Ֆեմինիստների ցույց Բաքվի կենտրոնում. «Մեզ սպանող պետություն պետք չէ» | Region

Ֆեմինիստների ցույց Բաքվի կենտրոնում. «Մեզ սպանող պետություն պետք չէ»

Մարտ 11,2024 21:08

-Բաքվում ոստիկանները փակել են բողոքի ակցիայի վայրի մուտքը, ակտիվիստներից խլել են քաղաքական բնույթի գրությամբ պաստառները։

-Ակցիայի մասնակիցներն իրենց ձայնն են բարձրացրել դաժան բռնաճնշումների և երկրում արագորեն վատթարացող քաղաքական իրավիճակի դեմ։

 

Մարտի 8-ին աշխարհի տարբեր երկրներում միջոցառումներ են անցկացվում՝ երթեր, համաժողովներ, համերգներ, ցուցահանդեսներ և բանավեճեր: Այն նաև բողոքի, հավասար իրավունքների և կանանց նկատմամբ բռնությունների դադարեցման օր է։

Ադրբեջանում Կանանց տոնը նշվում է դեռ խորհրդային ժամանակներից։ Սակայն 2019 թվականից ի վեր կանանց իրավունքների շարժումը դուրս է եկել Բաքվի փողոցներ՝ առաջին անգամ կազմակերպելով «Մարշ 8»-ը։ Ադրբեջանում ֆեմինիստական ​​շարժումը բաղկացած է մի քանի տասնյակ ակտիվիստներից, որոնք ճնշումների են ենթարկվում սոցիալական ցանցերում և պարբերաբար բերման են ենթարկվում ոստիկանության կողմից բողոքի ակցիաների ժամանակ։ Ընտանեկան բռնության խնդիրը գնալով ավելի է քննարկվում, և գենդերային կարծրատիպերը քննադատվում են։

Յուրաքանչյուր ֆեմինիստ սկսել է ֆեմինիստական ​​ակտիվությունը իր սեփական պատմությամբ: Այս շարժման ամենահայտնի ակտիվիստը Գյուլնարա Մեխտիևան է։  Նրա անունը կարելի է գտնել Ադրբեջանում կանանց իրավունքների մասին ամեն երկրորդ հոդվածում, նա մասնակցում է հասարակական բանավեճերին, փողոցային բողոքի և դատարանների առաջ ակտիվիստների դատավարությունների ակցիաներին:

2019 թվականից ի վեր ֆեմինիստ ակտիվիստները կարգախոսներ են վանկարկել ընդդեմ ընտանեկան բռնության և գենդերային խտրականության, որպեսզի ուշադրություն հրավիրեն կանանց իրավունքների ոտնահարման խնդրի վրա։ Շատ դեպքերում բողոքի ակցիաներին միջամտել է ոստիկանությունը և բռնի ուժ գործադրելով՝ ցրել ցուցարարներին։

Այս տարի Բաքվի կենտրոնում տեղի ունեցավ «Մարշ 8. ցույց տանք մեր դիրքորոշումը» ավանդական ակցիան։

Ֆեմինիստ ակտիվիստները, ինչպես ամեն տարի, երթից առաջ կապ են հաստատել Բաքվի գործադիր իշխանության հետ։ Քաղաքապետարանը ակցիան «պատշաճ» չի համարել և այն հիմնավորել է նրանով, որ ակցիայի վայր է ընտրվել «քաղաքի կենտրոնում զբոսաշրջային ինտենսիվ հոսքով տարածք»։ Ներքին գործերի նախարարության պաշտոնական նախազգուշացման մեջ ասվում էր, որ «չարտոնված հանրահավաքը ցրվելու է»։

Առավոտյան ոստիկանները փակել են բողոքի ակցիայի վայրի մուտքը, ակտիվիստներից խլել են քաղաքական բնույթի գրությամբ պաստառները։ 

Ակտիվիստները պահանջում էին կանանց հավասար իրավունքներ և բարձրացնում էին մի շարք լուրջ խնդիրներ: Նրանք դատապարտել են կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը, պահանջել կանանց սոցիալական և տնտեսական ազատության ապահովում և նրանց իրավունքների պաշտպանության համար օրենքների գործնական կիրառում: Ֆեմինիստները նաև պահանջում էին վերջ դնել հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականությանը:

Ակցիայի ընթացքում հնչել են կարգախոսներ՝ «Կառավարությունը կերավ փողը, մամուլը վճարեց հաշիվը», «Խիզախ կինը հեղափոխություն է», «Հայրիշխանությունը վնասակար է առողջությանը», «Երկրի գող ղեկավար չենք ուզում», «Վաղ ամուսնությունները բռնություն են երեխաների նկատմամբ», «Ո՛չ հայրիշխանությանը»։

Ելույթ ունեցող լրագրող Այթաջ Թափդիգը ուշադրություն հրավիրեց ձերբակալված լրագրողների վրա՝ համերաշխություն հայտնելով «Abzas Media»-ի գործով ձերբակալված լրագրողներ Սեւինջ Վագիֆգիզին, Նարգիզ Աբսալամովային և Էլնարա Գասիմովային:   «Այս խիզախ կանայք, հավատարիմ իրենց մասնագիտությանը, ձերբակալվել են կոռուպցիան բացահայտելու, հանցագործություններ, փաստեր ցույց տալու համար։ Մենք Ադրբեջանի կառավարությունից պահանջում ենք ազատություն լրագրողներին»։ Նրանք պահանջել են նաև ազատ արձակել անարդարացիորեն ազատազրկված կին լրագրողներին՝ այլ բանտարկյալների հետ միասին։

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ձայնն են բարձրացրել դաժան բռնաճնշումների և երկրում արագորեն վատթարացող քաղաքական իրավիճակի դեմ։ Ի դեպ, Բաքվում այդ օրերին շարունակվում էին Toplum TV հեռուստաընկերության լրագրողների կալանավորումներն ու ձերբակալությունները։

Կանայք չեն անտեսել բնապահպանական խնդիրները: Նրանք նշել են, որ պահանջում են վերականգնել էկոլոգիապես առողջ և անվտանգ միջավայրում ապրելու կանանց իրավունքները և դադարեցնել իրավունքների վերականգնման համար կանանց պայքարի բռնի կանխարգելումը, նաեւ պաշտոնյաների կողմից բնական ռեսուրսների թալանը:

Զաբելա Ավագյան

 

Նորություններ