ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչին ընդառաջ․ թվեր, փաստեր, ռեկորդներ | Region

ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչին ընդառաջ․ թվեր, փաստեր, ռեկորդներ

Հուլիս 13,2024 22:07

Իսպանիայի և Անգլիայի հավաքականները կհանդիպեն ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում։ Վճռորոշ հանդիպումը կկայանա կիրակի օրը Բեռլինի Օլիմպիաշտադիոնում։ Հանդիպման մեկնարկը՝ 23։00-ին։

Իսպանիան եզրափակիչում կփորձի նվաճել Եվրոպայի առաջնության ռեկորդային՝ չորրորդ տիտղոսը։ Դե լա Ֆուենտեի թիմը Գերմանիայի հետ կիսում է ԵՎՐՈ-ի երեք հաղթանակների ռեկորդը և կփորձի 2008 թվականից ի վեր երրորդ անգամ հաղթել մրցաշարում (առաջին անգամ հաղթել է 1964 թվականին):

Անգլիայի հավաքականը երբեք չի նվաճել գավաթը: Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ թիմն արդեն երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ. նախորդ խաղարկությունում նրանք Ուեմբլիում 11 մետրանոցներով պարտվեցին Իտալիային:

Անցած ճանապարհը

Իսպանիայի հավաքականը B խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ հաղթանակներ տանելով Խորվաթիայի (3-0), Իտալիայի (1-0) և Ալբանիայի (1-0) նկատմամբ: Գարեթ Սաութգեյթի թիմը դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ որպես C խմբի հաղթող․ ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչի մասնակիցները հաղթեցին Սերբիային (1-0), այնուհետև միավորները կիսեցին Դանիայի (1-1) և Սլովենիայի հետ (0-0):

1/8 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց մրցաշարի սենսացիա դարձած Վրաստանի թիմի հետ խաղում՝ 4-1 հաշվով։ Սլովենիայի հետ խաղում անգլիացիներին պարտությունից փրկեց Ջուդ Բելինգհեմի՝ ավելացված հինգերորդ րոպեին խփած հրաշալի գոլը, իսկ ավելացված ժամանակի սկզբում Հարի Քեյնը գոլի հեղինակ դարձավ՝ 2-1։

Քառորդ եզրափակիչում իսպանացիները լրացուցիչ ժամանակում հաղթեցին Գերմանիային, երբ 120-րդ րոպեին Միկել Մերինոն խփեց հաղթական գոլը։ Անգլիան Շվեյցարիայի դեմ պարտությունից փրկվեց Բուկայո Սակայի գոլի շնորհիվ (1-1), իսկ հետո հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իրացրեց իր բոլոր հարվածները՝ հաղթելով 5-3 հաշվով:

Երկու թիմերն էլ կիսաեզրափակիչում նույն՝ 2-1 հաշվով հաղթանակներ տարան։ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային՝ Լամին Յամալի և Դանի Օլմոյի ճշգրիտ հարվածների շնորհիվ: Հաջորդ օրը Հարի Քեյնի (11մ) և փոխարինման դուրս եկած Օլի Ուոթքինսի գոլերի շնորհիվ Անգլիան հաղթանակ տոնեց Նիդեռլանդների նկատմամբ։

Թվեր, փաստեր և ռեկորդներ

✅ Իսպանիայի համար սա արդեն 5-րդ եզրափակիչն է մրցաշարում, իսկ Անգլիան երկրորդ անգամ կխաղա գլխավոր խաղում, ընդ որում՝ երկրորդ անգամ անընդմեջ։ Իսպանիան միակ թիմն է, որը կարողացել է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով մրցաշարում երկու անգամ անընդմեջ։ Մինչ այժմ 10 թիմ է հաղթել մրցաշարում, եթե անգլիացիները հաղթեն՝ կդառնան 11-րդը։

✅ Գարեթ Սաութգեյթը դարձավ երրորդ մարզիչը, ով երկու անգամ դուրս եկավ ԵՎՐՈ-ի եզրափակիչ։ Նրանից առաջ դա արել են Հելմուտ Շյոնը և Բերտի Ֆոգթսը:

✅ Մադրիդի «Ռեալի» երեք ներկայացուցիչներ՝ Դանի Կարվախալը, Նաչոն և Խոսելուն, կարող են համալրել այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր նույն տարում հաղթել են Եվրոպայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան։ Անգլիացիների կազմում նույն հաջողությունը կարող է գրանցել Ջուդ Բելինգհեմը։

