Ինչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը, որ «լեգիտիմ» հավերժ հարց լուծող լինի | Region

Ինչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը, որ «լեգիտիմ» հավերժ հարց լուծող լինի

Նոյեմբեր 26,2016 11:10

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է մեկնաբան Արա Հարությունյանը:

—Պարոն Հարությունյան, Կարեն Կարապետյանը եւ կառավարության մի քանի անդամներ համալրեցին ՀՀԿ—ականների շարքերը: Ի՞նչ եք կարծում, վարչապետը, Վիգեն Սարգսյանը եւ մյուսները չունեի՞ն այլընտրանք: ՀՀԿ խոսնակն էլ նշեց, որ անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան անցյալում է: Ի՞նչ հարց են լուծում իշխանությունները՝ հնաբնակ ՀՀԿ—ականներին նորերով փոխարինելով:

— Այո, չունեին։ Բանն այն է, որ Հայաստանում իշխանական համակարգն է պարտադրում նրա անդամների վարքը։ Այդ համակարգը սկսել է ձևավորվել դեռ 1988 թվականից, երբ հրապարակ մտավ կուրծք ծեծող «հայրենասերը»։ Նա իր հիմնական սկզբունքները սահմանեց 1995-ին՝ առաջին անգամ զանգվածայնորեն կեղծված պառլամենտական ընտրություններին՝ երբ ոչ ֆորմալ իշխանությունն անցավ թաղային քրեականին ու ռազմականի հետ որևէ կերպ առնչված տականքին։ Եվ հետագայում, ընտրություն առ ընտրություն, այդ իշխանությունը ներքուստ զարգացավ, գտավ իր գոյության անհրաժեշտ ձևերը, գործիքները, կառուցվածքը։ Իր համար լուծեց պետության ներքին և արտաքին գոյակերպերի հարցերը։

Ներկայում մենք ունենք միջազգային սուբյեկտայնությունը զրոյացրած, իսկ ներքինով էլ քարշ եկող ֆեոդալական ավազակապետություն, որը հաշվետու չէ ո’չ իր ժողովրդին, ո’չ էլ աշխարհին։

Միակ հաշվետվական տարրը դա ներքին կառուցվածքի վերարտադրման պահն է, իշխանական ուղղաձիգ ենթակայության՝ տանիքների համակարգի կայունունության հարցն է, ինչպես նաև անդամների լիարժեք դերակատարության հարցը՝ ընտրություններին։

Իշխանականում ընդամենը երկու խնդիր կա, վերարտադրվելը և պետությունը գոնե «յոլայի» վիճակում պահելը, այլապես կկորցնեն իրենց գոյության հիմքերն ու եկամտի աղբյուրները։

Քաղաքական առումով համակարգին սպառնացող որևէ այլ գործոն ես չեմ տեսնում։ Տրամաբանորեն, ֆանտաստիկ պրիմիտիվ բան է եղածը՝

— ոնց կարող ես կեղծիր ընտրություններին, որպեսզի և’ վերարտադրվես, և’ ստանաս միջազգային լեգիտիմությունը՝ իշխանավոր համարվելու համար։

-սովյալի վիճակում պահիր ժողովրդին, որ բացի գոյության խնդիրներից այլ բանի մասին չհասցնի մտածել՝ ենթակա լինի, վերցնի 5000 դրամը և ընտրի իրեն:

-անիրավության ու սովի պատճառով ապահովվի արտագաղթը ու արտագաղթածի՝ ետ տրանսֆերտները լինեն՝ ներսում «յոլա» գնալու համար։

-այս ամենն ապահովելու համար էլ անհրաժեշտ է թեժ պահել պատերազմի վտանգը, որպեսզի ներսում ծպտուն հանող չլինի։

Սա է հայկական պետականության բանաձևը։ Նրանում տեղ չկա ո՛չ մարդուն, ո’չ զարգացմանը, ո’չ տրամաբանականին։

—Պարոն Հարությունյան, Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո հայտարարում էր, թե պայքարելու է ստվերի, մենաշնորհների դեմ, ի՞նչ եք կարծում, անդամակցելով ՀՀԿ—ին, կկարողանա՞ պայքարել այդ նույն կուսակցության դեմ, որտեղ կենտրոնացած է այդ ամենը: Սա կնշանակի դեմ դուրս գալ սեփական թիմակիցներին:

-Նշանակվելուց էլ և դրանից հետո էլ, իհարկե, վարչապետը կհայտարարի այդ մասին։ Նախ ինքն իրոք մտածել է, որ երկրի վիճակն այնքան վատ է, և իրեն կթույլատրվի ինչ որ բան փոխել, որ համակարգը փրկվի։ Այսինքն, նա ի սրտե է ասել պայքարի մասին։ Բայց գալով պաշտոնին, հասկացել է, որ համակարգն է գերագույն թելադրողը և համակարգն է որոշում վատի ու շատ վատի, փոխվել-չփոխվելու հարցերը։

