Չունենալով սեփականը՝ Ադրբեջանը յուրացնում է հարևան ժողովուրդների մշակութային արժեքները | Region

Չունենալով սեփականը՝ Ադրբեջանը յուրացնում է հարևան ժողովուրդների մշակութային արժեքները

Մարտ 25,2024 13:54

– Ադրբեջանը յուրացնում է հայ ժողովրդի պատմամշակութային և ոչ նյութական մշակութային ժառանգությունը.

– Վանդալիզմ և սպառնալիքներ Արցախի ժառանգության նկատմամբ.

– Ադրբեջանը յուրացնում է իրանական մշակույթը.

 

Մարտի 11-ին Իրանում նշում են պարսիկ ականավոր բանաստեղծ Նիզամի Գյանջևիի հիշատակի օրը:  Նիզամին, որի լրիվ անունը Նիզամ ադ-Դին Աբու Մուհամմադ Իլյաս իբն-Յուսուֆ իբն-Զաքի իբն-Մուայյադ է, միջնադարյան Արևելքի մեծագույն բանաստեղծներից մեկն է, ով հարստացրեց պարսկական պոեզիան՝ միավորելով Իրանի նախաիսլամական և մահմեդական մշակույթը: Նիզամի Գյանջևին ընդգրկված է պարսիկ մեծ բանաստեղծների պլեադայում՝ Ֆիրդուսիի, Սաադիի, Խայամի, Հաֆիզի հետ միասին:

Ըստ IRNA-ի, արդեն երրորդ տարին է, ինչ Իրանում մարտի 4-11-ը նշվում է Նիզամիի գիտական, մշակութային եւ գրական ժառանգության ազգային եւ միջազգային տոնակատարությանը նվիրված շաբաթը:

Թեհրանում բացվել է Նիզամի Գյանջևիի հուշարձանը, իսկ Թեհրանի Ազադի աշտարակի վրա ցուցադրվել են Նիզամիի բանաստեղծությունների լուսանկարները:

Երևանում իրանցի մեծ բանաստեղծի հիշատակի օրվան նվիրված գիտաժողով էր կազմակերպվել հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում: 

Պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը կարևորել է բանաստեղծի ժառանգության պատմական նշանակությունը: Նիզամին իր ստեղծագործություններից մեկում փառաբանում է Իրանին հետևյալ խոսքերով. «ամբողջ աշխարհը մարմինն է, իսկ Իրանը՝ սիրտը»: «Նիզամին, անկասկած, իրանական կայսերական աշխարհայացքի կրողն էր, ուղղակի ծիծաղելի է, երբ նրան վերագրում են այլ՝ թյուրքական ինքնություն»,-ընդգծել է Գառնիկ Ասատրյանը:

Մինչև անցյալ դարի 30-ական թվականները Նիզամիի էթնոմշակութային պատկանելությունը չէր վիճարկվում։ Տարիներ շարունակ Ադրբեջանը, առանց գիտական հիմնավորման, կեղծելով Նիզամի Գյանջավիի ինքնությունը, մի շարք պետությունների քաղաքային հրապարակներում արձաններ է կանգնեցնում բանաստեղծին՝ նրան ներկայացնելով որպես ադրբեջանցի: Բաքվի քաղաքական վերնախավը, Հայաստանի և Կովկասյան Ալբանիայի պատմական հողերում իր պետության ստեղծումից հետո (1918թ.), ամեն ինչ անում է բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգությունը յուրացնելու համար: Պետական կազմավորման անվանումը նրանք գողացել են հարևան Իրանից (Ատրպատականը Իրանի հյուսիս-արևմտյան նահանգն է, իսկ Արաքս գետը՝ նահանգի հյուսիսային սահմանը): Բայց միջինասիական տափաստանների քոչվոր ցեղերը, հայտնվելով իրանական Ատրպատականում, հետագայում տարածվեցին դեպի հյուսիս ՝ ճնշելով բնիկ ժողովուրդներին՝ հայերին, թալիշներին, լեզգիներին, ավարներին, թաթերին, ցախուրներին, տաբասարացիներին։ Օտար քոչվորները կանգ չառան, նրանք քայլ առ քայլ սկսեցին յուրացնել հազարամյակների ընթացքում այդ ժողովուրդների ստեղծած մշակութային ժառանգությունը։

Նման քաղաքականություն Բաքուն վարում է նաև հայ ժողովրդի նկատմամբ, որը, լինելով տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից մեկը, ունենալով սեփական քաղաքակրթությունը, համաշխարհային քաղաքակրթության մաս է կազմում: Ադրբեջանի կողմից վարվող պատմության կեղծման քաղաքականության առանցքային մասը հայկական մշակութային ժառանգության ալբանացման քաղաքականությունն է, որը ձևավորվել է դեռևս 1960-ական թվականներին: Եթե այն ժամանակ որպես ալբանական էին ներկայանում Արցախի մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ՝ Գանձասարը, Ամարասը, Հակոբավանքը, Ծիծեռնավանքը, ապա այժմ Ադրբեջանի քարոզչամեքենան որպես ալբանական ներկայացնում է ոչ միայն Արցախի ողջ տարածքում գտնվող բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձանները, այլև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, անգամ Վրաստանի տարածքում գտնվող հայկական մի շարք եկեղեցիներ, բնականաբար նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանները:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկվել են հայկական քոչարի պարը, հայկական դուդուկը, խաչքարերը, դրանց ստեղծման սիմվոլիկան և վարպետությունը, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» հայկական էպոսը:

Ադրբեջանը յուրացնում է ոչ միայն պատմամշակութային ժառանգությունը, այլև հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, հայկական գորգերը ներկայացնում է որպես «ադրբեջանական ազգային հարստություն»՝ անտեսելով պատմական վկայությունները: ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական պատվիրակությունը ձախողել է Ադրբեջանի և Թուրքիայի փորձերը՝ ապօրինաբար յուրացնելու հայկական լավաշ հացը և այն ներկայացնելու որպես իրենց «ուրույն մշակութային ժառանգության մաս»: Ոտնձգություններ են արվում նաեւ հայկական տոլմայի, փախլավայի և խաշի նկատմամբ։

Այսօր ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը սպառնում է պատմական արմատներից պոկվելու իրական վտանգ: Բաքուն ոչնչացնում է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող մշակութային և կրոնական հուշարձանների հայկական ինքնության հետքերը: Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի մշակութային ժառանգության յուրացմանը և պատմական հիշողությունից զրկմանը: Հայկական կողմը բազմիցս մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում եկեղեցիների և այլ պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերյալ:

Բազմիցս նշվել է, որ Ադրբեջանի կողմից պատմության կեղծարարությունն ու մշակութային ցեղասպանությունը հանդիսանում են Բաքվի կողմից մի քանի տասնամյակ շարունակ համակարգված իրականացվող հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մասը: Ինչպես Արցախի գրավյալ տարածքներում, այնպես էլ Ադրբեջանում հայկական ներկայության ցանկացած հետքի ոչնչացումը պատմության կեղծման, հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման և հայկական տեղանունների անվանափոխման միջոցով, ըստ էության, այլ մեթոդներով Ադրբեջանի ագրեսիայի շարունակությունն է: Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ոչ միայն Արցախի ժողովրդին իր իրավունքներից, այդ թվում ՝ մշակույթի իրավունքից զրկելու փորձ է, այլև մարտահրավեր է միջազգային հանրության համար:

 

  Զաբելա Ավագյան

Նորություններ