Գյումրու վերելքի ծրագրերը. պատգամավորները «պարծենալու» բան չունեն | Region

Գյումրու վերելքի ծրագրերը. պատգամավորները «պարծենալու» բան չունեն

Դեկտեմբեր 10,2014 11:57

ԱԺ պատգամավորների  ⅓-ի նախաձեռնությամբ խորհրդարան  ներկայացված ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին որոշման նախագիծը նախորդ շաբաթ 54 կողմ, 59 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մեծամասնությունը տապալեց: Օրինագիծը, հիշեցնենք, ենթադրում էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում: Հանրապետականը, ով խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաշատ պատգամավորներն  ունի, առաջին անգամը չէ, որ տապալում է ընդդիմադիրների՝ խորհրդարան բերված նման նախագիծը, ի դեպ, Հանրապետականը միակ խմբակցությունն է, ով դեմ է քվեարկել օրինագծին, տրամաբանությունը հուշում է՝ ուրեմն հենց վերջինիս մեծամասնականով ընտրված պատգամավորներն էլ ամենարդյունավետն են աշխատել:

Դիտարկումը կատարենք կոնկրետ օրինակով:  Շիրակի մարզից Հանրապետականն ունի մեծամասնականով ընտրված երկու պատգամավոր՝ Աշոտ Աղաբաբյանը և Արման Սահակյանը:

Մեծամասնական կարգով ընտրվողների առաքելությունն ընտրողների ձայնը տեղ հասցնելն ու խնդիրների լուծմանը հետամուտ լինելն է: Քարոզարշավի ընթացքում նման միտք արտահայտած  Արման Սահակյանն, օրինակ,  անհասկանալի է, թե ինչպես է ընտրողի ձայնը տեղ հասցրել, երբ

հինգերորդ գումարման ԱԺ-ում պատգամավորության ընթացքում, ըստ պառլամենտի մոնիթորինգի թվերի, ոչ մի անգամ ելույթ չի ունեցել  և ոչ մի անգամ հարց չի հնչեցրել:

«Դե, Արման Սահակյանը, պետք է նրան ասեն, որ նա հարց տա»,- Շիրակի մարզից ընտրված պատգամավորին այսպես է արդարացնում շիրակցին, ով շտապում է նաև հանդիմանել՝ իսկ ինչո՞ւ էիք խոստանում, եթե չէիք իրականացնելու:

«Ես եթե քննադատեմ բաց, դա, իհարկե, ծիծաղելի կլինի էլի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Արման Սահակյանը:

«Էդքան արտադրության հետ կապված հարցեր են քննարկել բիզնեսի հետ կապված, հարկերի հետ կապված, բա ինքը ասելիք չունե՞ր»,- զարմանում է գրող, հրապարակախոս Համլետ Մոսինյանը: Վերջինս ասում է՝ որպես քաղաքացի, լրագրող և քաղաքականությամբ երկար տարիներ զբաղվող մարդ ինքը ևս հիասթափված է մեծամասնականի ջատագով  Հանրապետականի այդ ընտրակարգով անցած պատգամավորներից:

«Դե, Աշոտ Աղաբաբյանին գիտեինք արդեն, սպասելիք չկար, իսկ Արման Սահակյանին՝ որպես թարմ ուժ, որպես տնտեսագետ, գործարար, համեստ և երբեք որևէ բանով աչքի չընկած մի կողմ, որ փեսայի ընկեր է, դա կարևոր չէ, հույս ունեի, որ ինչ-որ մի բան կլինի, բայց պետք է ասեմ, որ հիասթափված եմ: Այլ բան, երբ որ էն գլխից հույս չունես էդ մարդուց, այլ բան, երբ որ դու սպասում ես և հիասթափվում ես»,- ասում է Համլետ Մոսինյանը:

Սպասելիքների հիմք տվել էր Արման Սահակյանի նախընտրական քարոզարշավը:  Զարգացման հեռանկարի անորոշության, ցածր տնտեսական ակտիվության, գործազրկության և աղքատության, արտագաղթի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հանգեցնող պատճառահետևանքային փակ շղթայից դուրս գալու համար Արման Սահակյանն առաջարկում էր Գյումրու վերելքի իր ծրագիրը՝ զետեղված համանուն գրքի մեջ:

«Ես կարող եմ գամել կառավարության ուշադրությունը դեպի Գյումրին ու գյումրեցիները: Ընտրե՛ք  զարգացող և կայուն ապագա»,- նախընտրական քարոզարշավի հոլովակում ասում էր Արման Սահակյանը:

Ընտրություններից երկու տարի անց շիրակցիները  անփոփում են.  Սզգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013-ին, ինչպես և 2014-ին  Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզն է՝ առանց ցուցանիշի բարելավման:

