«Իրանական լրտեսները» և Ալիևի վախերը. հավատացյալների նոր ձերբակալություններ Ադրբեջանում | Region

«Իրանական լրտեսները» և Ալիևի վախերը. հավատացյալների նոր ձերբակալություններ Ադրբեջանում

Փետրվար 29,2024 14:45

– «Մուսուլմանական միասնություն շարժման» ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները:

– «Գյանջայի գործը» և Մինգեչաուրի ՋԷԿ-ի պայթյունը:

– ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանին ներառել է կրոնական ազատությունը խախտող պետությունների ցանկում:        

 

Ալիևյան ռեժիմը բնութագրվում է կոռուպցիայով, նաև լրագրողների, ակտիվիստների, ընդդիմության ներկայացուցիչների ու հավատացյալների նկատմամբ բիրտ բռնաճնշումներով: Չնայած երկրի Սահմանադրությամբ երաշխավորված է դավանանքի ազատությունը, պետության կողմից շիա հավատացյալներն առավել շատ են ենթարկվում բռնաճնշումների: Ադրբեջանի մուսուլմանները ներկայացված են սունիներով և շիաներով։  Ադրբեջանում շիաները կազմում են հավատացյալ մահմեդականների ընդհանուր թվի 2/3-ը, իսկ հիմնական կրոնական ինստիտուտներն ու հեղինակությունները, որոնք այսօր առաջնորդում են Ադրբեջանի շիաներին, գտնվում են Իրանում: Ադրբեջանում կարծում են, որ շիա աստվածաբանները, հոգևորականները և այլ հավատացյալներ, որոնք խստորեն հետևում են իսլամի նորմերին, իրանամետ են: Ադրբեջանի և Իրանի շիա մուսուլմաններին կապում է կրոնական ընդհանրությունը, քանի որ այդ երկրների բնակչության մեծամասնությունը նույն մազհաբի (ուսմունք) հետևորդներ են:

 

Ինչպես հայտնում է Meydan TV-ին, վերջին 10 օրվա ընթացքում երկրում կրոնական հողի վրա ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել: Հավատացյալների ձերբակալությունները շարունակվում են Բաքվում, Գյանջայում, Բիլյասուվարում, Նեֆթչալայում, Աստարայում, Մասալայում և Ադրբեջանի այլ շրջաններում: Իրավապաշտպանների կարծիքով՝ թեև հայտնի են 10 ձերբակալվածների անուններ, նրանց ընդհանուր թիվը կարող է ավելի մեծ լինել: 

Ձերբակալվածների թվում են հոգևորականներ Ռովշան Շարիֆովը Լենքորանից, Սակիթ Մամեդովը, Ռամին Բաբաևը Նեֆթչալայից, Նասրեդդին Նասիրովը Գյոյչայից, Ջեյհուն Սայադովը Գյանջայից, Էյվազ Բախշիևը Աստարայից և այլն: «Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր պահելու համար, թեև նրանց մեջ կան մարդիկ, որոնք նույնիսկ չեն ծխում: Բախտիյար Մամեդովի կինը քաղցկեղով հիվանդ է։  Այս ընտանիքի համար առանց այդ էլ շատ դժվար էր։  Նրանց թմրանյութեր պահելու մեջ մեղադրելը դաժան է»,- Meydan TV-ին պատմել են ձերբակալվածներից մեկի հարազատները։ Վերջերս ձերբակալվել են «Մուսուլմանական միասնություն շարժման» ևս երեք անդամներ։  Այժմ բանտում են շարժման 67 անդամներ, այդ թվում՝ շարժման ղեկավար Թալեհ Բագիրզադեն:

Շարժման վերջերս ձերբակալված անդամներից մեկը Ամիլ Բիլալովն է։  Փետրվարի 22-ին անհետացած կրոնական ակտիվիստի ընտանիքը մի քանի օր չի կարողացել որևէ տեղեկություն ստանալ նրա գտնվելու վայրի և ձերբակալման պատճառի մասին:

2023 թվականի հունվարի 30-ին ձերբակալված կրոնական ակտիվիստ Ազադ Քերիմովը փետրվարի 27-ին դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման։ Քրեական գործում նշվում է, որ Քերիմովի մոտ հայտնաբերվել է 13,9 գրամ հերոին և կրոնական գրականություն: Վերջինս պնդում է, որ մեղադրանքը կեղծ է: Շարժմանն անդամակցելու և նախագահ Թալեհ Բագիրզադեի հետ բարեկամական հարաբերությունների պատճառով իրավապահ մարմինները նրան նախկինում ենթարկել են ճնշումների:

 

Ի դեպ, անցյալ տարի ադրբեջանցի իրավապաշտպանները հայտնել էին, որ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների սլաքը արեւմտամետ ակտիվիստներից տեղափոխվել է շարժման անդամների կողմը: 2023 թվականի առաջին ամիսներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալվել է մոտ 90 մարդ։  Նրանց ձերբակալություններն ուղեկցվել են «իրանական լրտեսական ցանցի բացահայտման քարոզչական արշավով», սակայն նրանց մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի վաճառքի համար:

Սա Ադրբեջանում հավատացյալների առաջին զանգվածային ձերբակալությունը չէ։  Նախկինում եղել են «Նարդարանի» և «Գյանջայի» աղմկոտ գործերը։

