: Ունենք գերբ, դրոշ, օրհներգ, բայց պետություն չունենք, որովհետեւ պետությունը միայն դրոշով եւ օրհներգով չէ պետություն»:

Սերժ Սարգսյանը չի պատժում այդ մարդկանց, որովհետեւ մականունավոր քրեաօլիգարխիկ տարրերի վրա է հենված: Նա պետք է հանդուրժի շուրջբոլորը կատարվող հանցագործությունները, որովհետեւ կարեւոր նշանակություն ունեն իր իշխանության պահպանման հարցում, կարծիք է հայտնում Ռուբեն Մարտիրոսյանը:

«Նա զավթել է իշխանությունը, նրան այդ պաշտոնին օգնել են նստել ինչ-որ լֆիկներ, դոդիկներ, նեմեցներ… Նրանք են պահում այսօր այդ գահը: Ազնիվ մարդիկ մահացու վնաս կարող են հասցնել Սերժ Սարգսյանին, դրա համար նա ասում է՝ իմ կողքին ոչ մի ազնիվ մարդ: Այդ մարդն ամեն օր, ամեն ժամ ունի իշխանությունը պահելու խնդիր: Նա ուրիշ աչքերով է նայում այդ մարդկանց: Հիմա ասում է՝ բա վաղը, մյուս օրը որ ուզենան ինձ քցել, ո՞վ պետք է սատարի՝ մաֆիան, այդ հանցագործները, այդ բռունցքով տղերքը: Եթե հանկարծ Սերժն իմանա, որ իր կողքին հայտնվել է որեւէ ազնիվ, պարկեշտ մարդ, նույն վայրկյանին կհեռացնի: Նրան պետք են այն մարդիկ, ովքեր արատավորված են մինչեւ ուղնուծուծը: Սա վարկաբեկվածների իշխանություն է, կոռումպացվածների իշխանություն է»:

Մեր զրուցակիցը չի բացառում, որ բուրգի ներսում հարաբերությունները կարգավորվում են շանտաժով: Միշտ չէ, որ Սերժ Սարգսյանը կարող է պատժել իր մերձավոր շրջապատում գտնվող քրեաօլիգարխիկ տարրերին, որովհետեւ շանտաժը փոխադարձ է:

«Կասեն՝ էդ ինչի՞ մենք քո հրամանով, քո իշխանության համար էսքան մարդ ծեծեցինք, էսքան հանցագործություն արեցինք՝ չպատժեցիր, հիմա որ մենք մեր համար ենք ինչ-որ բան անում, ինչ-որ գործողություն անում, դու միանգամից ուզում ես մեզ պատժել: Դու հանցագործ, ես հանցագործ, ո՞ւմ ես պատժում, առաջինը քեզ պատժի: Սա՛ է մեր ամբողջ պետաիրավական համակարգը: Ես տասնյակի հասնող հանցագործությունների կոծկումների մասին եմ բարձրաձայնել, Սերժ Սարգսյանն անգիր գիտի այդ ամենը, բայց ծպտուն չի հանում, որովհետեւ իրեն դա էլ է ձեռք տալիս, դրանով ապականվում է ամբողջ դատաիրավական համակարգը՝ սկսած ռազմական ոստիկանությունից, քննիչներից, դատավորներից, փորձագետներից: Ամբողջ հսկայական համակարգը կործանվում է՝ ինչքան ապականված, այնքան լավ, ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով»,-եզրափակում է իրավապաշտպանը:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