«Որևիցե ակնհայտ տարբերություն, համենայնդեպս ես ինքս՝ որպես գյումրեցի, չեմ տեսել, չեմ զգացել», — ասում է մեր զրուցակիցը, մեկ այլ զրուցակից էլ համեմատում է․ «Ինչքան շատ ակտիվ քարոզարշավ, էդքան շատ պասիվ գործ են անում»:

«Հիմա եթե հարցնեք՝ ինչ եմ արել, էս պահին կարող է, ոնց որ էդպես շատ պարծենալու բաներ չկա, բայց ես կարծում եմ, որ իմ ժամկետը, որ ավարտվի, իմ ընտրողները ինձանից շատ դժգոհելու տեղ չեն ունենա»,- ասում է Արման Սահակյանը:

Շիրակի մարզից ընտրված հանրապետական պատգամավորների քվեարկություններն, ի դեպ, չեն  տարբերվում, վերջիններս կողմ են քվեարկել  բոլոր աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններին՝ Պարտադիր կուտակային կենսաթոշակ, Շրջանառության հարկ և այլն: Ի դեպ, հենց այս վերջին օրենքի պատճառով էլ գյումրեցի առևտրականները տեղի պատգամավորների համար «Արի տուն»  ծրագիր էին  կազմակերպել:

«Օրենք ընդունելուց առաջ պետք է հարցնեիք, թե ինչ վիճակ է, ժողովուրդը համաձա՞յն է, համաձայն չէ, առանց որևէ բան հաշվի առնելու որոշումներ եք ընդունել, դե որոշումների արդյունքները քաղեք»,- դեռևս մի քանի ամիս առաջ դժգոհում էին առևտրականները:

Ընտրողները հիմա ենթադրում են՝ տնտեսական աճ ու զարգացում  խոստացող գործարար պատգամավորներն  ավելի շատ իրենց բիզնեսն են զարգացրել, քան հոգացել ազատ տնտեսական դաշտ եւ մենաշնորհներից զերծ տնտեսություն ունենալու մասին:

«Իրանք լավ էլ լուծում են, իրենց հարցերը շատ լավ լուծում են, մի կասկածեք, ուրեմն հանրապետական հարցերն իրանց կռուգի մեջ շատ լավ լուծում են», — ենթադրում է քաղաքացին:

«Միակ բանը,  որ երևացել է, ուրիշի ընտրատարածքում սուպերմարկետ է բացել, մրցակից մանր -մունր բիզնեսի խփել, դե եթե դա լավ բան էիր անում, ինչո՞ւ քո տարածքում չէիր անում, ասենք, դու էլ գիտես, որ լավ բան չես անում»,- Համլետ Մոսինյանը նկատի ունի Մարալիկ քաղաքում Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» սուպերմարկետի մասնաճյուղի բացումը, որն առաջացրել էր  տեղի փոքր ու միջին գործարարների դժգոհությունը, վերջիններս անհանգստացած են անհավասար մրցակցային պայմաններից:

«Արման Սահակյանը չի ընտրվելու, եթե անգամ այդ օրենքը մնա, ինքը թող համոզված լինի, գոնե էս մնացած ժամանակաշրջանում իրեն որպես պատգամավոր արդարացնի, չի ընտվելու, էն ժամանակ ամբողջ իշխանությունն իր համար աշխատեց, միևնույն է, չի ընտրվելու, մենք գտնելու ենք մի հարմար մարդ և էդ մարդուն ժողովրդով առաջ քաշենք , իրա դեմ դնենք և հաղթենք »,-նախազգուշացնում է Համլետ Մոսինյանը:

Ինչ վերաբերում է հանրապետական մյուս պատգամավորին՝ Աշոտ Աղաբաբյանին, ով դարձյալ ընտրվել է մեծամասնական կարգով, Մոսինյանը նկատում է․«Աշոտ Աղաբաբյանը, կարծեմ, սեպտեմբերին գալիս է, խնջույք է կազմակերպում, շրջակա իր տարածքի գյուղերից, նստում են, իրար ջան են ասում, ջան են լսում, ինչ-որ ժամանակ սալյարկա է բաժանում տրանսպորտի համար դպրոցներին և համարում է, որ իր աշխատանքը կատարել է: Կարծես թե իրեն ընտրել են նյութատեխնիկական մատակարարման բաժնի պետ»:

Ամփոփելով մեծամասնականների գործունեությունը՝ համամասնական ընտրակարգի կողմնակիցները պնդում են, որ հիմնական ընտրակեղծիքները տեղի են ունենում մեծամասնական ընտրությունների ժամանակ: Եվ իրենց թեկնածուները չեն կարող հաղթել հենց այդ կեղծիքների պատճառով:

Նորություններ