Այն, ինչ անտանելի կարող է թվալ կողքից, չեզոք աչքերով նայողին, նորմալ կարող է դիտվել համակարգի ներսում եղածին։ Ներկայում գնում է Կարեն Կարապետյանի ընտելացումը պաշտոնին։ Ժամանակի ընթացքում, համակարգի և ժողովրդի փոխազդեցություններից պարզ կլինի, թե որ դիրքն ավելի շահեկան կլինի վարչապետի համար՝ ինչ որ բան անելը համակարգի, թե ժողովրդի դեմ։ Ով ավելի հզոր եղավ, նրան էլ կզիջի։ Քանի որ դեռ ժողովուրդ չկա «արանքում», ինքը կանի համակարգի ասածը։ Իսկ ժողովուրդ չի էլ կարող լինել, որովհետև ժողովրդի արժեքայինը նրան պարտադրում է ենթարկվողի, համակերպվողի, յոլա գնացողի, ընդհանուր ասած՝ ստրուկի կարգավիճակ։

Իրականում ՀՀԿ ասածը համակարգն է, այլ ոչ կուսակցություն ասածը։ Հայաստանում կուսակցություն գոյություն չունի, քանի որ չի կարող լինել։ Կուսակցությունը միջին խավի, ազատ մարդու ու քաղաքացու կառույց է։ Հայաստանում չկա ոչ այդ մարդը և ոչ էլ նրա կերտման որևէ պայմանը։ Այնպես որ, կատարվողը որևէ ժողովրդավարական տերմինով, կամ գործընթացով բնորոշելը, կամ նկարագրելը ինքնախաբեություն է։

—Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ՀՀԿ—ի վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը: Ի՞նչ եք կարծում, ինչի համար է արվում այս ամենը, արդյո՞ք առաջիկա խորհրդարանական ընտրություններով չէ պայմանավորված հասարակությանը նոր փաթեթավորված, «բարեփոխված» կուսակցություն մատուցելու փորձը:

-Սերժ Սարգսյանն իրոք ճշմարտությունն է ասել։ Շատ հավանական է, որ Կարեն Կարապետյանը վարչապետ մնա ընտրություններից հետո էլ, իսկ Սարգսյանն իր վրա վերցնի պառլամենտի խոսնակի պաշտոնը։ Դա այն միակ ֆորմալ կարգավիճակն է, որը թույլ կտա իրեն հավերժ, երկրի իբր «լեգիտիմ» «տեր ու տիրական» և հարց լուծող լինել։ Սահմանադրությունն էլ փոխվեց հենց այդ նպատակով, որպեսզի ինքը կարողանա մնալ համակարգի գլխին, բայց և հաղթարահվի լեգիտիմության միջազգային ֆորմալ պահանջը։

Ավելին, վարչապետն այս դեպքում շարունակում է մնալ քավության նոխազը, ինչպես նախագահական համակարգի դեպքում էր։ Նոր համակարգի բոլոր լծակներն անցնում են պառլամենտական մեծամասնությանը, այսինքն, այսպես ասած, ՀՀԿ-ի ու համապատասխանաբար նրա լիդերի`Սերժ Սարգսյանի ձեռքը։

Այսինքն, նոր սահմանդրությամբ ոչ մի բան չի փոխվել, ինչպիսին եղել է Հայաստանի իշխանական համակարգը, այնպիսին էլ կմնա։

— Քննարկվում է նման սցենար, որ մինչեւ 2018 թվականը Կարեն Կարապետյանը կգլխավորի ՀՀ կառավարությունը, իսկ երբ Սերժ Սարգսյանը նախագահի զբաղեցրած աթոռը թողնի, կզբաղեցնի վարչապետի աթոռը, հատկապես որ վերջինս չի բացառել այդ հնարավորությունը: Իրատեսական համարու՞մ եք, որ հենց սրան են գնում հանրապետականները:

-Իմ կարծիքով Սերժ Սարգսյանը վարչապետ չի դառնա, կշարունակի մնալ համակարգի կենտրոնական ֆիգուրը, երկրի թիվ մեկ հարց լուծողը, ուղղակի այլ ֆորմալ պաշտոնով։ Իհարկե, եթե ինչ որ հրաշքով Կարապետյանը երկիրը դնի զարգացման ռելսերի վրա և Սարգսյանն էլ մտածի, որ այլևս քավության նոխազներ պետք չեն և ինքը կկարողանա գործը գլուխ բերել, միգուցե ինքը հավակնի վարչապետության։ Բայց դա ես ծայրահեղ անհավանական եմ համարում։

Իշխանական համակարգի ներքին մեխը փոխադարձ կախվածություններ են և շանտաժը։ Հետևաբար, համակարգն անհնար է առանց գերագույն մեկի, որի ձեռքում շանտաժի մաքսիմալ հնարավորություններն են ու լծակները։ Ներկայում այդ միակ մարդը Սարգսյանն է, որի մոտ կենտրոնացած են բոլորի՝ և ԿԳԲ-ի անվանական կուտակված տվյալները և անցած տարիների քրեական ու թալանածի տվյալները։

Հետևաբար, համակարգի որևէ փոփոխություն թույլատրելի է միայն նրա ամբողջ կառույցի անսասան լինելու պայմանով։ Վարչապետը չի կարող կպչել համակարգին։ Սա բոլորն են գիտակցում։ Կփոփոխվի ֆասադը, կհեռացվեն ոչ պետքականները, կներգրավվեն երիտասարդ, ավելի հղկված դեմքերով, նույնիսկ դրսում կրթվածներ, բայց համակարգային սկզբունքները փոփոխվել չեն կարող։

Արմենուհի Վարդանյան

Նորություններ