«Ռուսաստանյան ԶԼՄ-ների գործողություններն անհեռատես են և վտանգավոր». Կ. Կալաչով | Region

«Ռուսաստանյան ԶԼՄ-ների գործողություններն անհեռատես են և վտանգավոր». Կ. Կալաչով

Հունիս 26,2015 15:42

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցերը հայտնվել են միջազգային՝ նաեւ ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Դաշնային լրատվամիջոցներից շատերն իրենց թղթակիցներին ուղարկել են Հայաստան՝ տեղում տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդուհանդերձ, լրագրողներին ոչ միշտ է հաջողվում ՌԴ հանրությանը հասցնել ցույցի ամբողջ էությունը, իսկ հայաստանյան իրադարձությունների և մայդանի միջև համեմատականներ անցկացնելը փորձագետների շրջանում առաջ է բերում լուրջ մտավախություններ:

Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար, քաղաքագետ Կոնստանտին Կալաչովը ԳԱԼԱ-ի մոսկովյան թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է տարանջատել քաղաքական գործընթացը սոցիալականից: Ըստ նրա` Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի հարցը չափազանց կարևոր է և ծայրաստիճան ցավալի: «Ակնհայտ է, որ բնակչության շրջանում կուտակվել են բազմաթիվ պահանջներ, Հայաստանի տնտեսությունն ապրում է ոչ լավագույն ժամանակները, բայց հայաստանյան ցույցերը կապված չեն հակառուսաստանյան տրամադրությունների և առավել ևս մայդանի հետ»:

«Այս ցույցերը որևէ ընդհանուր բան չունեն ուկրաինական մայդանի հետ, որն ի սկզբանե քաղաքական գործընթաց էր և Ուկրաինայի զարգացման ուղու ընտրության պայքարն էր: Այլ կերպ ասած, դա ընտրություն էր Արևելքի և Արևմուտքի միջև: Հայաստանն այս պարագայում Եվրասիական տնտեսական միության անդամ է, Ռուսաստանի հուսալի դաշնակիցը: Հայաստանյան գործընթացները բացառապես սոցիալական բնույթ են կրում», – հայտնեց քաղաքագետը ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում:

Կոնստանտին Կալաչովը մեկնաբանեց նաև ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկատվական քաղաքականությունը, որոնք ձգտում են ներկայացնել, թե իբր ցուցարարների գործողությունները ղեկավարվում են դրսից և տարածում են լուրեր այս ցույցերում ԱՄՆ-ի առանցքային դերակատարման մասին:

«Ռուսաստանյան լրատվամիջոցների գործողությունները անհեռատես են և վտանգավոր: Հայաստանյան հասարակության շրջանում առանց այն էլ կուտակվել են բազմաթիվ հարցեր` հասցեագրված իր իսկ դաշնակցին: Դրանք են`Ադրբեջան զենքի մատակարարումը, աֆրիկյան երկրներին բազմամիլիարդանոց պարտքերի ներումն այն ժամանակ, երբ Հայաստանի պարտքերը վերափոխվում են ռուսաստանյան ընկերությունների սեփականության: Բոլոր այս հարցերը ուշադրություն և լուծում են պահանջում», — նշեց Կալաչովը:

Այն հարցին, թե արդյո՞ք վերահսկվում է ռուսաստանյան ԶԼՄ-ների տեղեկատվական քաղաքականությունը որևէ ընդհանուր կենտրոնի կողմից, թե՞ դա յուրաքանչյուր լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունն է, քաղաքագետը պատասխանեց, որ եթե խոսքը պետական լրատվամիջոցների մասին է (ՎԳՏՐԿ, «Ռուսաստանն այսօր» -խմբ.), ապա միանշանակ պետությունը չի կարող զերծ մնալ այդ ԶԼՄ-ների տեղեկատվական քաղաքականությունից: «Ցույցերը արհեստականորեն քաղաքականացնելու և դրանց մայդանի բնույթ հաղորդելու փորձերը ոչ թե ԱՄՆ-ի, այլև ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից են իրականացվում, և դա լուրջ խնդրի կվերաճի ռուս-հայկական հարաբերություններում: Այս պարագայում Ռուսաստանի համար նպաստավոր կլիներ ռուսաստանյան լրատվամիջոցների հանգիստ և հավասարակշռված դիրքորոշումը, այլ ոչ թե չհիմնավորված համեմատականների անցկացումն Ուկրաինայի դեպքերի հետ»,-համոզված է Կալաչովը:

Բացի այդ, փորձագետի կարծիքով՝ իշխանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ ցանկացած բռնի գործողության իրականացման սատարումը վտանգում է Ռուսաստանի և Հայաստանի միջև հետագա հարաբերությունները: «Եթե ամեն հարցում մեղադրել ԱՄՆ-ին և խոսել Արևմուտքի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու ցանկության մասին, հարց կծագի` որտե՞ղ է Ռուսաստանը և ի՞նչ այն անում: ԱՄՆ-ն և արևմտյան երկրներն ակտիվ աշխատանք են տանում ոչ կառավարական սեկտորի հետ: Ներկայացրեք ձեր առաջարկը, աշխատանք տարեք հայաստանյան հասարակության հետ, ցուցաբերեք ձեր ուշադրությունը երկրում ընթացող իրադարձությունների և այն դժվարությունների հանդեպ, որոնք կապված են շրջափակման և վերջին տարիների ոչ այնքան արդյունավետ կառավարման հետ»:

Գոռ Ալեքսանյան

ք. Մոսկվա

Նորություններ