Ինչու՞ է Գորիսում տուրիզմի ոլորտն անկում ապրում | Region

Ինչու՞ է Գորիսում տուրիզմի ոլորտն անկում ապրում

Հունիս 04,2024 21:00

«Լեռնեցի» արշավական ակումբի տնօրեն Միքայել Հակոբյանը ջանք ու եռանդ չի խնայում իր ներդրումը բերելու Սյունիքում տուրիզմի զարգացման գործընթացում։ Ամեն շաբաթ քայլարշավներ կազմակերպելուց զատ, Միքայելը բացահայտում է մեր երկրի Հարավային դարպասի անհայտ ու հայտնի գեղատեսիլ վայրերը, ուղղորդում զբոսաշրջիկներին մեկ այլ անկյունից բացահայտելու Սյունիքը։ Նա վստահ է, որ զբոսաշրջային հոսքը Սյունիքում կվերականգնվի ու կրկին ակտիվություն կլինի։

 

«Գիտե՞ք, ժամանակակից զբոսաշրջության խնդիրները հիմնված են քաղաքական և տնտեսական տատանումների վրա։
Մինչ  2020թ.-ի պատերազմն ավելի մեծ ակտիվություն կար։ Ինչքան սրացումներ են լինում, այնքան զբոսաշրջիկների թիվը նվազում է։ Հետո, մարդիկ Սյունիք գալիս են Խնձորեսկի ճոճվող կամուրջն ու «Տաթևեր» ճոպանուղին տեսնելու համար։ Իրենց թվում է, որ երկրորդ այցի կարիքը չկա,  բայց մենք ունենք շատ այլ գեղատեսիլ վայրեր»։

   
«Մինա» հյուրանոցի  տնօրեն Անահիտ Ալեքսանյանը տուրիզմի զարգացումը համեմատությամբ է ներկայացնում։
«Անցյալ տարիների  համեմատ, այս տարի  մեր հյուրանոցում զբոսաշրջիկներն ավելի քիչ են։ Օրինակ, Իտալիայից մարդ չկար, այս տարի արդեն կա, Գերմանիայից  նույնպես կա, սակայն ֆրանսիացիների այցերի թիվն ավելի է քչացել։ Սահմանամերձ լինելու պատճառով անգամ Հայաստանի ժողովուրդը չի գալիս Գորիս։ Ոմանք մտածում են, թե ճանապարհն ադրբեջանցիների մոտով է անցնում։ Դրան նպաստում են նաև դեսպանատները, որոնք հաճախ հայտարարություններ են տարածում և հորդորում չգալ Հայաստան»,-նշեց Ալեքսանյանը։

Բարձրացել են նաև հյուրանոցային ծառայությունների սակագները: Ըստ մասնագետի՝ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով,  համաշխարհային զարգացումններով։
«Ռուս-ուկրաինական ճգնաժամով ևս պայմանավորված գնաճ կա, դրան գումարած դոլարի ու եվրոյի արժեզրկումը դրամի նկատմամբ: Այս տարի Հայաստան ոչ այնքան մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել ՌԴ-ից»,-ավելացրեց Անահիտ Ալեքսանյանը։

Հարցին, թե տուրիզմի զարգացման համար ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել, հյուրանոցի տնօրենն արձագանքեց՝ առաջարկելով ավելի շատ ներկայանալի լինել սոցհարթակներում։

 

Ալբերտ Արոյան,  Հայկուշ Սարգսյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակիցներ)

Նորություններ