Մ. Խոդորկովսկի. «Պուտինը կհաղթի ընտրություններում եւ կհեռանա» | Region

Մ. Խոդորկովսկի. «Պուտինը կհաղթի ընտրություններում եւ կհեռանա»

Հուլիս 24,2015 15:18

Sobesednik.ru-ն hրապարակել է ռուսաստանցի այլախոհ գործարար Միխայիլ Խոդորկովսկու հարցազրույցը Դմիտրի Բիկովի հետ՝ Վ. Պուտինի հետնորդի, Բ. Նեմցովի սպանության, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ապագայի մասին:

«Խոդորկովսկին այսօր, թվում է, պետք է ավելի զգույշ լինի, քան մեկ ու կես տարի առաջ: Եվ թերեւս ավելի զգույշ, քան կալանավայրում, քանի որ ազատությունը երբեմն ավելի վտանգավոր է լինում: Ես նաեւ ուրախ եմ հայտնելու ընթերցողներին՝ եւ նրանց, ովքեր դրանից կուրախանան, եւ նրանց, ովքեր կտխրեն, որ Խոդորկովսկին լավ տեսք ունի, շատ ավելի լավ, քան ազատ արձակվելուց հետո, եւ անգամ ավելի լավ, քան անցյալ տարի կիեւյան համաժողովի ժամանակ»,-որպես նախաբան գրում է հեղինակ Դմիտրի Բիկովը:

Հարցազրույցը՝ հատվածաբար.

– /Բիկով/ Նախ, բնականաբար, կխնդրեի մեկնաբանել Ձեր դեմ հարուցված քրեական նոր գործը՝ մարդասպանության մեղադրանքով:

-/Խոդորկովսկի/ Ես չգիտեմ՝ ինչպես դա մեկնաբանել: Այդ լոգիկան նորմալ մարդուն անհասանելի է: Միգուցե նրանք մտածում են փոխանակում կատարել: Նրանց պատկերացմամբ, միգուցե, դա ինչ-որ մեկնարկային շանտաժ է:

Դմիտրի Բիկով. «Միխայիլ Խոդորկովսկին Ռուսաստանում նկատել է նախահեղափոխական իրավիճակ եւ այդ մասին պատմել է ամերիկացի լրագրողին»:

– Իսկ որպես հետնորդ Ձեզ դեռ չե՞ն պատրաստում: Հնարավոր չէ՞ նման առաջարկը…

– Ինչքան ինձ հայտնի է, դիտարկվում են երկու հնարավոր հետնորդներ՝ Իվանովը եւ Պատրուշեւը: Իվանովը համընդհանուր ճանաչում ունի, իսկ Պատրուշեւն ընտրյալ չէ: Իսկ ո՞վ է ընտրյալ: Այնտեղ այդ բառը չգիտեն, եւ վստահ են, որ ցանկացածին կխեղդեն: Սակայն նաեւ հասկանում են, որ ցանկացած հետնորդ երկարաժամկետ է: «Հետնորդ» օպերացիան դիտարկվում է որպես ծայրահեղ իրավիճակ: Ենթադրվում է, որ Պուտինն ընտրությունների կգնա եւ կհաղթի, քանի որ ցանկացած այլ տարբերակ, նրանց պատկերացմամբ, «հղի է տրիբունալով»՝ կամ ռուսաստանյան, կամ միջազգային:

– Ձեր կարծիքով, ինչքանո՞վ կարելի է հավատալ ներկայիս վարկանիշներին:

– Ռուսաստանը գոյատեւում է երկարատեւ, 15-ամյա,16-ամյա փուլերով: Պուտինյան փուլը, իմ զգացողությամբ, ավարտվում է 2015թ.-ի վերջին: Փուլի ավարտը, իհարկե, չի նշանակում նրա անհապաղ հեռացումը: Դա կարտահայտվի նրանով, որ Պուտինին կդադարեն ներել, իսկ պահանջները կաճեն,կտարածվեն հեղեղի պես:

– Ձեր կարծիքով, Նավալնիին որտեղի՞ց այդքան հանդգնություն եւ խիզախություն. ո՞վ է կանգնած նրա թիկունքում:

– Որքան ես եմ հասկանում, Նավալնիի թիկունքում ոչ ոք չկա կանգնած, եւ հարկ չկա մտածել, որ յուրաքանչյուր ինքնավստահ մարդու թիկունքում հատուկ ծառայություններից պարտադիր ինչ-որ մի անձնական կուրատոր կա կանգնած: Նավալնին իսկապես անվախ է թվում: Միգուցե այն պատճառով, որ նրան դեռեւս ինչպես հարկն է չեն վախեցրել: Ճնշել են, իհարկե, բայց նրան չեն կանգնեցրել այնպիսի ընտրության առաջ, ինչից հետո արդեն պետք է գնալ մինչեւ վերջ՝ այն գիտակցումով, որ հնարավոր է իրեն սպանեն: Իսկ մենք 90-ականներին նման փորձ ունեինք:

