Նման ճչացող հանցագործությունը հատկապես արևմտյան աշխարհը կուլ տալ չի կարող. իրավապաշտպան
![](https://regiontv.am/wp-content/uploads/2024/03/adbbfb25-6b92-4a75-be57-94c9d7632014.jpg)
Մեզ համար Արցախի հարցը մնում է բաց, տեսականորեն վերադարձի հնարավորությունը պահպանվում է,-REGIONSTV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Պատմությունը ցույց է տալիս, որ միշտ հնարավորությունների կորուստներ և նոր հնարավորություններ լինում են, բայց այս պահին խոսել վերադարձից, կարծում եմ՝ մարդկանց լրացուցիչ ցավ պատճառելու միջոց է, քան լուծումների առաջարկման տարբերակ»,-ընդգծեց Հարությունյանը:
Կարո՞ղ է արդյոք միջազգային հանրությունը նպաստել արցախահայության ապահով ու անվտանգ վերադարձին: Ըստ իրավապաշտպանի՝ միջազգային հանրության համար սա կարևոր խնդիր է, բայց այդ աջակցությունը պետք է կապիտալիզացնել Հայաստանում:
«Բոլորի աչքի առաջ տեղի է ունեցել մարդկանց արտաքսում իրենց հայրենիքից, և նման ճչացող հանցագործությունը միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան աշխարհը, հանգիստ կուլ տալ չի կարող. սա իրավունքի խնդիր է, իսկ Արևմուտքի համար իրավունքը արժեք է, Ռուսաստանն էլ այլ խնդիր է լուծում դրանով, բայց եթե այդ երկու տարբեր աշխարհների վեկտորները միանան, մեզ հնարավորություն կտան վաղը խոսել վերադարձի հնարավորության մասին»,-նշեց Հարությունյանը: