Մանիպուլյացիոն հնարքներով թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը | Region

Մանիպուլյացիոն հնարքներով թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը

Օգոստոս 04,2015 15:14

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրի կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից ստացված գումարներից ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացնելու սուբսիդավորելու էլեկտրաէներգիայի գնաճը: Օտարման գումարներն արտաբյուջետային միջոց համարեց Աբրահամյանը: «Մինչեւ աուդիտի ավարտը կառավարությունն այդ ծախսը վերցնում է իր վրա, ոչ բյուջեի հաշվին: Արտաբյուջեի հաշվին է լինելու»,- ընդգծեց Աբրահամյանը:

Իսկ աուդիտն իրականացնելու են չորս կազմակերպություններ: Կառավարությունն այս ընթացքում փորձել է ստանալ ՌԴ կողմի համաձայնությունը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հարցադրում է՝ իսկ «Որոտանի» ՀԷԿ-ի միջոցներն ու՞մ են պատկանում:

«Դրանք ժողովրդինը չե՞ն: Թյուրիմացության մեջ է գցում վարչապետը հասարակությանը: Բոլորիս էլ ի սկզբանե հայտնի էր, որ պետությունն այդ գումարները չունի, եթե իհարկե չի հայտնվել որեւէ մի բարեգործ, որը կարող էր տալ այդ գումարները: Բոլոր միջոցները բյուջետային են, արտաբյուջետային միջոցներն էլ բյուջեի միջոցներն են: Եթե նայենք բյուջեի հաշվետվությունները՝ տարեկան, կիսամյակային կամ եռամսյակային, այնտեղ բոլոր միջոցները նույն կարգավիճակով են: Ի վերջո, համարվում են մուտք, հետո ծախս եւ այլն: Այդ գումարները, որոնք առաջացել են «Որոտանի» վաճառքից, պետք է գնան բյուջեի մուտք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Վահագն Խաչատրյանը: Նա նաեւ հիշեցնում է, որ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով, այդ թվում մասնավորեցման օրենքի:

«Մեծ խոսակցություններ տեղի ունեցան Ազգային ժողովում, արդարադատության նախարարը նոր գիտական թեզեր առաջարկեց, որ տեղի է ունեցել գույքի եւ բաժնետոմսերի վաճառք, այն ժամանակ իրենք այդ պատմությունը խեղաթյուրեցին: Եթե մարդը պետական գույք է վաճառում, ուրեմն այդ գումարը պետք է գնա պետական բյուջե: Հիմա իրենք կարող են ներկայացնել, որ գույքը վաճառվել է, եւ այդ գումարները գնացել են «Որոտան» ՓԲԸ-ի հաշվին: Բայց «Որոտան» ՓԲԸ-ն նույնպես պետական սեփականություն է, իսկ դա նշանակում է, որ պետական գումարների հաշվին է այսօր փակվում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում սուբսիդավորման կարիքը»,- ասում է Վահագն Խաչատրյանը:

Այս ամենը մի հետեւանք ունեցավ միայն՝ այն շարժումը, որը սկսվել էր՝ Բաղրամյան պողոտայի նստացույցը, հունիսի 23-ի իրադարձությունները:

«Փաստորեն ստացվեց, որ այդ շարժման արդյունքում ոչ թե քաղաքացիները կամ բիզնես ներկայացուցիչները պետք է իրենց հաշվից վճարեն, այլ պետությունը պետք է վճարի, իսկ դա նույնն է, ինչ որ մենք պետք է վճարեինք»,- ասում է տնտեսագետը՝ հավելելով, որ շատ առանցքային հարցեր դեռեւս պարզաբանված չեն, կապված նաեւ սպասվող աուդիտի հետ: Օրինակ՝ հստակ չի ասվում, թե ինչ են ուզում պարզել աուդիտով:

