Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում հաղթում է ընդդիմությունը | Region

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում հաղթում է ընդդիմությունը

Ապրիլ 03,2024 16:45

– Էրդողանի կուսակցությունը պարտվել է Թուրքիայի խոշոր քաղաքներում։

– Ինչո՞ւ են Էրդողանի համար կարևոր ընտրությունների արդյունքները։

– Ադրբեջանում նախանձում են Թուրքիայի քաղաքային ընտրություններին։ 

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (մունիցիպալիտետների) ընտրություններ: Քաղաքացիները քվեարկել են 81 նահանգների, 973 շրջանների և 390 ավանների, այդ թվում՝ 30 խոշոր քաղաքների, ինչպես նաև 50.336 գյուղերի ու թաղամասերի ղեկավարների և ավագանու անդամների օգտին: Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հավաքել է ձայների հարաբերական մեծամասնությունը և հաղթել է քաղաքապետի ընտրություններում 30 մեգապոլիսներից 14-ում: Թուրքիայի նախագահ Էրդողանին աջակցող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) զբաղեցրել է երկրորդ տեղը և հաղթել է 12 խոշոր քաղաքներում անցկացված ընտրություններում: Երկրի խոշորագույն քաղաքներում կայացած ընտրությունների արդյունքում հաղթել են ընդդիմության ներկայացուցիչները: Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 10 տոկոսով առաջ է անցել Էրդողանի կուսակցության իր մրցակցից: Անկարայում հաղթանակ է տանում ընդդիմության թեկնածու Մանսուր Յավաշը, ով մոտավորապես նույնքան առաջ է անցել Էրդողանի մյուս դաշնակցից։  Իսկ Իզմիրում հաղթանակ է տարել ընդդիմադիր Ջամիլ Տուգայը, ով իշխող կուսակցության թեկնածուից առաջ է անցել մոտ 10 տոկոսով:

Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում ստանում է ձայների 37,35 տոկոսը, իսկ իշխող ԱԶԿ-ն՝ 35,75 տոկոսը: Էրդողանի կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ պարտվել է տեղական ընտրություններում Սա իշխող կուսակցության համար ամենավատ արդյունքն է 2002 թվականից ի վեր։  Էրդողանն արդեն ընդունել է պարտությունը՝ հայտարարելով, որ իր կուսակցությանը չի հաջողվել ստանալ ցանկալի արդյունքը:

Թուրքիայի խոշոր քաղաքներում ընտրությունները շատ կարևոր են։ Եթե ընդդիմությունը կարողանա հաղթել Իզմիրում, Անկարայում և Ստամբուլում, դա կնշանակի, որ կվերահսկի ոչ միայն Թուրքիայի խոշորագույն և ամենաակտիվ տնտեսական կենտրոնները, այլև կունենա երկրի բնակչության մեկ քառորդի՝ 82 միլիոն բնակչից ավելի քան 20 միլիոնի աջակցությունը: Ինչ վերաբերում է Իզմիրին, ապա այնտեղ է ապրում բնակչության ամենակրթված հատվածը. քաղաքն ավանդաբար համարվում է Թուրքիայի ինտելեկտուալ կենտրոնը: Անկարայում բնակվում է զինվորականների և պաշտոնյաների զգալի մասը, իսկ Ստամբուլում՝ գործարարները։ Ստամբուլում ապրում է Թուրքիայի բնակչության 1/5-րդը, և այնտեղ քաղաքապետ դարձած քաղաքական գործիչը միանգամից ազգային կարգավիճակ է ստանում. կառավարել Ստամբուլը՝ նշանակում է կառավարել երկիրը: Բացի այդ, Ստամբուլի և Թուրքիայի մյուս խոշոր քաղաքների քաղաքապետերը հնարավորություն ունեն ազդելու երկրի ներքին քաղաքականության վրա։

Ստամբուլում հաղթանակը նախագահ Էրդողանի համար հատկապես կարևոր էր, նույնիսկ խորհրդանշական։  Նախ՝ նա ծնունդով այդ քաղաքից է, երկրորդ՝ Էրդողանն ինքն է վարչապետ դարձել այդ քաղաքի քաղաքապետ ընտրվելուց հետո։  Երրորդ՝ այժմ Էրդողանի պաշտոնի համար պայքարում է հենց տեղի քաղաքապետը։

Ստամբուլի երկրորդ անընդմեջ ընտրություններում հաղթած Էքրեմ Իմամօղլուին անվանում են «Երկրորդ Էրդողան»: Նա բնավորությամբ շատ նման է Էրդողանին, նույնքան պրագմատիկ է։

Էրդողանն ու իր կուսակցությունը ձայներ են կորցրել առաջին հերթին Թուրքիայում տնտեսական ծանր իրավիճակի պատճառով։  Լիրան այս տարի թուլացել է 6 տոկոսով՝ 2023 թվականին գրեթե 37 տոկոսով արժեզրկումից հետո, ինչն էլ ավելի է հանգեցրել գնաճին։ Երկրորդ խնդիրը փախստականներն են, որոնց թիվը Թուրքիայում կազմում է մոտ 5 միլիոն մարդ։  Բացի այդ, նախագահի վարկանիշը կարող են իջեցնել նաև մի շարք այլ հարցեր, ինչպիսիք են քրդական խնդիրը և ընդդիմադիրների ձերբակալությունները: Էրդողանի պաշտոնավարման ժամկետին մնացել է շուրջ 4 տարի, և այդ ընթացքում կառավարությունը ստիպված կլինի մի շարք միջոցներ ձեռնարկել քաղաքացիների աջակցությունը վերականգնելու համար:

