Իմամօղլուն, ինչպես Էրդողանն ու այլ թուրք գործիչներ, հակահայ դիրքորոշում ունեն. Բագրատ Էստուկյան | Region

Իմամօղլուն, ինչպես Էրդողանն ու այլ թուրք գործիչներ, հակահայ դիրքորոշում ունեն. Բագրատ Էստուկյան

Ապրիլ 10,2024 19:00

– Էրդողանի կուսակցության պարտության հիմնական պատճառները:

– Որն է իմամօղլուի և Էրդողանի տարբերությունը:

– Իմամօղլուի դիրքորոշումը հայերի նկատմամբ:    

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում առաջին անգամ Էրդողանի կուսակցությունը զիջել է ընդդիմությանը։ «Թուրքիայի ներքին քաղաքականության տեսանկյունից սա չափազանց կարևոր իրադարձություն է»: Այս մասին REGIONSTV-ին տված հարցազրույցում ասել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանը։ Նրա խոսքով՝ Էրդողանի կուսակցության պարտության հիմնական պատճառը երկրի ծանր տնտեսական վիճակն է, իսկ ծայրահեղ ծանր տնտեսական վիճակի է հասցրել երկիրը հենց Էրդողանի քաղաքականությունը: Երկրում աղքատության մակարդակը հսկայական տոկոս է կազմում, ինչը մեծապես նպաստել է Էրդողանի կուսակցության պարտությանը։

Էստուկյանի խոսքով՝ պարտության պատճառներից մեկը նաև երկրում իրավական անիշխանությունն է, որն ուղիղ համեմատական է քաղաքական լարվածության սրմանը: «Իսկ այդ հանգամանքների հանրագումարը Էրդողանի կուսակցությանը պարտության է մատնել հայրենի քաղաքում՝ Ստամբուլում։ Ավելին, Էրդողանի պարտությունը հավանական տարբերակ էր հենց նրա թիմի համար, քանի որ Էրդողանի վարկանիշն ավելի ու ավելի է ընկնում»։

Հարցին, թե ինչո՞վ է Իմամօղլուն տարբերվում Էրդողանից, Բագրատ Էստուկյանն արձագանքեց. «Բանն այն է, որ Իմամօղլուն ընկալվում է ոչ միայն որպես «երկրորդ Էրդողան»: Ամենայն հավանականությամբ, նա ընկալվում է որպես Էրդողանի թիվ մեկ մրցակից 2028 թվականին։ Քանի որ, ի տարբերություն Էրդողանի, Իմամօղլուն մեծ ժողովրդականություն է վայելում, և այդ պատճառով շատերը հավանական են համարում, որ 2028 թվականին Իմամօղլուն կդառնա Էրդողանի թիվ մեկ հակառակորդը, և շատ մեծ են շանսերը, որ հենց նա կստանձնի պաշտոնը, եթե առաջադրվի նախագահի պաշտոնում»։  Էստուկյանը հավելեց, որ չի կիսում տարածված կարծիքը, թե Իմամօղլուն արևմտամետ գաղափարներ կրող ֆիգուր է, պարզապես Իմամօղլուն, ի տարբերություն Էրդողանի, դեմոկրատ է, ինչով էլ գրավել է ժողովրդին, իսկ Էրդողանի կառավարությունը վերածվել է իսկական բռնապետության։

Խոսելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածության մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Հստակ լարվածության մասին խոսելը դժվար է, բայց ամեն պարագայում այո՛, կա որոշակի չերեւացող լարվածություն, որը Էրդողանը փորձում է հավասարակշռել։ Թուրքիան Արեւմուտքի հետ ռազմական դաշնակից է՝ իբրեւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Բայց շատ հաջող ռազմավարությամբ երկոխոսություն է պահում նաեւ Պուտինի իշխանության հետ։ Ուկրաինայի պատերազմի առաջին օրերին հայտարարեց, որ Թուրքիան Ուկրաինայի կողմն է, բայց դեմ չէ Ռուսաստանին։ Այդ իսկ պատճառով մանավանդ հացահատիկի առաքման խնդիրների պարագայում Թուրքիան կարեւոր դերակատարություն ունեցավ։ Էրդողանը շատ դիվանագիտական սկզբունքներ օգտագործեց, այդ իսկ պատճառով կարողացավ լեզու գտնել Պուտինի և ռազմական դաշնակիցների հետ։ Այսինքն, եվրոպական մյուս երկրների նման Թուրքիան չդարձավ հակառուսական կեցվածք որդեգրած երկիր, ինչը խոսում է Էրդողանի հաջող ռազմավարության մասին»:

Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա, Էստուկյանի խոսքով, ընդհանուր առմամբ հայ համայնքը չի կիսում Թուրքիայի վարած քաղաքականությունը, բայց որպես համայնք ընդհանուր դիրքորոշում չունի: «Հայ համայնքն իր դիրքորոշումը կարող է արտահայտել միայն ընտրությունների ժամանակ։ Իսկ այդ ժամանակ նրանք ընտրություն են կատարում իրենց համոզմունքներին համապատասխան, բայց հայերը որպես համայնք ընդհանուր դիրքորոշում չունեն։ Մենք ունենք և իշխանամետ, և ընդդիմադիր հայեր։ Կան ձախ ուժեր, որոնք ավելի դրական են վերաբերվում ոչ միայն հայերին, այլև երկրի մյուս փոքրամասնություններին»:

«Ի դեպ, Իմամօղլուն, ինչպես Էրդողանն ու այլ թուրք գործիչներ, հակահայ դիրքորոշում ունեն։  Իմամօղլուն հայերի և Հայկական հարցի վերաբերյալ դեռևս որևէ հայտարարություն չի արել, որը կտարբերվեր ներկայիս կառավարության հայտարարություններից: Պարզապես նա ավելի ժողովրդավար է, բայց երբ հարցը վերաբերում է Հայկական հարցին, ընդդիմությունն ու իշխանամետ ուժերը վերջին 30 տարիներին բացահայտ բացասական դիրքորոշում են ցուցաբերում: Դա Թուրքիայի պետական ռազմավարությունն է։  Նույնիսկ կառավարության հնարավոր փոփոխության դեպքում ես առանձնապես մեծ փոփոխություններ չեմ տեսնում այս կառավարության ռազմավարության մեջ»,-եզրափակեց «Ակոս»-ի խմբագիրը։

 

Զաբելա Ավագյան

Նորություններ