2015 թվականի նոյեմբերի 26-ին իրավապահ մարմինները գործողություն էին իրականացրել Բաքվի մերձակայքում գտնվող Նարդարան ավանում, որի բնակչությունը հիմնականում բաղկացած է հավատացյալներից:  Նարդարանի դեպքերով 18 և 12 հոգանոց երկու խումբ դատապարտվել են 12-15 տարվա ազատազրկման՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով: Եվս շուրջ հարյուր մարդ դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հասարակական կարգի խախտման մեղադրանքներով՝ 2-6 տարի ժամկետով: Բաքվի իրավապաշտպանները Նարդարանի դեպքերով ձերբակալվածներին քաղբանտարկյալներ են ճանաչել։

Երկրում իրավունքների և ազատությունների սարսափելի վիճակի մեկ այլ վկայություն է «Գյանջայի գործը», երբ տեղի էին ունեցել անմեղ մարդկանց զանգվածային ձերբակալություններ ՝ հակապետական ելույթների մեղադրանքով։ Այսպես, Գյանջայի իրադարձությունները սկսվել են 2018 թվականի հուլիսի 3-ին, երբ Մինգեչաուրի ՋԷԿ-ի պայթյունից հետո երկիրը մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, եւ դրանից անմիջապես հետո  մահափորձ էր կատարվել Գյանջայի գործադիր իշխանության   ղեկավար Էլմար Վելիեւի եւ ոստիկանության մեկ սերժանտի դեմ։ Մահափորձի կասկածանքով ձերբակալվել էր տեղի բնակիչ Յունիս Սաֆարովը։

Իրավապահ մարմինները պնդում էին, որ դա ահաբեկչական գործողություն է, և Սաֆարովի հիմնական նպատակն Ադրբեջանում իսլամական պետության ստեղծումն էր, որը պետք է կառավարվեր շարիաթի օրենքներով: Մեկ շաբաթ անց ՝ հուլիսի 10-ին, Գյանջայում անկարգություններ սկսվեցին։  Պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ այդ օրը 150-200 հոգուց բաղկացած արմատական կրոնական խմբավորումը փորձել է ակցիա իրականացնել: Այդ իրադարձությունները հետաքննող իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևը ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներով է անվանել։

Ադրբեջանում հավատացյալների վերջին զանգվածային ձերբակալությունները սկսվել են 2023 թվականի հունվարին՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո։  ՆԳՆ-ն հայտնել էր ավելի քան 45 «իրանական լրտեսների» ձերբակալության մասին, սակայն այդ գործողության մանրամասների մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակվել: Ձերբակալվածների հարազատների և փաստաբանների խոսքերից հայտնի է դարձել, որ նրանց մեղադրում են թմրանյութերի վաճառքի մեջ։  Փետրվարի 1-ին ՆԳՆ-ն կրկին տեղեկատվություն էր տարածել հատուկ գործողության անցկացման մասին, որի արդյունքում ձերբակալվել էր 39 մարդ, որոնք իբր կրոնական դրդապատճառներով դիվերսիոն գործունեություն էին իրականացնում:

Եթե նախկինում հավատացյալներին ձերբակալում էին ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրման շրջանում, այժմ Ադրբեջանում բռնաճնշումներն իրականացվում են առանց առիթի: Սա, ամենայն հավանականությամբ, մեսիջ է, որ մարդիկ չդադարեն վախենալ, որպեսզի «կայունությունը» չխաթարվի։ Ավանդաբար իշխանամետ ԶԼՄ-ներում տեղեկատվական արշավ է ընթանում «իրանական գործակալների» բացահայտման վերաբերյալ, իսկ իրականում հավատացյալներին թմրանյութերի մեղադրանք է ներկայացվում։ Իրավապաշտպանները հայտնում են, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում երկրում ձերբակալվել է ավելի քան 500 հավատացյալ:

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին ԱՄՆ-ն Ադրբեջանին ներառել էր կրոնական ազատությունների դիտարկման ցանկում: 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ադրբեջանը Ալժիրի, Կենտրոնաֆրիկյան Հանրապետության, Կոմորյան կղզիների և Վիետնամի հետ միասին ընդգրկված է կրոնական ազատության հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում ՝ կրոնական ազատության լուրջ խախտումներին մասնակից լինելու համար:  «Կառավարությունները պետք է վերջ դնեն կրոնական փոքրամասնությունների համայնքների և նրանց սրբավայրերի վրա հարձակումներին, կարծիքի ազատ արտահայտման համար երկարատև բանտարկություններին, պետք է պատասխանատվություն կրեն բռնաճնշումների և կրոնական համայնքների նկատմամբ բռնության կոչերի համար»,-հայտարարել է Բլինքենը:

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն իր հայտարարության մեջ ողջունել է Ադրբեջանի ընդգրկումը դիտարկման ենթակա երկրների ցուցակում: Անցյալ ամիս USCIRF-ը հրապարակեց նոր զեկույց, որում ասվում էր, որ «Ադրբեջանի կառավարությունը շահագրգռված չէ մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի միջազգային պարտավորությունները խախտող օրենքների և քաղաքականության բարեփոխումներով»:

USCIRF-ի տվյալներով ՝ վերջին 3 տարվա ընթացքում Ադրբեջանի կառավարությունը երկու անգամ փոփոխություն է կատարել «կրոնի մասին» օրենքում ՝ նոր սահմանափակումներ մտցնելով կրոնական գործունեության տարբեր տեսակների նկատմամբ:

    Զաբելա Ավագյան

Նորություններ