Ի դեպ, թեև ողջ աշխարհը խոսում է Էքրամ Իմամօղլուի հաղթանակի մասին, Ադրբեջանի հեռուստաալիքներն ու լրատվական կայքերը չեն լուսաբանում ընդդիմության հաղթանակն ընտրություններում։  Ադրբեջանի պաշտոնատար անձինք դեռևս որևէ հայտարարություն չեն արել ներկայիս ընտրությունների վերաբերյալ, չեն շնորհավորել Իմամօղլուին և նրա կուսակցությանը ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ըստ երևույթին, նրանք վախենում են Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններից, որոնք կարող են նշանակել Ալիևի ընտանեկան կառավարման և բռնապետական ռեժիմի ավարտ:

Ադրբեջանում այս տարի պետք է անցկացվեն տեղական ինքնակառավարման ընտրություններ: Հիմա շատերին է մտահոգում այն հարցը, թե ինչու Ադրբեջանում չեն անցկացվում մրցակցային տեղական ընտրություններ, ինչպես Թուրքիայում։ Դա պայմանավորված է երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացման պայմանների բացակայությամբ։ Ադրբեջանում մինչ այժմ անցկացված գրեթե բոլոր ընտրությունները միջազգային դիտորդական առաքելության կողմից ճանաչվել են ոչ ժողովրդավարական: Ադրբեջանում չկա այնպիսի մրցակցային նախընտրական մրցավազք, ինչպիսին Թուրքիայում է։

Ի դեպ, 2019 թվականին Ստամբուլում կայացած ավագանու ընտրությունների ժամանակ Իմամօղլուն հայտարարել էր, որ ծառայելու է տարբեր ազգերին։  Հաշվի առնելով, որ Ստամբուլում շատ հայեր և հրեաներ են ապրում, Իմամօղլուն դրական է վերաբերվում պոլսահայերին և ուշադրություն է դարձնում հայկական մշակույթին: Հարկ է նշել, որ ՏԻՄ ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն շնորհակալություն է հայտնել տեղի հայերին և այլ ժողովուրդներին՝ չհիշատակելով ադրբեջանցիներին: Բայց նա Թուրքիայում քաղաքականություն որոշող կուսակցություն է ներկայացնում, ու չի կարող դեմ գնալ կուսակցությանը և ասել, որ հայերին պետք է սիրել։  Իհարկե, հռետորաբանության մեղմացում կլինի, բայց հայկական հարցում արմատական փոփոխություններ ակնկալել չի կարելի։

Ինչ վերաբերում է մունիցիպալ ընտրություններից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, ապա դժվար թե ինչ-որ փոփոխություններ լինեն։  Էրդողանը և նրա կոալիցիան շարունակում են վերահսկել նախագահի վարչակազմն ու խորհրդարանը։  Տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով Անկարան արդեն ընդառաջել է ամերիկացիներին հակառուսական պատժամիջոցների հարցում։ Ինչպես արդեն հաղորդվել է, որոշ թուրքական բանկեր դադարել են վճարումներ ընդունել Ռուսաստանից, ռուս-թուրքական առևտրաշրջանառությունը փոքր-ինչ դանդաղել է։ Վերլուծաբանները կարծում են, որ այժմ Էրդողանը պարզապես ստիպված կլինի ամրապնդել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, որպեսզի ամբողջովին չկորցնի նրանց աջակցությունը, առանց որի նրա համար շատ դժվար կլինի մնալ իշխանության ղեկին:

Ընտրություններից հետո Էրդողանը նախատեսում է բանակցություններ վարել ինչպես Ջո Բայդենի, այնպես էլ Վլադիմիր Պուտինի հետ։  Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Թուրքիայի նախագահը պատրաստվում է մայիսի 9-ին այցելել Վաշինգտոն: Այս բանակցություններից մեծապես կախված կլինի ռուս-թուրքական հարաբերությունների ապագան։  Ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը Անկարայից ոչ մի անակնկալ չեն տեսնի։ Մերձավոր Արեւելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեն ազդի Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների վրա: «Ինչպես եղել է, այնպես էլ կմնա։ Թուրքիան իրավիճակային դաշնակից է։ Այսօր դաշնակից է, վաղը՝ թշնամի։ Եթե հնարավորություն կա մեր հաշվին փող աշխատելու, նա կաշխատի, այդ թվում՝ մեր անվտանգության հաշվին»,-ասել է քաղաքագետը։ Միաժամանակ Բաղդասարովը վստահ է, որ ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ չեն ազդում արտաքին քաղաքականության վրա։

Էրդողանին մինչ այժմ հաջողվել է հավասարակշռված քաղաքականություն պահպանել Արևմուտքի և Արևելքի հետ հարաբերություններում, հատկապես ուկրաինական հակամարտության հարցում։  Մերձավոր Արևելքում շատերն արդեն սպասում են քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողություններին Սիրիայում և Իրաքում: Չի բացառվում նաև, որ Թուրքիան ուժեղացնի իր հակաիսրայելական քաղաքականությունը մահմեդական երկրների մեծամասնության աջակցությամբ։ Ինչ վերաբերում է հայերին, ապա Էրդողանը Հայաստանը դիտարկում է որպես հարմար, համեմատաբար անպաշտպան զոհ, որի դեմ Թուրքիան և Ադրբեջանը ագրեսիվ մտադրություններ ունեն: Հավանական է, որ Թուրքիան կշարունակի ոչ միայն խրախուսել, այլև մասնակցել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիային, սակայն վերջին ընտրություններում թուրքական իշխանությունների պարտությունը կարող է զսպող գործոն հանդիսանալ այն առումով, որ Արևմուտքը կարող է կոչ անել Անկարային զերծ մնալ նման քայլերից:

              Զաբելա Ավագյան 

Նորություններ