Փողոցային առևտուրն արգելելու մասին ոստիկանության գրությունները Գյումրիի քաղաքապետարանում ընթացք չեն ստանում | Region

Փողոցային առևտուրն արգելելու մասին ոստիկանության գրությունները Գյումրիի քաղաքապետարանում ընթացք չեն ստանում

Դեկտեմբեր 19,2023 18:16

Գյումրիում ավելի քան 30 տարի չի հաջողվում վերացնել փողոցային առևտուրը: Ժամանակ առ ժամանակ քաղաքապետարանն այն արգելելու փորձեր է անում, բայց խնդրին շարունակ հիմնարար լուծում չի տրվում: Արդեն 10 տարի փողոցային առևտրի կանոնակարգումը տեղական իշխանությունների լիազորությունների շրջանակում է: Արգելքները ժամանակ առ ժամանակ առևտրականների բողոքներն ու դժգոհություններն են հարուցում, իսկ երբ աղմուկը դադարում է, նորից նույն տեղում, քաղաքի շուկայամերձ հատվածներում սննդամթերքի վաճառքը շարունակվում է:

Վաղուց արդեն փողոցային առևտրի դեմ պայքարի հարցում անզոր է նաև քաղաքային ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրի բաժնի պետի տեղակալ Արթուր Դավթյանի հավաստմամբ, այս տարվա ընթացքում կառույցի կողմից 17 գրություն է ուղարկվել Գյումրիի քաղաքապետարան՝ փողոցային առևտուրն արգելելու  պահանջով, 52 առևտրականի նկատմամբ տույժեր են նշանակվել, ընդ որում նրանցից ոմանք արդեն մի քանի անգամ տուգանվել են, ընդհուպ մինչև 70.000 դրամ, բայց քաղաքապետարանում վարույթներին ընթացք չեն տրվել, փողոցային առևտուրը վերացնելու ուղղությամբ էլ որևէ տեղաշարժ չկա:

Ըստ Արթուր Դավթյանի, այդ գործընթացն իրականացնող միակ կառույցը քաղաքապետարանն է:

Խնդիրը թերևս սոցիալական ենթատեքստ ունի, այս մասին բազմիցս է խոսվել, բայց այն, որ փողոցային առևտուրը Գյումրիից չի վերանում, հետևանք է նաև այն բանի, որ առևտրի կազմակերպման համար վաճառողներին հարմարավետ տարածք չի հատկացվում: 2018 թվականից հետո փորձ արվեց վիճակը կարգավորել, քաղաքապետի նախկին տեղակալ,  ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն էր խնդրով զբաղվում, տարածք առանձնացվեց, որտեղ ծածկած շուկա էր կառուցվելու, բայց պաշտոնյան դարձավ ԱԺ պատգամավոր, Երևան տեղափոխվեց, խնդրին էլ լուծում չտրվեց:

Այս խնդրի վերաբերյալ հերթական քննարկմանը Դավիթ Առուշանյանը հրավիրվել էր, բայց չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ վատառողջ է: Քննարկմանը մասնակցել հրաժարվել էին նաև Գյումրիի քաղաքապետարանից, ներկայացուցիչ չկար նաև ավագանու 5 խմբակցություններից:

Փողոցային առևտրի խնդիրը Գյումրիի տեղական իշխանության տապալած 3 խոշոր ծրագրերից մեկն է, այս մասին նաև ավագանու ՔՊ խմբակցությունն օրեր առաջ հայտարարեց: Խոստացված ծածկած շուկան 2 տարում այդպես էլ չկառուցվեց:

Փողոցային առևտուրը կարգավորող միակ կառույցը հիմա Գյումրիի քաղաքապետարանն է, որի հետ համատեղ աշխատանքը, պարզվում է, ոստիկանության մոտ էլ չի ստացվում:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ տեսչական մարմինը փողոցային առևտրի հետ որևէ կապ չունի, քանի որ փողոցում վաճառվող սննդամթերքն ի սկզբանե համարվում է վտանգավոր, հատկապես եթե այն կենդանական ծագման է, ու այն փողոցում ընդհանրապես չպետք է լինի:

Կարինե Կազարովա

Նորություններ