«Հայաստանի կոռուպցիոներներից ոչ մեկը Զեպ Բլատերից լավ տղա չէ» | Region

«Հայաստանի կոռուպցիոներներից ոչ մեկը Զեպ Բլատերից լավ տղա չէ»

Օգոստոս 10,2015 15:12

Նախորդ շաբաթ կառավարության ղեկավարի՝ նախարարներին արված նկատողության, Հայաստանում առկա կադրային ճգնաժամի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ:

-Պարոն Ղուկասյան, Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ նկատողություն արեց երեք նախարարների, որ նրանք դիվանագիտական ներկայացուցիչների հետ իրենց հանդիպումների մասին մանրամասներ են հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Սա, ըստ Ձեզ, ինչի՞ մասին է խոսում:

-Դա վկայում է, որ կառավարությունը որպես թիմ չի իրականացնում միասնական քաղաքականություն, եւ յուրաքանչյուր նախարար ղեկավարվում է իր պատկերացումներով՝ իր աշխատանքի վերաբերյալ: Չկա միասնական քաղաքականություն, եթե անհրաժեշտություն է առաջանում հրապարակային անել նման նկատողություններ կառավարության նիստի ժամանակ, շրջանառության մեջ դնել այդ հարցը, նշանակում է, որ կառավարության կաբինետը որպես միասնական մարմին չի գործում, ով ինչ ուզում՝ անում է, մարդիկ ղեկավարվում են «ես եմ տերը իմ գլխի» կարգախոսով:

-Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ ցանկությունն է հայտնել ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը, որ ըստ վերջինիս՝ եթե ԶԼՄ-ներին նախարարները հանդիպումների վերաբերյալ տեղեկություններ տրամադրեն, դա կխանգարի արտաքին քաղաքականությանը: Ձեր կարծիքով, Էդվարդ Նալբանդյանն իրավասո՞ւ է կանոնակարգել գործընկերների հանդիպումներն ու գործողությունները:

-Իշխանությունը յուրացրած կազմակերպությունը՝ ՀՀԿ-ն, Հայաստանում իր հսկողության տակ է պահում գործադիր իշխանությունը, օրենսդիր իշխանությունը: Ո՞ր իրավունքի մասին է խոսքը, կամ ո՞ր կանոնների: Կամ ո՞նց կարող է քրեաօլիգարխիկ կառավարությունն աշխատի թափանցիկ: Այդ մարդիկ ինչպես ուզում, այդպես էլ իրենց գործերը կազմակերպում են: Ոնց որ հարցնեք՝ ինչո՞ւ քրեաօլիգարխիան չի պահպանում պետական կառավարման ձեւական կողմը: Իսկ ինչո՞ւ պետք է պահպանի: Խոսել այս կառավարության ձեւի մասին՝ ով ինչ է պարտավոր, ինչ կանոնակարգով է շարժվելու, դա լիովին անիմաստ է:

-Խոսենք արդարադատության նախարարի թափուր մնացած պաշտոնի մասին: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, չի կատարվում կադրային նշանակում:

-Այո, ՀՀԿ-ն չի կարող լրացնել արդարադատության նախարարի պաշտոնն առ այսօր: Մեկ ամիս է անցել, ինչ այդ պաշտոնն ազատ է: Մեր երկրում երկու տարին շուտով կլրանա, որ թափուր է Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը: Պարզվում է, որ այդ մարմինը կարող է առանց քարտուղարի աշխատել: Պարզվում է, որ արդարադատության նախարարությունը կարող է առանց նախարարի մեկ ամիս աշխատել: Սա կարեւոր հանգամանք է, որ պետական բյուրոկրատական մեքենան կարող է աշխատել եւ առանց իրենց: Հանրության համար էականն այն է, որ երկրում իշխող կուսակցությունն ուզում է սահմանադրական կարգ փոխել, բայց մեկ ամսից ավելի իրենք արդարադատության նախարար չունեն եւ հավանաբար դեռ երկար ժամանակ չեն ունենա, բայց նախարարությունն աշխատում է: Այստեղից եզրակացություն. ՀՀԿ-ի կողմից նշանակված այս մարդկանց լինել-չլինելը երկրի ընթացքի, հասարակական կյանքի վրա չի ազդում, իսկ եթե չի ազդում, ի՞նչ գործ ունեն իրենք այդ պաշտոններում:

-Սա արդյո՞ք խոսում է կադրային ճգնաժամի մասին, թե՞ այլ խնդիրներ կան:

-Ես գտնում եմ, որ մեր երկրում քաղաքական պաշտոնները վաճառվում են: Ու ըստ երեւույթին, եթե թափուր է մնացել այդ պաշտոնը, ուրեմն պարզապես գնորդ չկա: Արդարադատության նախարարությունը հսկում է մի կարեւոր ոլորտ՝ ազատազրկման վայրերն են՝ քրեակատարողական հիմնարկները: Կոռուպցիոն հոսքեր կան այդտեղ, բազմաթիվ հարցեր, որոնք որ կապված են քրեական համայնքի հսկողության հետ եւ այլն…

Եթե այդ պաշտոնը կարող է թափուր մնալ, ինձ համար ընդամենը ցուցիչ է, որ այս կառավարությունն այնքան վատ վարկանիշ ունի քրեաօլիգարխիայի ներսում, որ իրենցից ոչ մեկը չի ուզում այդ պաշտոնը գնել:

-Պարոն Ղուկասյան, իսկ հավատարմությունը մի կո՞ղմ է դրվում՝ փողի առկայության պարագայում:

-ՀՀԿ-ի ներսի միասնությունը ստեղծված է կոռուպցիոն հարաբերություններում, այդ մարդկանց միավորող ուրիշ որեւէ գաղափարական կամ ծրագրային ինստիտուտ ես չեմ տեսնում: Միայն կոռուպցիան է, որ միավորում է այդ մարդկանց, իրենց համար հասկանալի են այդ հարաբերությունները՝ ով ինչ ոլորտ ունի, ում իրավասությունները որտեղ են տարածվում, ինչով են սահմանափակվում: Կոռուպցիան է կարգավորում իրենց առօրյա կյանքը, եւ այսօր տեսանելի է, որ ՀՀԿ վերնախավը թքած ունի երկրում առաջացած իրավիճակի նկատմամբ, մարդիկ զբաղված են իրենց անձնական գործերով եւ ապրում են ճգնաժամ, որովհետեւ նույնիսկ այդ «կոռուպցիոն շուկայում» իրենց պաշտոնները արժեզրկվում են, ինչպես մեր երկրի արտարժույթը: Քրեական օլիգարխիայի համար իսկապես տխուր վիճակ է, եթե նման պաշտոններն արդեն չեն կարող վաճառել, ուրեմն ճգնաժամ է «կոռուպցիոն շուկայում»: Քրեաօլիգարխիկ կառավարության շրջանակում առաջնային են փողային, կոռուպցիոն հարաբերությունները, երկրորդական են մնացած բոլոր հարաբերությունները: Այդ կարգի քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարի «կոռուպցիոն պայմանագիրը» վաղաժամկետ դադարեցնելու հանգամանքով էլ, բնականաբար, ավելի շատ կոռուպցիոն հատուցումների հարցեր են առաջանում:

-Արդարադատության նախարարությունն էլ այն կառույցներից մեկն է, որն ակտիվ աշխատում է միջազգային կազմակերպությունների հետ, տարբեր ծրագրեր իրականացնում: Դոնոր կառույցները չե՞ն նկատում այդ ամենը:

-Մի քանի շաբաթ առաջ հրապարակվեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի զեկույցը՝ Հայաստանում պետական կառավարման կարգի վերաբերյալ, որտեղ նախկին դեսպանը գնահատական է տալիս, որ իշխող վերնախավը լիովին ներգրավված է կոռուպցիայի մեջ, եւ այդ նկարագրությունը վկայում է, որ որեւէ այլ որակ այս վերնախավը չունի, բացի կոռուպցիայից, նույնիսկ այդ մարդիկ չեն էլ փորձում, որ իրենց գործունեությունը քաղաքական հրապարակային տեսք ունենա, ազնվորեն ասում են, որ յուրացրել են իշխանությունը: Է.Շարմազանովն էր ասում, որ միշտ իշխանությունը պետք է անցնի Մելիք Ադամյան փողոցով: Ընդ որում, արդեն շեշտում են, որ Սերժ Սարգսյանն այսուհետ այդ կոռուպցիոն համակարգի պարագլուխը չէ, որ հորիզոնական են այդ հարաբերությունները: Այսինքն, այդ «կոռուպցիոն պայմանագրերում» բոլորը հավասար հիմունքներով են:

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների վերաբերմունքին, իհարկե, դա հսկայական խնդիր է: Միջազգային կառույցները ստիպված են կոռումպացված գործիչների հետ համագործակցել, իսկ վերջիններս դա ներկայացնում են որպես իրենց «բարեփոխումների» նկատմամբ դրական դիրքորոշում, որը բոլորին հասկանալի է՝ եւ՛ միջազգային կառույցներին, եւ՛ գերտերություններին: Ակնհայտ երեւում է, որ այս ամենը պարզապես ձեւական երեւույթ է: Իրականում ոչ նպատակային են օգտագործվում միջազգային կառույցներից ստացված միջոցները: Հայաստանում ամենախոշոր «գրանտակերներն» այսօր հենց պետական կառույցներն են, որոնք որ դա դիտում են որպես լրացուցիչ կոռուպցիայի աղբյուր եւ օգտվում են այդ գրանտներից, միջազգային վարկերից եւ ծրագրերից՝ զուտ իրենց անձնական, ոչ օրինական կապիտալը մեծացնելու համար: Իհարկե դա անհետեւանք չի կարող մնալ:

Կոռուպցիոն գործիչների դեմ կոմպրոմատը գերտերությունները կուտակում են, եւ մի օր այդ մարդիկ դրա հետեւանքներն իրենց կաշվի վրա կզգան: Որովհետեւ հաստատ Հայաստանում այդ տեսակ կոռուպցիոներներից ոչ մեկը Զեպ Բլատերից (ՖԻՖԱ-ի նախկին ղեկավար) լավ տղա չէ, եւ եթե ՖԻՖԱ-ի մենեջերներն այսօր կանգնած են օրենքի, արդարադատության առջեւ եւ պատասխան են տալիս իրենց կոռուպցիոն գործարքների համար, բնական է, որ նման ապագա է սպասվում նաեւ Հայաստանում այսօր ձեւավորված կոռուպցիոն վերնախավին: Դա նաեւ առաջանալու է որպես հետեւանք իրենց բռնած քաղաքական կողմնորոշման, որ միացել են Պուտինի գլխավորած քրեական օլիգարխիային եւ Արեւմուտքի համար դարձել են հակառակորդ: Արեւմուտքն իրեն հարմար ժամի պատժելու է նրանց: Իրենց գումարները, հաշիվները, սեփականությունը գտնվում է այսօր Արեւմուտքի հսկողության տակ, եւ որ օրը Արեւմուտքը որոշեց, որ իրենց պետք է պատժել, փախչելու որեւէ տեղ իմ կարծիքով իրենք չեն ունենա:

Քանի որ ՀՀԿ-ն վաղուց կորցրել էր ներքին լեգիտիմության գործոնը՝ շինծու ընտրություններով վերարտադրվելու արդյունքում, հիմա լեգիտիմացման միակ եղանակն արտաքին ուժեր էին: Այսօր տեսանելի է, որ որեւէ գերտերության՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԱՄՆ-ի համար կոնկրետ այդ մարդկանց խումբը որեւէ հետաքրքրություն, որեւէ նշանակություն չունի եւ իրենք գտնվում են իշխանությունից դուրս գալու այս ծանրագույն փուլում: Իշխող վերնախավը՝ որպես համակարգ, խորապես հիվանդ է, փտում է, եւ իրենց հետ միասին մեր հանրությունը զգում է իրենց փտելու գործընթացի ծանր հետեւանքները: Դա արտահայտվում է նրանով, որ տնտեսական, մշակութային, սոցիալական, քաղաքական բոլոր ոլորտներում այսօր ճչացող է դեգրադացիան, եւ, իհարկե, դա շատ բացասաբար է ազդում մեր երկրի եւ ժողովրդի միջազգային վարկանիշի վրա: Ցավոք սրտի, մենք գտնվում ենք այդ հին համակարգի մահանալու փուլում, երբ որ հինը մահանում է, իսկ նորը դեռ չի ծնվել:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