Երբ քաղաքացին չդիմացավ լռության աղմուկին… | Region

Երբ քաղաքացին չդիմացավ լռության աղմուկին…

Մարտ 16,2015 11:47

2015-ի հունվարի 12-ին Գյումրիի համեստ, ոչնչով աչքի չընկնող բնակարաններից մեկում տեղի ունեցավ հրեշավոր մի բան, զարհուրելի սպանդ… Մի ամբողջ ընտանիք՝ երեք սերունդ, րոպեների ընթացքում բնաջնջվեց… Հանցագործը չխնայեց անգամ փոքրիկներին: Ընտանիքի ամենակրտսեր փոքրիկը՝ 6 ամսական Սերյոժան, նաեւ ընտանիքի ամենաամուր ու համառ անդամն էր: Սվինի 7 հարված ստացած Սերյոժան մի քանի օր դիմացավ… ամբողջ հայության աղոթքներն ի զորու չեղան փրկել մաքառող փոքրիկին: Նա էլ միացավ իր հարազատներին, իր մայրիկին, ում գրկում էր եղել սպանության պահին:

Կասկածյալը ռուս զինծառայող էր՝ Վալերի Պերմյակով, ով դեպքի վայրում թողել էր հանցագործության գործիքը, հագուստը, նույնիսկ իր անունը:

Թերեւս միայն այն հանգամանքը, որ հանցագործության մեջ կասկածվողը ռուսական 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմած զինծառայող էր, կաշկանդեց հայ իրավապահներին իրենց գործողություններում:

Հայաստանյան պետական ապարատը լուռ էր, անգամ ցավակցությունների հարցում զգուշավոր եւ վախեցած: Ամենուր ճիշտ այնպիսի լռություն էր, ինչպիսին եկեղեցում, որտեղ կողք կողքի անմեղ զոհերի մարմիններն էին դրված: Այնտեղ միայն աղոթք էին մրմնջում հազարավոր քաղաքացիներ, խոնարհվում գիշերվա քնից չարթնացածների հիշատակին, խաղալիքներ ու կոնֆետներ բերում սպիտակ դագաղում ամփոփված գեղեցկուհուն…

Լռությունն առաջինը խախտեց քաղաքացին, ով այլեւս չկարողացավ դիմանալ լռության սպանող, կեղեքող աղմուկին, նա ստիպված էր փողոց դուրս գալ, պարտադրել՝ լսել իր ձայնը: Աշխարհին պարտադրեց լսել իրեն:

Նորություններ