✅ Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձավ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի պատմության լավագույն ռմբարկուն։ Նա Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի՝ Նիդեռլանդների հետ խաղում, իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Քեյնը խփեց իր վեցերորդ գոլը փլեյ-օֆֆում՝ այդպիսով շրջանցելով ֆրանսիացի Անտուան ​​Գրիզմանին, ով այս փուլի խաղերում հինգ գոլ ունի։

✅ Իսպանացի կիսապաշտպան Լամին Յամալը Ֆրանսիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ խաղում խփել է մրցաշարում իր առաջին գոլը։ Այսպիսով, Յամալը Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաերիտասարդ գոլի հեղինակն է։

✅ Իսպանիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում արդեն 13 գոլ է խփել: Սա Եվրո-2020-ում Իսպանիայի հավաքականի ռեկորդի կրկնությունն է։ Միայն Ֆրանսիան է 1984 թվականին մեկ մրցաշարում ավելի շատ գոլ խփել (14):

✅ Անգլիան ԵԱ-ի պատմության մեջ առաջին թիմն է, որը դուրս է եկել եզրափակիչ՝ չնայած պարտվել է խաղի ընթացքում և՛ քառորդ եզրափակիչում, և՛ կիսաեզրափակիչում: Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Անգլիան 2-1 հաշվով հաղթեց Սլովակիային՝ զիջելով հանդիպման ընթացքում մրցակցին։ Մրցաշարի 1/4 եզրափակիչում բրիտանացիները պարտվում էին Շվեյցարիային, սակայն կարողացան հավասարեցնել հաշիվն ու խաղը տեղափոխել 11 մետրանոց հարվածաշար, որտեղ էլ հաղթեցին (1-1, 5:3 11 մետրանոց):

✅ Իսպանիան առաջին թիմն է, որը հիմնական և լրացուցիչ ժամանակի ընթացքում (առանց 11 մետրանոց հարվածաշարի) տարել է ԵՎՐՈ-ում վեց անընդմեջ հաղթանակ:

✅ Դանի Օլմոն դարձավ առաջին իսպանացի ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Եվրոպայի առաջնության երեք խաղում անընդմեջ։

✅ Իսպանիայի հավաքականի երեք ֆուտբոլիստ՝ Դավիդ Ռայան, Մարկ Կուկուրելան և Ռոդրին, հանդես են գալիս Անգլիայի առաջնությունում։ Անգլիայի հավաքականի կազմում միայն Ջուդ Բելինգհեմն է հանդես գալիս Իսպանիայի առաջնությունում։

✅ 20-ամյա Բելինգհեմը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Եվրոպայի երկու առաջնություններում: Նախորդ ռեկորդը ևս գրանցվել էր այս տարվա մրցաշարում և պատկանում էր Գերմանիայի հավաքականից Ջամալ Մուսիալային, որը տևեց ընդամենը երկու օր։

Ինչպես են խաղացել թիմերը միմյանց հետ մինչ այժմ

Անգլիայի և Իսպանիայի հավաքականները մինչ այժմ միմյանց հետ հանդիպել են 27 անգամ։ Անգլիացիները հաղթել են 13 անգամ, իսպանացիները՝ 10։ Չորս խաղում թիմերը հաղթողին չեն որոշել։ Գոլերի քանակով առավելությունը ևս բրիտանացիների կողմն է․ 45 գոլ խփել են անգլիացիները, 32 գոլ՝ իսպանացիները։

Թիմերը վերջին անգամ հանդիպել են ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2018/19 մրցաշրջանում՝ հյուրընկալվելիս փոխանակվելով հաղթանակներով։ Իսպանացիները Ուեմբլիում հաղթել են 2-1 հաշվով, իսկ անգլիացիները Սևիլիայում՝ 3-2 հաշվով։

Կանխատեսումներ չենք անի եզրափակիչի վերաբերյալ, չենք խոսի թիմերի ուժեղ կամ թույլ կողմերի մասին։ Մի խաղ, որտեղ նժարին դրված է շատ կարևոր տիտղոս, և կասենք միայն՝ թող հաղթի այն թիմը, որն արժանի է այս տիտղոսին․․․ Հուսով ենք՝ ականատես կլինենք շատ հետաքրքիր եզրափակիչի․․․

armsport.am

Նորություններ