«Դեռեւս մինչեւ վերջ հանրությանն էլ չի ներկայացվել, թե ինչ են ուզում անել: Այս պայմաններում կանխատեսել, թե քանի ամիս կտեւի, դա էլ է դժվար՝ 4, 5, 3, 2, թե՞ ավելի: Էլի անորոշություններ կան՝ ի՞նչ 4-5 հայտնի կազմակերպությունների մասին է խոսք գնում, դրանք որո՞նք են: Դա պետք է պարզաբանվի, եւ դրա համար ժամանակ է հարկավոր»:

Քաղաքագետ Արմեն Բադալյանը եւս մանիպուլյացիոն տարրեր է տեսնում կառավարության գործողություններում: Արդյունքում ստացվում է, որ վճարումը կատարվելու է պետական բյուջեի միջոցներով, անտրամաբանական է համարում ընդգծումը, որ արտաբյուջետային միջոցներից են սուբսիդավորելու:

«Բնական է, որ «Որոտանի» վաճառքի գումարը պետք է մտներ պետական բյուջե: Երկրի բյուջեն չունի այնքան եկամուտներ, որ կարողանան փոխհատուցել, բնականաբար, մանիպուլյացիոն գործընթաց են իրականացնում: Ի վերջո, պետական գույքը հանդիսանում է համաժողովրդական սեփականություն, երկրի սեփականությունը: Մանիպուլյացիա է, ուրիշ ոչ մի բան: Այդ գումարը պետք է գնար բյուջե եւ ծախսվեր, ասենք, սոցիալական խնդիրների լուծման կամ այլ ուղղություններով, եւ դրա փոխարեն գնում է ՀԷՑ-ի գումարի սուբսիդավորմանը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Բադալյանը:

Բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով «Որոտանի» վաճառքի գումարներով էլեկտրաէներգիայի թանկացումը սուբսիդավորելու որոշմանը, նշեց. «Դե իհարկե, Որոտանը ժողովրդի ունեցվածքն է: Այն մեզ համար մեծ նշանակություն ունեցող կառույց է: Բացի այն հանգամանքից, որ «Որոտանը» էլեկտրաէներգիա է արտադրում, մենք այնտեղից նաեւ տարեկան 165 մլն մ3 ջուր տեղափոխում ենք Արփա-Սեւան թունելը, որ Սեւանի մակարդակը բարձր լինի: Բայց ոմանք հանկարծ որոշում են մեկ էլ տեսար փոխել հողային ռեսուրսի նշանակությունը, ջրային ռեսուրսի նշանակությունը, դա իրենց կամքն ու քմահաճո՞ւյքն է կամ կամայական որոշումը: Այսինքն, ի՞նչ ենք զարմանում, ինչ ունենք-չունենք վաճառվել է: Դա մերն է, ո՞նց կարելի է այդպես ցիրուցան անել ամեն ինչ: Ստույգ տեղեկությունն էլ չեն հաղորդում մարդկանց՝ վաճառքի վերաբերյալ: Կամ ի՞նչ է նշանակում արտաբյուջետային միջոց, էդ ո՞վ որոշեց, որ արտաբյուջետային է»:

Անդրադառնալով սպասվող աուդիտին, քաղաքագետ Արմեն Բադալյանը նշեց, որ շատ հավանական է, որ աուդիտի արդյունքում պարզվի, որ ռուսաստանյան ընկերությունը օբյեկտիվ չի աշխատել, որպես բիզնես կառույց իրեն չի արդարացրել եւ աուդիտի արդյունքում կայացվի որոշում, որ ՀԷՑ-ը վաճառվելու է: «Ասենք Ռուսաստանում գործունեություն ծավալող խոշոր գործարարին, որի անունը մամուլում շրջանառվեց: Սա զուտ ենթադրություն է, որի առաջին նշանները կան, որ աուդիտն ունենալու է քաղաքական պատվեր, ՀԷՑ-ի սեփականաշնորհման հարցերն են դրվելու, կարող է խնդիրն ավելի խորը դրվի եւ ընդհանրապես էներգետիկ բնագավառում վերասեփականաշնորհման խնդիրներ առաջանան»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