Ադրբեջանի ու Թուրքիայի՝ փողի դիմաց քաղաքական ազդեցություն ստանալու փորձերը | Region

Ադրբեջանի ու Թուրքիայի՝ փողի դիմաց քաղաքական ազդեցություն ստանալու փորձերը

Մարտ 30,2024 20:50

– Նյու Յորքի քաղաքապետին կասկածում են Թուրքիայի հետ կոռուպցիայի մեջ.

– Ադամսի թուրք դոնորները և Ռանա Աբասովան

Ադրբեջանը Եվրոպայում հայտնի է իր խոշոր կոռուպցիոն սկանդալներով։ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները ԵՄ-ում Ադրբեջանի շահերի լոբբիստներին վճարել են կեղծ ընկերությունների միջոցով։  Ադրբեջանի ղեկավարությունը խոշոր գումարներ է լվացել և կաշառել ԵԽԽՎ եվրոպացի քաղաքական գործիչներին ու պատգամավորներին։

ԱՄՆ-ում ևս կոռուպցիոն սկանդալը չի հանդարտվում՝ կապված Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

4 ամիս առաջ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը կասկածվում էր թուրքական հյուպատոսության բացման ժամանակ կոռուպցիոն գործարքներ իրականացնելու մեջ: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հակակոռուպցիոն արշավ է սկսել Նյու Յորքի քաղաքապետի դեմ: ՀԴԲ-ն դատախազության հետ համատեղ խուզարկություն է իրականացրել Նյու Յորքի քաղաքապետ, դեմոկրատ Էրիկ Ադամսի մտերիմ ընկերոջ տանը, ով նվիրատվություններ էր հավաքում նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում: Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ ՀԴԲ-ի և դատախազների այցը Բրիաննա Սագսին կապված է Նյու Յորքի քաղաքապետի հնարավոր կոռուպցիոն կապերի հետ: Քննիչները կարծում են, որ Ադամսը կարող էր կապեր ունենալ թուրք պաշտոնյաների հետ, որոնք օգնել են նրան հաղթել քաղաքապետի ընտրություններում՝ ապահովելով ընտրարշավի անօրինական ֆինանսավորումը: Ինքը ՝ Ադամսը, ժամանակին բազմիցս պարծեցել է Թուրքիայի հետ իր ամուր կապերով և բազմիցս այցելել է այդ երկիր, այդ թվում ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Ադամսը ստեղծել է պաշտպանության հիմնադրամ, որպեսզի գումար հայթայթի դատական ծախսերը վճարելու համար, որոնք կապված են 2021 թվականին իր վերընտրության քարոզարշավի դաշնային հետաքննության հետ:

«Ադամսի վարչակազմի մի պաշտոնյա դրամահավաքի դաշնային հետաքննության ընթացքում, աշխատել է Միջազգային հարաբերությունների քաղաքային վարչությունում, նախքան նրան հանկարծակի աշխատանքից ազատելը»,- New York Post-ին ասել են մի քանի աղբյուրներ:

Այդ մարդը Ռանա Աբասովան է, ով եղել է քաղաքապետարանի արարողակարգային ծառայության ղեկավարը։ Ադրբեջանական ծագում ունեցող պաշտոնյան զբաղվել է քաղաքապետի միջոցառումների նախնական պլանավորմամբ և տեխնիկական ապահովմամբ: Նրա տարեկան աշխատավարձը 80,651 դոլար է: New York Post թերթին հայտնել են, որ նա սուտ ցուցմունք է տվել դաշնային քննիչներին։

Աբասովան նախկինում աշխատել է որպես համայնքի համակարգող և խորհրդատու, երբ Ադամսը Բրուքլինի շրջանի ղեկավար էր:

Նա նաև աշխատել է դեսպանատների և հյուպատոսությունների հետ՝ երկրների և Բրուքլինի շրջանային դատախազության միջև հարաբերություններ հաստատելու համար՝ օգնելու հաղթահարել լեզվական խոչընդոտները և մշակութային տարբերությունները: Նա նաև կազմակերպել է թուրքական ժառանգությանը նվիրված միջոցառումներ և աջակցել քույր քաղաքների համաձայնագրերին: Ընդ որում, Աբասովան աշխատել է One Brooklyn Funk ընկերությունում, երբ Ադամսը դեռ շրջանի ղեկավարն էր։

Աբասովան Ադամսի համար առնվազն երեք Թուրքիայի հետ կապված հանդիպումներ և միջոցառումներ է կազմակերպել՝ այդ թվում 2015 թվականին Բրուքլինում թուրքական ռեստորանի հանդիսավոր բացումը:

POLITICO-ն հայտնել է, որ որպես Բրուքլինի շրջանի ղեկավար, Ադամսը ութ տարվա ընթացքում մասնակցել է Թուրքիայի թեմայով գրեթե 80 միջոցառման, այդ թվում՝ 2015 թվականին դրոշի բարձրացումը, 2018 թվականի բարեգործական պարահանդեսը և 2020 թվականին Թուրքիայի հյուպատոսի հետ Zoom հանդիպումը: Ուսումնասիրելով Ադամսի հազարավոր հրապարակային ելույթներն ու սոցիալական ցանցերում բազմաթիվ գրառումները ՝ POLITICO-ն պարզել է, որ Թուրքիայի հետ նրա անսովոր սերտ հարաբերությունները գրավել են դաշնային քննիչների ուշադրությունը:

Բրուքլինում Ադամսի ժամանակացույցի վերլուծությունը, որն իրականացրել է POLITICO-ն, գտել է երեք հիշատակում թուրքական ավիաընկերությունների մասին: Ադամսը պնդել է, որ Դանիել Նիգրոն, այն ժամանակ Նյու Յորքի հրշեջ ծառայության հանձնակատարը, թույլ տա բարձրահարկ թուրքական հյուպատոսության շենքը բացել նախագահ Էրդողանի այցի համար՝ չնայած անվտանգության հետ կապված մտահոգություններին: Նիգրոն ստացել է հայցադիմում և զրուցել ՀԴԲ գործակալների հետ:

Անցյալ տարի, Ադամսի քաղաքապետ դառնալուց հետո, նա վիրտուալ ելույթ ունեցավ Ստամբուլում կայացած անշարժ գույքի համաժողովում, որին ներկա էին քաղաքի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ: Քաղաքապետի մասնակցությունը, սակայն, ներառված չէր հասարակական գործերի ամենօրյա ժամանակացույցում և չէր հաղորդվում:

Քաղաքապետի ընտրարշավից բացի, ՀԴԲ-ն խուզարկել տարբեր վայրեր կամ հարցաքննել տասնյակ անձանց՝ թուրքական աղբյուրներից նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների հետաքննության շրջանակներում:

Ըստ POLITICO-ի ստացած ֆինանսական հաշվետվությունների ՝ Ադամսը 2022 թվականին երկու ուղևորություն է կատարել Թուրքիա, որոնք ֆինանսավորվել են մի քանի կազմակերպությունների, այդ թվում՝ Թուրքիայի հյուպատոսության կողմից։

Ադամսը Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը հետաքրքրված է Ստամբուլում տուն գնելու հարցում: Նա նաև ասել է, որ այնքան գոհ է Turkish Airlines-ից, որ այդ ավիաընկերության օդանավերով թռչում է ոչ միայն Թուրքիա, այլև աշխարհի այլ վայրեր, օրինակ՝ Հնդկաստան:

«New York Post» և «Daily Mail» պարբերականների տվյալներով՝ Ռանա Աբասովան խաբել է դաշնային հարկային ծառայությանը։  Նյու Յորքի քաղաքապետարանում հաստատել են, որ արարողակարգի ղեկավար Աբասովան հեռացվել է պաշտոնից՝ կոռուպցիայի կասկածանքով՝ քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ ՀԴԲ-ի հետաքննության ընթացքում:

Այս ամբողջ պատմությունը «Մոխրոտիկի» մասին հեքիաթ կթվար, եթե Ադրբեջանա-ամերիկյան ընկերակցությունը ստեղծված չլիներ Ադրբեջանի   տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովի որդու՝ Անար Մամեդովի կողմից, ով հայտնի է նաև շինարարական ընկերության հետ իր կապերով, որի բաժնետերը Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփն է:

Հավանաբար, «ադրբեջանական Մոխրոտիկի» կարիերայի թռիչքը կապված է ԱՄՆ-ում Անար Մամեդովի կոռումպացված գործունեության հետ։  Նշենք, որ տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատանը նրա որդու կազմակերպած սկանդալային ընդունելությունից հետո: Եվ վերջում նշենք, որ այսօր զգալի լարվածություն կա ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում։  ԱՄՆ պետքարտուղարությունից հայտարարել են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնը չեն լինի, և դա տեղի է ունեցել առաջին անգամ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների պատմության մեջ:

  Զաբելա Ավագյան

Նորություններ