– Ի՞նչ կարող է դա լինել:

– Կարող է լինել… (երկար դադար` խմբ.): Իմիջիայլոց, ի՞նչ պիտի ես նրանց հուշեմ: Եթե ես լինեի Պուտինի փոխարեն եւ ինձ հետաքրքրեր Նավալնին, ապա … (կարճ դադար` խմբ.): Բայց Նավալնիով զբաղվում են Բաստրիկինը, Վոլոդինը- իսկ նման փորձարկումները նրանց մակարդակի չեն, նրանց հրահանգ է անհրաժեշտ:

– Դուք կռահու՞մ եք, թե ով է սպանել Նեմցովին:

– Ես գիտեմ:

– Ինչպե՞ս իմացաք:

– Դրանք մոտավորապես նույն այն մարդիկ են, ովքեր դրանից մեկ ամիս առաջ պետք է… (երկար դադար` խմբ.): Բայց այն ժամանակ նրանց մոտ չստացվեց:

– Իսկ ի՞նչն էր բուն պատճառը:

– Տեսեք. ռուսական ուժային ուղղահայացը բաղկացած է 3 դաշինքներից: Բարձունքի գագաթը՝ որտեղ կորցրել են ադեկվատությունը եւ ընդունում են հանկարծակի, ոչ մոտիվացված որոշումներ, որոնց պատճառների մասին մեզ ոչինչ հայտնի չէ: Կա Չեչնիան, Կադիրովի դաշինքը: Եվ կան մնացած ուժայինները: Ես չեմ բացառում, որ Նեմցովի չեզոքացման որոշումն ընդունել են ինչ-որ ուժայիններ, ովքեր «հուշել են» կադիրովցիներին՝ ակնարկով, որ նրանցից դժգոհ են, քանի որ շատ բան են իրենց թույլ տալիս, իսկ այս դեպքում նրանց արածն առաջին դեմքին դուր կգա:

– Բայց առաջին դեմքին դուր չեկավ:

– Ինչքան ես գիտեմ, դուր չեկավ ընդհանրապես:

Միխայիլ Խոդորկովսկի. «Պուտինից հետո Ռուսաստանի վիճակն ավելի վատ կլինի, քան նրա օրոք էր»:

– Դուք հավանական համարու՞մ եք, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը նորմալ հարաբերություններ կունենան:

– Կլինի: Ամեն ինչ կվերաճի, հենց այնպես, ինչպես այսօր վերաճում են տարաձայնությունները հանրության ներսում: Դրանք արհեստական են, կուլտիվացված, ոչ մի քաղաքացիական պատերազմ էլ իրականում չկա: Կարծում եմ՝ եթե այդ հակամարտություններն արհեստականորեն չբորբոքեն, 3 տարի հետո ոչ ոք չի հիշի այդ անհաշտությունը:

-Այսօր գլխավոր սարսափը Ռուսաստանի տարածքային փլուզումն է: Բայց ոչ մի նախանշան չկա:

– Կարող եմ մի բան ասել: Ինչքան շատ մնա Պուտինն իշխանության բարձունքում, այնքան ավելի մեծ է այդ փլուզման հնարավորությունը, քանի որ բոլոր խնդիրներն առաջ են գալիս եւ ոչ մեկը չի լուծվում:

Կարծում եմ ամենամեծ վտանգը — դա ՌԴ տարածքներից… (կարճ դադար` խմբ.): Բայց գիտեք, թե ինչն է ինձ թվում լավատեսական: Ես, ի դեպ, երբեք չեմ եղել Կովկասի, Չեչնիայի առանձնացման կողմնակից, քանի որ Չեչնիայում` ոչ թե վերնախավում, այլ մասսաներում, բնակչության շրջանում, կյանքը շատ խորհրդային է: Այնտեղ ապրում են մեր մարդիկ, եւ մենք իրավունք չունենք նրանց վաճառել միջնադարյան ֆեոդալին: Եթե ինչ-որ ամրակներով Ռուսաստանը դեռ դիմանում է, ապա միայն խորհրդային` այն ժամանակվա կյանքի ընդհանուր փորձի շնորհիվ:

– Ի՞նչ եք կարծում, նավթը շուտով կդադարի՞ Ռուսաստանի միակ հարստությունը լինել:

– Դա արդեն իսկ այդպես է: Այնուամենայնիվ, դուք լավ չեք կարդում իմ հոդվածները, թեեւ ես, իհարկե, ձեզանից վատ եմ գրում: Նավթի տոկոսն ընդհանուր ռուսաստանյան բյուջեում 20 տոկոսից ոչ ավելի է:

– Ձեր կարծիքով, ո՞րն է առաջիկա հնգամյակի գլխավոր խոսքը:

– Միանշանակ` «Մշակութային հեղափոխություն»:

Աղբյուր՝ sobesednik.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Նորություններ